Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին

Դեկտեմբեր 06,2013 14:03

Արդարադատության նախարարի օգնականը  պատասխանել է նախագահի փոխարեն

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Մարգարյանը դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Դատապարտյալը նախագահին «ծանրաբեռնել» է իր խնդրանքով, քանի որ մինչ այդ դիմել էր արդարադատության նախարարին, իրավապաշտպան կառույցներին եւ չի ստացել պատասխան:

Դատապարտյալի նկատմամբ ապացուցված է համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ կետով եւ 266 հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը: Բացի երկարատեւ ազատազրկումից, նրա նկատմամբ կիրառվել է 30 տոկոսի չափով գույքի բռնագրավում եւ 70 հազար դրամի տուգանք:

«Ձերբակալության պահից սկսած՝ փորձել եմ հասնել օբյեկտիվ եւ արդարացի քննության: Բայց ապարդյուն:

Քանզի դրան հասնելու ճանապարհին հանդիպել եմ տարբեր կեղծիքների, հոգեբանական ճնշումների, իսկ դատարանում անօրինական գործողությունների հետ կապված բազմաթիվ միջնորդություններ եմ արել: Պահանջել եմ դատական նիստերի ձայնագրությունները պաշտոնապես, սակայն չեն տրամադրվել, պատճառաբանությամբ, թե կրիչները չեն պահպանվել՝ տեխնիկական պատճառներով: Ես խնդրում եմ վերահսկողություն, եւ իմ գործի վերանայում»,-գրել էր դատապարտյալը:

ՀՀ նախագահին գրված դատապարտյալի նամակին պատասխանել է… ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հ. Սարգսյանը:

Այս օգնականը գրել է. «Հայտնում ենք, որ բարձրացված հարցի լուծումը դուրս է ՀՀ արդարադատության իրավասությունից»: Ու ճիշտ է գրել, քանի որ իրեն չի հասցեագրված նամակը:

Ու իզուր է ինքը մեջ ընկել՝ բառի ուղիղ իմաստով: Նախագահին ուղղված նամակ է, ու դատապարտյալն իրավունք ունի նամակ գրել իր պետության թիվ մեկ դեմքին:
Դատապարտյալի նամակն արդարադատության նախարարի օգնականը չի էլ կարդացել:
Նա գրում է պատիժը վաղաժամկետ պայմանական կիրառելու մասին: Կներեք, պարոն օգնական, բայց դա ի՞նչ կապ ունի դատապարտյալի նամակի հետ:
Ինչո՞ւ եք հղում անում ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 1-ի մասին, դատապարտյալը չէ՞ որ այդ խնդիրը չի բարձրացրել:

Ինչո՞ւ եք խաբում ինքներդ ձեզ, ինչո՞ւ եք հղումներ անում մի բանի, որի մասին դատապարտյալը՝ ազատությունիզ զրկվածը, չի բարձրաձայնել:
Կամ՝ ի՞նչ անկախ մարմնի մասին է խոսքը. բացեք նամակը, կարդացեք, կա՞ անկախ բառն առհասարակ, կա՞ անկախ հանձնաժողով բառն առհասարակ:
Եթե պետք է պատասխան՝ պատասխանի համար, պատասխանեք ձեր վերադասին, բայց ոչ դատապարտյալին, որն անհավասար վիճակում գտնվելով՝ տեղյակ չէ ձեր ոչինչ չասող պատասխաններին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031