Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրկին թեժ բանավեճեր ու քննարկումներ են սպասվում

Դեկտեմբեր 06,2013 13:48

Եկող շաբաթվանից մարզական լրագրողները ՀՄԼՖ կներկայացնեն 2013 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների իրենց տարբերակները, որոնց արդյունքների ամփոփումից հետո հայտնի կդառնա նաեւ այս տարվա լավագույն մարզիկը:
Մինչեւ ցուցակի վերջնական տեսքի գալը դեռ բավականին ժամանակ կա, սակայն արդեն զգացվում է, որ նորից թեժ քննարկումներ ու բանավեճեր են սպասվում մարզիկի զբաղեցրած տեղի, տասնյակում տեղ գտնել-չգտնելու հարցում:

Մի բան հաստատ է. բոլորի ակնկալիքները բավարարել հնարավոր չէ: Միշտ գտնվելու են դժգոհողներ ու սա իրականություն է: Դժգոհողներին ինչ-որ տեղ հասկանալ կարելի է. մարզիկները, մարզիչները, ֆեդերացիաները ցանկանում են, որպեսզի տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը երեւա, գնահատվի: Ու յուրաքանչյուրի համար իր արածը ամենից ավելի է արժանի ուշադրության, գնահատումի: Եվ այդ էմոցիաների ազդեցության տակ շատերը չեն ընկալում, որ լրագրողներն էլ դա տեսնում են ու իրենցից ոչ պակաս ուրախանում ու գնահատում հաջողությունները:

Լավագույն տասնյակի ընտրության չափորոշիչներն ու կանոնները վաղուց են սահմանված ու լրագրողները առաջնորդվում են դրանցով: Հասկանալի է, որ ոմանք դուրս կմնան, իսկ տասնյակ մտածները, կախված իրենց տրված ձայներից ու տարբերակներում հատկացված տեղերից, ամփոփիչ ցուցակում տարբեր հորիզոնականներում կհայտնվեն: Այս պարագայում լրագրողների համար արդեն ոչ մի տարբերություն չկա, թե ով կլինի առաջինը, ով` տասներորդը: Բոլորն էլ մերն են: Այլ խնդիր է, թե որ լրագրողը նախապատվությունը որ մարզաձեւին է տալիս, ինչպես է վերաբերվում այս կամ այն մարզիկին: Դա անձնական նախասիրության հարց է` իր բոլոր դրսեւորումներով: Եվ որպեսզի անձնական կապվածությունն այս կամ այն մարզիկին ու մարզաձեւին չվնասի ըստ մարզական ցուցանիշների որոշելու լավագույնին ու տասնյակը, սահմանված է չափանիչների համակարգ, որով էլ առաջնորդվում է մարզական լրագրողների ֆեդերացիան: Կանոնակարգի 7-րդ կետում գրված է. «Ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաջորդաբար օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին, այնուհետեւ միջազգային պաշտոնական մյուս մրցաշարերի (ուսանողական խաղեր եւ այլն) մրցանակակիրներին եւ վերջում` մասսայականություն վայելող մարզաձեւերի ներկայացուցիչներին: Հաշվի են առնվում մեծահասակների պաշտոնական մրցումներում ձեռք բերված նվաճումները եւ հաջողությունները»: Ընդ որում, առաջնահերթությունն այն մարզաձեւերինն է, որոնք ՄՕԿ-ը ճանաչում է եւ ընդգրկել է օլիմպիական խաղերի ծրագիր, այնուհետեւ այն մարզաձեւերինը, որոնք ՄՕԿ-ը ճանաչում է, բայց օլիմպիական խաղերի ծրագիր չի ընդգրկել: Հասկանալի է նաեւ, որ նկատի են առնվում այն մարզիկներն ու թիմերը, որոնք հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ նվաճումները ձեռք են բերվում Հայաստանի համար:

Թվում է, թե ամեն բան պարզ է: Բայց, միեւնույն է, դժգոհություններն ու մեղադրանքները վերջ չունեն ու, հավանաբար, չեն էլ ունենա: Այս տարի խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` առաջարկելով լավագույն տասնյակը որոշելու իր չափորոշիչները, որոնք կազմվել էին նաեւ ֆեդերացիաների առաջարկություններով: Ըստ էության, այդտեղ ոչ մի նոր բան չկար, որը, ինչպես քննարկման ժամանակ նախարարությունն էր ասում, բանավեճերը օրակարգից հանելու փորձ էր: Սակայն նախարարության առաջարկն ընդունելու դեպքում քվեարկության գործոնն ըստ էության վերջին պլան էր մղվում եւ կարող էր դեր խաղալ միայն եզակի դեպքերում, եթե թեկնածու մարզիկների բոլոր ցուցանիշները հավասար լինեին: Սահմանվում էին պարտադիր միավորներ եւ գործակիցներ (տարվա առաջնային եւ «երկրորդական» մրցումներում զբաղեցրած տեղերի համար), որոնք մեխանիկորեն գումարվելու էին ու այդպես որոշվելու էր տասնյակի հերթականությունը: Առաջարկը մերժվեց: Սակայն եղավ փորձնական մեկ այլ առաջարկ. թեկնածու մարզիկների ցուցակն այս անգամ կազմելու է նախարարությունը եւ տրամադրելու է ՀՄԼՖ-ին: Մարզական լրագրողներն էլ կքվեարկեն` առաջնորդվելով այդ ցուցակով:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031