Aravot.am-ը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանից մեկնաբանություն խնդրեց գրականագետ Դավիթ Գասպարյանի՝ այսօր «Տեսակետ» ակումբում հնչեցրած այն դիտարկման առիթով, թե իր «Գիրք մնացորդաց» ժողովածուի տպաքանակը կալանված է Չարենցի տուն-թանգարանում, որովհետեւ այդպես է կամեցել բանաստեղծի դուստրը, եւ ինքը չգիտի, թե որն է պատճառը:
Լիլիթ Հակոբյանը Aravot.am-ին այս առիթով հայտնեց. «Գիրքը կալանված չէ, Անահիտ Չարենցը պարզապես ի պահ է տվել իր տպաքանակը թանգարանին: Ընդ որում՝ նա ոչ թե դեմ էր ժողովածուում զետեղված որոշ գործերի ու էրոտիկ բանաստեղծությունների, այլ ուղղակի ասում էր, որ գրքում, մասնավորապես առաջաբանում, Չարենցի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք կա, անհարիր մեկնաբանություններ: Ինքը այդ պատճառով է վրդովվել: Անահիտ Չարենցը նաեւ դժգոհ էր, որ գրքում առկա են բազմաթիվ անճշտություններ: Չի կարելի նման դեմքերի մասին գիրք գրելիս կենցաղային խոսակցությունների գիրկն ընկնել: Գիրքը կալանված չէ, մասնագետները հիմա էլ կարող են մեզանից վերցնել, նստել թանգարանում, կարդալ եւ ուսումնասիրել: Անահիտ Չարենցն ասում է՝ թող առաջաբանը փոխվի, գիրքը վերադարձվի ժողովրդին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ