ԲՀԿ-ն գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար այժմ պատեհ պահ չէ, քանի որ սոցիալ-տնտեսական նման պայմաններում քաղաքացիների աշխատավարձից 5 տոկոս վերցնելն անարդարացի է և սխալ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այդ մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ, անկախ չորս խմբակցությունների և քաղաքացիների ընդվզումից, կառավարությունը չի հրաժարվի այդ օրենքի կիրառումից։
Անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ խմբակցությունը 2010-ին կողմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ գոյություն ունեն կոալիցիոն խաղի կանոններ, և ԲՀԿ-ն՝ ի դեմս իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ կողմ է կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին, բայց դեմ է պարտադիր բաղադրիչին։ «Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ առաջիկա տարիների տնտեսական աճը ավելի բարձր կլինի, աղքատությունը կնվազի, բայց կյանքը ցույց տվեց, որ տնտեսական աճը դանդաղեց և երկիրը հայտնվեց սոցիալական ծանր պայմաններում»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ