Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վերականգնվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ընդհանուր ձեռնարկներով հանդես գալու ավանդույթը, որը մի ժամանակ խզվել էր նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի օրոք: Պարոն Արաբյանը պատմեց նաեւ վերջերս ՌԴ-ում ու ԱՄՆ-ում կայացած իրենց համերգներից, որոնք պսակվել են հաջողությամբ:
Նշենք, որ Միացյալ Նահանգներում հանդես է եկել կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան): Կամերային նվագախումբը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է կոնսերվատորիական միջազգային շաբաթին, համերգներն էլ անցել են Արամ Խաչատրյանի հոբելյանի համատեքստում: Մի համերգը կայացել է Սմոլնու տաճարում, մյուսը կոնսերվատորիայի՝ Գլազունովի անվան դահլիճում: Բարեբախտաբար, գտնվել են աջակցողներ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Վաչե եւ Թամար Մանուկյանները, տեղի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, «Գրացիա» փառատոնի ղեկավար Նաիրա Ալեքսանյանը:
Արմեն Արաբյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում էլ պետք է անցկացվեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն ու այդ շրջանակներում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգներ, ինչի համար ինքը դեռեւս մեկ տարի առաջ գործուղվել էր Նահանգներ: Մեր զրուցակիցը համագործակցել է ամերիկյան փառատոնի տնօրինության հետ, որը ղեկավարում է կոմպոզիտոր եւ դաշնակահար Արմեն Տեր-Թադեւոսյանը:
Կամերայինի տնօրենը բարձրաձայնեց նաեւ «ամերիկյան» խնդիրների մասին: «Համերգները փայլուն անցան, բայց ես չեմ կարող չխոսել Լոս Անջելեսում ունեցած մեր խնդիրների մասին: Մենք դիմել էինք Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությանը, որպեսզի իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն հայ համայնքին, որովհետեւ նման միջոցառումներն առանց հովանավորչության անհնար է իրականացնել. դասական երաժշտությունը տոմսերի վաճառքով չի կարող ինչ-որ բան ապահովել: Հյուպատոսը (արդեն նախկին) առերես լավ ընդունեց, մինչդեռ մեզանից հետո հայտարարել էր, թե փառատոնը ինքը անելու է, ու իբր Լոս Անջելեսում հայտարարված է Խաչատրյանական տարի: Հայտարարել էր նաեւ, որ Լոս Անջելեսի հանրահայտ ֆիլհարմոնիկ նավագախումբը իր միջոցառումներից որոշ համերգներ նվիրելու է Արամ Խաչատրյանին, նման պայմանավորվածություն կա եւ նաեւ տեղի կամերային նվագախմբի հետ: Պարզվեց, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանը նման հայտարարություն չի արել: Նայեցինք ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի խաղացանկը մինչեւ 2014 թվականը: Ոչ միայն Խաչատրյանական, այլեւ որեւէ հայ կոմպոզիտորի համերգ կամ ստեղծագործություն դրված չէր: Մեղմ ասած՝ դա ավանտյուրա էր: Ընդ որում, բոլոր հնարավոր հովանավորները, որ պետք է աջակցեին մեր այս միջոցառմանը, ասացին, թե դրա համար վաղուց մեծ գումարներ են վճարել եւ հետ քաշվեցին: Մեկնաբանություններ չեմ անում: Կարեւորը՝ համերգները լավ անցան: Լոս Անջելեսում համերգը ղեկավարեց Վահան Մարտիրոսյանը, Ֆրեզնոյում՝ Ռոբերտ Մլքեյանը, իսկ Մարտիրոսյանը իբրեւ դաշնակահար հանդես եկավ: Ի դեպ, ուզում եմ շեշտել երկու մարդկանց անուն, որոնք հատուկ փորձեցին մեզ խանգարել: Մեկը իրանահայ միության նախագահ Թոմիկ Ալեքսանյանն էր: Նա մեծ քանակությամբ տոմսեր էր վերցրել, խոստացել իրացնել, վերջին երկու շաբաթների ընթացքում զանգերին չէր պատասխանում, հետո վերջին օրը վերադարձրեց բոլոր տոմսերը, ինչը որակում եմ սաբոտաժ: Մյուսն էլ բարեգործական միության պատասխանատուներից Հայկ Մսռլյանն էր, որը ռասայական տարանջատում էր դրել, թե դուք ձեր հայաստանցիներով կազմակերպեք՝ ինչ ուզում եք»:
Դառնալով Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությանը՝ Արմեն Արաբյանը փաստեց. «Հյուպատոսությունը, որ դրամահավաքներ էր արել, ընդամենը կազմակերպել էր մի փոքրիկ միջոցառում՝ հայտնի դահլիճներից մեկի նախասրահի մի անկյունում, երեք չորս երաժիշտներով եւ մի քանի հրավիրյալներով: Երեւի ուզում էին ցույց տալ, թե հավաքված գումարները ծախսել են»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱՄՆ-ում անցկացվող Ռախմանինովյան փառատոնին, որի կազմակերպիչը դարձյալ Արմեն Տեր-Թադեւոսյանն է, նաեւ Սանկ Պետերբուրգում անցկացվող «Սպիտակ գիշերներին»: Արմեն Արաբյանը տեղեկացրեց, որ երկուսից էլ հրավերներ ունեն, նաեւ նպատակ, որ բալետային խումբ ու սոլիստներ տանեն. «Պետք է ամեն ինչ անել՝ միջազգային ասպարեզ դուրս գալու համար, թե չէ փորձը ցույց է տալիս, որ երբ գործ ես ունենում հայկական կառույցների ու բարեգործականի հետ, ամեն ինչը պատնեշվում է: Ի վերջո գնում ենք ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, պետք չէ լացուկոծով դիմավորենք: Նման պարագայում աշխարհին լավ ներկայանալու գրավականը մշակույթն է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ