ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ներկայացավ մի թղթապանակով, որը պայմանական անվանեց «գազի թղթապանակ»: Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ ինքը սեփական հետաքննությունն է իրականացնելու ՀՀ իշխանությունների`«գազային խաղերի» վերաբերյալ:
Այսօր նա իր վեց ամսվա աշխատանքի արդյունքները ներկայացրեց լրագրողներին. «Վեց ամիս տառապել եմ, բայց ստացա այն, ինչ պետք էր: Ես ստացա նաև 2008 թվականին ստորագրված պայմանագիրը, ըստ որի՝ երեք անգամ պետք է թանկանար գազը, և իրականությունն այն է, որ հինգ անգամ գազը թանկացել է: Հինգ անգամ գազը թանկացել է, և ընդամենը մեկ անգամ է ժողովուրդը տեղյակ եղել թանկացման մասին»: Ապա, Արամ Մանուկյանն անցավ փաստերով ու ժամանակագրությամբ ապացուցել, որ դա եղել է «մաքուր քաղաքական խաղ», որը կապված է եղել վերջին երեք ընտրությունների հետ, և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել Ազգային ժողովից, հասարակությունից ու անգամ Հանրապետական կուսակցությունից:
Ըստ այդմ, 2008 թվականին, ընտրություններից մի քանի ամիս անց, պայմանագիր է կնքվել, ըստ որի հինգ տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազը՝ հասնելով մինչև 200 դոլարի 1000 խմ դիմաց: Նա ասաց նաեւ, որ պայմանագրում եղել է կետ, որը թույլ է տվել, որ բացի այս պայմանավորվածությունը, էլի կարելի է թանկացնել, որը կապված կարող էր լինել նվազագույն ջերմատվության հետ. «2010 թվականից մենք մուծում ենք 180 դոլար 1000 խմ-ի համար: 2011 թվականի մաքսային թվերով մենք պետք է մուծեինք 205, պառլամենտի ընտրություններից հետո՝ միանգամից 244 դոլար: Երկու ընտրություններից հետո էլ, և խորհրդարանական, և նախագահական, հաջորդել է գազի կտրուկ թանկացում: 2013 թվականի պրեզիդենտի ընտրությունների ժամանակ բացառում են որևէ թանկացում, որևէ գործարք, որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է թանկանար գազը: Մենք անցյալ տարի ունեինք ինֆորմացիա, որ 20 տոկոսը աճուրդի առարկա է, հարցրինք կառավարությանը՝ կա՞ էդպիսի բան, ասեցին՝ ոչ, չկա»: Պատգամավոր հիշեցրեց և էներգետիկայի նախարարի, և Սերժ Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ գազի գնի թանկացումը հերյուրանք ու բամբասանք էին համարում:
Արամ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, ստորագրվել է գազի գինը ապրիլին թանկացնելու մասին պայմանագիր, բայց քանի որ առջևում`«Տարոնի ընտրություններն էին»`Երևանի ավագանու ընտրությունները, գործարքը գաղտնի է պահվել: «Ավագանու ընտրություններից 14 օր հետո Տիգրան Սարգսյանը պաշտոնական փաստաթղթով մտնում է գների կոմիտե, փաստաթուղթն ինձ մոտ է, գները թանկացնելու համար, 270 դարձնելու համար:
Կարդացեք նաև
Գազի գինը թանկացված է ապրիլի մեկից, պայմանագիրն ստորագրվել է մարտի 29-ին, բայց քանի որ կային ավագանու ընտրություններ, պետք էր ձգել, որ Տիգրանը մտներ գինը թանկացնելու համար: Գինը թանկացրել են՝ հասցնելով 270 դոլար, բայց այս ամբողջ ընթացքում երբեք «ՀայՌուսգազարդը» չի մուծել այն գներով, ինչ գներով այս պայմանագրերն են, այս ստորագրություններն են: Անընդհատ մուծել է 180 դոլարի չափով, մնացածը անընդհատ պարտք է կուտակվել՝ փոխադարձ համաձայնությամբ:
Հայկական կողմի խնդրանքով է եղել, որ չավելանա գինը, որովհետև դա կարող էր սոցիալական բունտ առաջացնել: Վարչապետը, մասնավորապես վերջին գրությամբ, պաշտոնապես կառավարության որոշումով գրում է, որ 30 տոկոս տարբերությունը ինքը պետք է մուծի կառավարության միջոցներից: Չի մուծել, առաջացել է 300 մլն դոլարի պարտք»,- ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանը նշեց, որ 162 մլն դոլար նախորդ տարի է պարտք կուտակվել, իսկ այս տարվա երրորդ եռամսյակում՝ 100 մլն դոլար, հիմա, մոտավորապես 130 մլն դոլար. «Պարտքը մերոնք վճարել են միայն 20 տոկոսով՝ 155 մլն դոլարի փոխարեն: Ինչպե՞ս են մուծելու այս տարվա պարտքը 130 մլն դոլարը, ոչ մեկը չգիտի: Պայմանագրի մեջ կան կետեր, որ ամեն ամսվա գումարը ամենաուշը պետք է մուծվեր հաջորդ ամսվա վերջին, պլյուս հինգ օր: Եվ չեն մուծել, առաջացած գումարները, մասնավորապես վերջին ընտրություններից հետո, կազմում են ամիսը ամեն 1000 խմ-ի դիմաց 70 դոլար: Սրանք պաշտոնական թվեր են, և այսպես գումարները կուտակվել են: Ռուսական կողմն իրավունք ուներ այս պայմանագրի համաձայն և տուգանքներ ավելացնել, և անջատել գազը: Կա կետ, որով ասվում է, որ չմուծումների դեպքում ինքը պարտավորվում է գազ չմատակարարել հայկական կողմին: Մերոնք բնականաբար ասել են՝ մի անհանգստացեք, մենք ունենք սեփականություն, մենք ձեզ տալիք բաներ ունենք, կտանք: Մյուս զավեշտը, թե ինչքան են գնահատել գինը մեր տալիքի, ոչ թե գնահատել են ապրանքը, Հայաստանի սեփականությունը, այլ ասել են՝ եղբայր, քո պարտքն էսքան է, մենք գնահատում ենք քո պարտքը:
Ղումար խաղալու ժամանակ, եթե ժամացույցդ տաս, այն 50 ռուբլի է, քեզ ասում են՝ ես հինգ ռուբլի եմ գնահատում, և դու պարտավոր ես տալ այն գնով, ինչ գնով քեզ հաղթել են: Եվ Հայաստանն իր 250 մլն դոլարանոց արժեքը տվել է 155 մլն դոլարի փոխարեն, նվազագույնը 100 մլն դոլար պակաս: Արդյունքում՝ գազը չի կտրվել հենց այդ պայմանով, որովհետև ասել են՝ կտանք, ինչ ուզում եք, միայն գազը չկտրեք, միայն թե չբացահայտեք, որ թալանում ենք ժողովրդին, պարտքեր են կուտակում Հայաստանի սեփականության հաշվին»:
Պատգամավորը նաև նշեց, որ ՀՀ իշխանություններն այդ սեփականությունը տալու իրավունք չունեին, քանի որ դա ՓԲԸ է, իսկ նման դեպքերում այն պետք է ընդգրկված լիներ սեփականաշնորհման ցանկում, ապա պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից: Արամ Մանուկյանը զավեշտալի է համարում նաեւ այն, որ եթե «Հայռուսգազարդը» կուտակել է պարտք, ինչո՞ւ պետք է 20 տոկոսի սեփականատերը մուծի 100 տոկոսի պարտքը. «Բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունն այսպիսին է՝ ով որքան կապիտալ ներդրում արել է, այնքան մասով պետք է ռիսկերը, օգուտները, կորուստները բաժանվեն, բայց ոչ թե 20 տոկոսանոց մասնաբաժնի տերը` հայ ժողովուրդը, պետք է 100 տոկոսով վարձահատույց լինի ՓԲԸ-ի, մասնավոր կառույցի առաջացրած պարտքի համար: Արդյունքում սա նշանակում է, որ մենք ոչ թե 1000 խմ գազի համար վճարել ենք 189 դոլարով, այլ շատ ավելի թանկ, որովհետև մենք պարտքի փոխարեն տվել ենք մեր սեփականությունը, որն արժեցել է ոչ թե 155 մլն դոլար, այլ նվազագույնը 260 մլն դոլար»: Այս գործարքը պատգամավորը համեմատեց «ղումար խաղալու» հետ, որտեղ վճարում են ոչ թե ըստ ապրանքի արժեքի, այլ ըստ այն գնի, որը գնահատում է «կրած մարդը»:
Լրագրողները հետաքրքրվեցին`ինչպես կմեկնաբանի պատգամավորն այն փաստը, որ այսօր, մամուլի ասուլիսում, Իրանի դեսպանն ասել էր, որ ՀՀ իշխանությունների հետ երբեք գազի գնի վերաբերյալ բանակցություններ չեն եղել: Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ Հայաստանը Իրանից գազ չի գնում, ասել էր, որ իրանական գազն ավելի թանկ արժե`մոտ չորսհարյուր դոլար:Պատգամավորի պատասխանը եղավ. «Այնպես, ինչպես մեկնաբանեցի»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`ի՞նչ է պատրաստվում անել պատգամավորն իր բացահայտումների հետ: Նա ասաց, որ իրավական գործընթաց սկսելու մասին այս պահին չի մտածել. «Միգուցե: Չգիտեմ: Հետո ի՞նչ կանեմ`չեմ կարող ասել: Որոշեմ`դուք կտեղեկանաք»: Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին չե՞ք ուզում դատի տալ`հարցին էլ պատասխանեց. «Ուզում եմ քշել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ