Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակի է գալիս «baby boom»-ի ժամանակաշրջանի սերունդը

Դեկտեմբեր 06,2013 14:15

«Ինչու հիմա, ինչու այս պահին եւ հապաղել ինչու չի կարելի: Հապաղել չի կարելի, որովհետեւ առաջիկա 20 տարում կենսաթոշակի իրավունք են մեզ մոտ ձեռք բերում 1950-70-ական թվականներին ծնված անձինք: Այսինքն՝ կենսաթոշակի ձեռք բերման իրավունք է ունենալու մի սերունդ, որը ծնվել է, այսպես ասած, «baby boom»-ի ժամանակաշրջանում: Այդ տարիներին ծնելիությունը մեր երկրում եղել է բավականին բարձր, չմոռանանք նաեւ 1947-48 թվականներին Հայաստան ներգաղթածների սերնդին, որը ծնելիության աճի վրա բավականին լուրջ ազդակ թողեց, եւ ակնհայտ է, որ 20-30 տարի հետո կենսաթոշակային ներկայիս գործող համակարգի պայմաններում ֆինանսական կայունության խնդիրը լուրջ հիմնախնդիր էր դառնալու, այսինքն՝ խնդրից վերածվելու է հիմնախնդրի»,- «Առավոտի» հետ զրույցում մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունն այսպես է բացատրում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Ըստ նրա՝ չբարեփոխելու դեպքում, նույնիսկ տնտեսական զարգացման ամենալավատեսական սցենարի պարագայում երկիրն ունենալու է ֆինանսական լուրջ խնդիրներ. «Կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը բավականին մանրամասն շարադրված է կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, եւ այդ որոշմամբ առանձնացված են այն գործոնները, որոնք պարտադրում են իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ: Այդ գործոնների շարքում նախեւառաջ պետք է առանձնացնենք ժողովրդագրական վիճակի զարգացման միտումները: Այնպիսի համակարգը, ինչպիսին գործում է Հայաստանում, շատ զգայուն է ժողովրդագրական վիճակի զարգացման միտումների նկատմամբ, իսկ այսօր մենք ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող միաստիճան բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է սերունդների համերաշխության սկզբունքով: Դա այն է, երբ այսօր ավելի երիտասարդ սերունդը կատարում է վճարումներ, եւ այդ վճարումներից գումար են ստանում մեր կենսաթոշակառուները կամ էլ ավելի տարեց սերունդը: Այսինքն՝ կենսաթոշակների վճարման ֆինանսական ամբողջ բեռն այսօր կրում է պետությունը:

Եթե փորձենք պատկերավոր ներկայացնել գործող կենսաթոշակային համակարգը, ապա պատկերացնենք, թե այն մի ընդհանուր կաթսա է, որտեղ բոլոր աշխատողները վճարումներ են կատարում, եւ այդտեղից բաշխվում է կենսաթոշակառուների կենսաթոշակը, ահա այս տրամաբանության մեջ ակնհայտ է, որ համակարգի արդյունավետությունը կախված է 2 ցուցանիշից՝ այդ կաթսայում որքան գումար է ներդրվում եւ այդ կաթսայից որքան գումար պետք է բաշխվի մեր կենսաթոշակառուներին: Եվ ահա սրանով է պայմանավորված, որ ժողովրդագրական վիճակի զարգացման միտումների նկատմամբ շատ զգայուն է ներկայիս համակարգը: Այս առումով մեզ մոտ իրավիճակը բարվոք չէ, խնդրահարույց է, եւ գնալով նվազում է այդ կաթսայում ներդրում կատարողների տեսակարար կշիռը, իսկ այդ կաթսայից վճարումներ ստացողների տեսակարար կշիռը գնալով ավելանում է»:
Պարոն Սաիյանի խոսքերով՝ այս խնդիրը միայն Հայաստանում չէ առկա, այլեւ ողջ քրիստոնյա աշխարհում. «Խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված՝ կենսաթոշակների ցածր մակարդակը:

Կապված կյանքի որակի բարելավման՝ առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացման, առողջապահական ծառայությունների զարգացման հետ՝ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, եւ մյուս կողմից սկսել է անկում ապրել ծնելիությունը: Եվ եթե երեսուն տարի առաջ 3 երեխան համարվում էր նորմալ, ապա այսօր նույնիսկ երկու երեխան մտածելու տեղիք է տալիս: Եվ ասեմ, որ սա կախված չէ սոցիալական վիճակից, ընդհակառակը՝ քիչ երեխա ունենում են սոցիալապես լավ վիճակում գտնվողները: Նույն խնդիրը ծառացած է այնպիսի երկրների առաջ, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան. ամբողջ աշխարհը ծնելիության անկման խնդիր ունի, եւ ահա այդ գործոնների ազդեցության ներքո ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ մարդիկ սկսում են երկար ապրել, մյուս կողմից՝ ծնելիությունն անկում է ապրում, եւ բնակչության մեջ գնալով նվազում է աշխատունակ բնակչության տեսակարար կշիռը, փոխարենն ավելանում է կենսաթոշակառուների կամ կենսաթոշակային տարիքի անձանց տեսակարար կշիռը կամ, կոպիտ ասած, տեղի է ունենում բնակչության ծերացում»: Մեր զրուցակցի տվյալներով, օրինակ՝ Հայաստանում վերջին տասը տարիներին կյանքի միջին տեւողությունն ավելացել է շուրջ մեկուկես տարով. «Եթե վերցնենք վերջին 20-30 տարիները, ապա այդ ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի: Օբյեկտիվորեն այդպես է, բժշկությունը զարգանում է, նախկինում եթե սրտի կաթվածը, օրինակ՝ 90 տոկոսով մահ էր առաջացնում, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է, մնացած դեպքերում սրտի ստենտավորում եւ այլ մեթոդներ են կիրառում, եւ մարդը շարունակում է ապրել:

Մյուս կողմից՝ դեղերն են զարգանում. այն հիվանդությունները, որոնք 10 տարի առաջ համարվում էին անբուժելի, հիմա բուժելի են եւ այլն, համենայնդեպս՝ կան դեղեր, որոնք այդ հիվանդությունների բացասական էֆեկտները ճնշում են, եւ մարդը սկսում է ավելի երկար ապրել, մյուս կողմից՝ անկում է ապրում ծնելիությունը»:

Ժողովրդագրական վիճակի զարգացման միտումներով էլ պայմանավորված՝ որոշում է կայացվել ձեռնամուխ լինել խնդրի հիմնարար լուծմանը եւ այնպիսի լուծմանը, որը կապահովի երկարաժամկետ լուծում: Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ տարբեր երկրներ այս մարտահրավերին դիմագրավում են տարբեր եղանակներով, ընդ որում, պարոն Սաիյանի խոսքերով՝ այնպես չէ, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխելու տարբերակները շատ են, որպեսզի մեր երկիրը լուրջ ընտրության հնարավորություն ունենար: Աշխարհում այս խնդիրը լուծելու ընդամենը մի քանի տարբերակ կա, որոնցից մեկը ինքնաֆինանսավորվող կուտակային համակարգն է, որն առաջարկում է հարցի հիմնարար լուծում: Հարկային բեռի անընդհատ ավելացումն ու կենսաթոշակային տարիքի բարձրացումը, որոնք նույնպես հարցի լուծման տարբերակներ են, պարոն Սաիյանի վստահեցմամբ՝ իրավիճակային լուծումներ են, եւ տասը տարի հետո նույն խնդիրը կրկին ծառանալու է մեր երկրի առաջ. «Ժողովրդագրական վիճակի զարգացումը կամ բնակչության ծերացումը մեկանգամյա գործընթաց չէ, այն շարունակական գործընթաց է, որն անընդհատ իր ազդեցությունը թողնում է: Իսկ հարկային բեռի ավելացումը, կենսաթոշակի տարիքի բարձրացումը մեկանգամյա գործընթաց են, եւ ակնհայտ է, որ ինքը ժամկետային խնդիր կլուծի»: Նրա խոսքերով՝ այդ պատճառով էլ որոշում է կայացվել մեր երկրում ներդնել բազմաստիճան կենսաթոշակային համակարգ՝ ներառյալ պարտադիր կուտակային բաղադրիչը:

Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանն անընդհատ բարեփոխել է իր կենսաթոշակային համակարգը, քանի որ խորհրդային ժամանակներից ժառանգածը բավականին շռայլ համակարգ է եղել, ինչը հետագայում մեծ բեռ է դարձել անկախ Հայաստանի համար: Մեր երկիրը մինչ օրս, ինչպես Սմբատ Սաիյանն է ասում, գնացել է բարեփոխումների իրավիճակային լուծման ճանապարհով՝ հարկային բեռի ավելացում, կենսաթոշակի տարիքի բարձրացում, լրացուցիչ սոցվճարի ներդրում. «Այժմ ժամանակն է, որպեսզի մենք խնդիրը հիմնարար լուծենք: Կենսաթոշակային այսպիսի բարեփոխումներն ամբողջ աշխարհում համարվում են ամենաբարդագույն բարեփոխումներից մեկը: Եվ շատ ավելի հեշտ կիներ այսօր ոչ թե գնալ այս ճանապարհով, նույնիսկ այս հակադրությունները հաշվի առնելով, այլ ամենահեշտ ճանապարհով. ասեինք՝ վիճակը սա է, եկեք մի տարով թոշակի տարիքը բարձրացնենք եւ առաջիկա մի տասը տարում խնդիրը կլուծենք, կամ պիտի հարկային բեռը բարձրացվի, եթե ոչ՝ ուրեմն թոշակներն այս մակարդակի վրա են մնալու: Բայց ո՛չ, մենք գնում ենք այն ճանապարհով, որը լինելով ամենաբարդը, ամենափշոտը, բայց միակն է, որն ապահովում է խնդրի հիմնարար լուծում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031