Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուրտ ձմռանը Արարատում սպասվում են թեժ ընտրություններ

Դեկտեմբեր 06,2013 14:12

Պայքարում են գառնեցիներն ու գինալարցիները

Արարատի մարզի Ջրահովիտ եւ Այնթապ համայնքներում դեկտեմբերի 8-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս 2 ընտրությունները նման են նրանով, որ 2 համայնքներում էլ ընտրապայքարի են դուրս եկել 2 թեկնածու՝ նախկին եւ գործող համայնքապետերը: Ջրահովիտում կպայքարեն նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանը եւ գործողը՝ Համլետ Ղազարյանը: Համայնքում անցկացված հարցումներից կարելի է ենթադրել, որ 2 թեկնածուներն էլ ունեն համակիրների մեծ բանակ: Այստեղ հետաքրքրականն այն է, որ մի թեկնածուին նախընտրող բնակիչները որեւէ բացասական կարծիք չէին հայտնում իրենց կողմից ոչ նախընտրելի թեկնածուի մասին: Շատերն անգամ ասում էին, որ որպես գյուղապետ երկուսն էլ լավ են աշխատել, ժողովրդական են եւ բնակիչների համար միշտ հասանելի: Պարզվեց, որ երկու գյուղապետերի միջեւ նախորդ ընտրությունը թեժ է եղել: Ըստ բնակիչների՝ այս անգամ էլ թեժ ընտրություններ են սպասվում: Այս գյուղի բնակիչները եկել եւ այստեղ հաստատվել են Գառնի եւ Գինալար գյուղերից: Մինչ օրս գյուղը բաժանված է երկու թիմի՝ գառնեցիների եւ գինալարցիների, եւ յուրաքանչյուրն իր ծագումնաբանական արմատներին հավատարիմ՝ ընտրում է կամ գառնեցի Վարդանին, կամ գինալարցի Համլետին: Չնայած երկու ճամբարների առկայությանը՝ Ջրահովիտում ատելության մթնոլորտ չկա:

Բոլորովին այլ է իրավիճակը Այնթապում: Ի զարմանս այնթապցիների՝ ընտրապայքարի դուրս եկավ համայնքը նախկինում մոտ 10 տարի ղեկավարած Լեւոն Թարվերդյանը: Վերջինս նախկին մարզպետի պահանջով դիմում էր գրել եւ ազատվել պաշտոնից, քանի որ բացահայտվել էին նրա կողմից թույլ տրված մի շարք ապօրինություններ, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել: Թարվերդյանի օրոք երկար տարիներ գյուղում ոչ մի առաջընթաց չի եղել, ինչպես փաստում էին գյուղացիները, թվում էր, թե այստեղ բոլոր ժամացույցները կանգ են առել, եւ ժամանակն առաջ չի գնում: Գյուղացիները պատմություններ են պատմում Թարվերդյանի՝ համայնքի բյուջեն ու սեփականությունը «ուտելու» մասին, վաճառել է համայնքում վաճառքի ենթակա ու ոչ ենթակա գրեթե ամեն ինչ: Նախկին գյուղապետը, ինչպես նրա համագյուղացիներն են ասում, համատեղության կարգով նաեւ «փոդրաչի» էր. մարդկանցից գումար էր վերցնում՝ տուն կամ այլ շինություն կառուցելու համար, գործը ուշացումով «գլխառադ» անում ու հանձնում: Որոշ ժամանակ անց, սակայն, նրա սարքած կառույցները սկսվում էին քանդվել՝ ջուրը լցնելով մարդկանց գումարները: Թարվերդյանի ղեկավարության վերջին տարիներին համապետական ընտրությունները Այնթապում անակնկալ ու խայտաբղետ արդյունքներ էին գրանցում, եւ դա կապվում էր այն բանի հետ, որ նա համագործակցում էր միաժամանակ քաղաքական տարբեր ուժերի հետ: Այդ ընտրություններից հետո նա միշտ հայտնվում էր «ռազբորկաների» կիզակետում:
Այնթապցիները Թարվերդյանի մասին խոսելիս շեշտում են նրա ամենադրական հատկանիշը եւ ասում, որ նա ժողովրդական ղեկավար էր, բնակիչների համար միշտ հասանելի: Մարդիկ անկաշկանդ մտնում էին նրա աշխատասենյակ եւ իրենց խնդիրները բարձրացնում: Թեկնածու Թարվերդյանը այս անգամ չունի նախընտրական շտաբ, բուկլետներ, չի հանդիպում ընտրողների հետ եւ դա մեկնաբանում է այն հանգամանքով, որ իրեն բոլորն էլ լավ են ճանաչում, եւ ներկայանալու խնդիր ինքը չունի:

Ի տարբերություն Լ. Թարվերդյանի՝ գործող գյուղապետ Կարեն Սարգսյանի օրոք գյուղում սկսեց կենդանության շունչ, առաջընթաց զգացվել, քանի որ կառուցվեց մանկապարտեզի շենքը, այժմ կառուցվում է մանկապարտեզի խաղահրապարակը: Գյուղում երկար տարիներ մանկապարտեզ չի եղել: Արդեն պատրաստ են մշակույթի տան նախագծային փաստաթղթերը: Սարգսյանի օրոք կապիտալ վերանորոգվել է նաեւ համայնքապետարանի շենքը: Բնակիչները, սակայն, Սարգսյանից մի հարցում դժգոհում են, թե՝ նա իրեն շատ «պաշտոնական» ու «գոռոզ» է պահում, միշտ զբաղված է եւ չի կարող ժամանակ տրամադրել մարդկանց դարդուցավը լսելուն: Մարդիկ չեն կարող անարգել մտնել գյուղապետի մոտ, քանի որ դա մի ողջ պաշտոնական արարողություն է, նախապես պետք է տեղեկացնել գործավարուհուն, ընդունարանն էլ տեսախցիկով է, եւ գյուղապետը միշտ չէ, որ ցանկություն է հայտնում բնակիչներին ընդունելու: Ի դեպ, պարոն Սարգսյանը ժամանակ չուներ նաեւ պատասխանելու «Առավոտի» հարցերին: Իր նախընտրական բուկլետում թեկնածու Սարգսյանը գրել է. «Գյուղապետարան դիմած յուրաքանչյուր բնակչի ցույց են տվել բարոյական եւ նյութական աջակցություն»: Սակայն իրականությունն այն է, որ երբ բնակիչը գալիս է տեղեկանք վերցնելու այն մասին, որ բնակվում է այս կամ այն հասցեում, ինչը իր իրավունքն է, նախ ստուգում են, թե նրա գրանցման վայրում աղբահանության կամ հողի հարկերի պարտքեր կա՞ն, թե՞ ոչ: Եթե կան, ապա բնակիչը տեղեկանքի երես չի տեսնի: Հարկ է նշել, որ դա դուրս է օրենքի բոլոր սահմաններից:

Այնթապը Արարատի մարզի ամենամեծ գյուղն է, ունի մոտ 12 հազար բնակիչ եւ մոտ 6000 ընտրող: Սա Հայաստանի այն բացառիկ գյուղերից է, որը ոչ թե դատարկվում է, այլ օր օրի համալրվում նոր բնակիչներով, քանի որ մայրաքաղաքին կպած համայնք է: Դրա համար էլ այն ղեկավարելու համար միշտ էլ կենաց ու մահու կռիվներ են տվել թեկնածուները:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
Արարատի մարզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031