ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեց «ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի նպատակը համայնքային ծառայության ոլորտում կոնկրետ ծառայողական քննություն նշանակելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումը մերժելու ժամկետների հստակեցումն է: Մասնավորապես` հստակ նկարագրվում են համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար ներկայացված թերի փաստաթղթերը համալրելու, ինչպես նաեւ ծառայողական քննություն նշանակելու կամ դրա անցկացումը մերժելու ընթացակարգերը` ըստ կոնկրետ ժամկետների:
Փաստաթուղթը մշակվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետների եւ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից: Այն արդեն ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը:
Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 11 ամիսների կատարողականի ցուցանիշները: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 91 մլրդ 155,9 մլն դրամի դիմաց կազմել են 89 մլրդ 958,4 մլն դրամ (կատարողականը` 98,7%): 2012թ. 11 ամսվա համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 21,7 %-ով կամ 16 մլրդ դրամով:
Համայնքների սեփական եկամուտները`5 հարկատեսակների գծով (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) նախատեսված 20,8 մլրդ դրամի դիմաց կազմել են 20,2 մլրդ դրամ (կատարողականը` 97,2%): 2012թ. միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 12,8 %-ով կամ 2,3 մլրդ դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 91 %-ով, գույքահարկինը` 100,3 %-ով:Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 90,6 %:
Փոխվարչապետը ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին եւ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց ուսումնասիրել բյուջետավարման գործընթացներն այն մարզերում, որտեղ հավաքագրման առումով համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել: Նա նաեւ հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացները` ընդգծելով իրատեսական բյուջեների ձեւավորման կարեւորությունը:
Կոլեգիայի նիստի օրակարգային մյուս հարցը վերաբերում էր դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Գյումրիում ու Երեւանում տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Հայաստան: Ռուսաստան: Մաքսային միություն» խորագրով: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ՌԴ շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից յոթը` նահանգապետների գլխավորությամբ: Պատվիրակություններն այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները: Համաժողովի շրջանակում կազմակերպվել են Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ներուժը ներկայացնող ցուցահանդես, ինչպես նաեւ թեմատիկ կլոր սեղաններ, որոնք վերաբերել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության բոլոր ուղղություններին: Դեկտեմբերի 1-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Անդրադառնալով արդեն երրորդ տարին անցկացվող միջտարածաշրջանային համաժողովների հետագա ձեւաչափին` փոխվարչապետն արդյունավետ համարեց դրանք կազմակերպել տնտեսական համաժողովների ձեւաչափով, որոնք կունենան նաեւ միջտարածաշրջանային համագործակցության բաղադրիչ: Տարածքային կառավարման նախարարությունն առաջիկայում կմշակի համապատասխան առաջարկություններ եւ կներկայացնի կառավարությանը:
Ներկայացված հարցերը կոլեգիան ընդունեց ի գիտություն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին