Այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մուհամեդ Ռասին խոսեց միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ Ժնեւում ստորագրված համաձայնագրի, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների մասին: Մուհամեդ Ռասին միջուկային ծրագրի վերաբերյալ ասաց, որ այն զարգացում է ապրում տեղի գիտնականների ջանքերով, ինչի արդյունքում, ըստ դեսպանի, որեւէ հնարավորություն չկա այդ ծրագիրը դադարեցնելու:
Մուհամեդ Ռասին նշեց, որ իրենք դեմ են միջուկային զենքի արտադրությանը` «Մենք դեմ ենք միջուկային զենքի կուտակմանը: Բացի այդ`միջուկային զենքը երբեք որեւէ երկրի համար անվտանգություն չի կարող ապահովել»:
Դեսպանը անդրադառնալով Ժնեւում «Վեցնյակ» երկրների հետ տեղի ունեցած բանակցություններին, ասաց, որ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնց հիմնական նպատակն էր վստահության ստեղծումը եւ Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման իրավունքի ճանաչումը:
Մուհամեդ Ռասին խոսելով Իրանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցած համաձայնության մասին, նշեց, որ Իրանը առաքում է գազ Հայաստան, որի դիմաց ստանում էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերվում է գազի գներին, դեսպանը նշեց, որ դեռեւս պարզ չէ, Իրանի գազն է ավելի թանկ, թե՞ Ռուսաստանինը. «Դեռ պետք է նստել, բանակցել, հասկանալու համար, ո՞ր երկրի գազն է ավելի թանկ: Չի բացառվում, որ մի քանի տարի անց Հայաստանի ենթակառուցվածքները ընձեռեն այն հնարավորությունը, որ մենք կարողանանք Հայաստանի միջով գազ տարանցել, որից օգուտ կունենա նաեւ Հայաստանը»,- հավելեց դեսպանը:
Կարդացեք նաև
Մուհամեդ Ռասին անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը, եւ դիտարկմանը՝ թե ինչ կարծիքի է այդ միության մասին, ասաց. «Դեռ ամբողջովին ներկայացված չէ, թե Մաքսային միությունն ինչ է իրենից ներկայացնում: Երբ կունենանք տեղեկություններ դրա մասին, ինչպես նաեւ դրա կանոնադրությունը`մենք կուսումնասիրենք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ