Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Չարենցն առողջ տղամարդ էր, դրա համար ազատ է գրել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 12:58

Գրականագետ Դավիթ Գասպարյանը այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց իր ձեւակերպմամբ՝ Չարենցի գործերի դեմ ոտնձգություններից եւ իր «Գիրք մնացորդացի» ճակատագրից: Չարենցագետը նշեց, որ ամիսուկես ԱՄՆ-ում էր, առիթն էլ Չարենցի գիրքն էր. «Մարդիկ ինձ հրավիրել էին բացատրությունների՝ UCLA համալսարան, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոն եւ այլուր:

Հանդես եկա մեկնաբանություններով, թե ինչու են Հայաստանում գիրք կալանավորել, որ շուխուր-շախաթան էլ հասել է մինչեւ ԱՄՆ»:

Ըստ գրականագետի, շատերն իր գրքին դեմ են խոսում, հիմնականում այն չկարդալով:

Ինչ վերաբերվում է Չարենցի դուստրը Անահիտ Չարենցին, Դավիթ Գասպարյանի խոսքով. « Դժգոհություն կար, թե ինչու այս գրքում անունը բազմիցս հիշատակված չէ, էստեղից աղմուկ-աղաղակ, նամակ Հանրապետության նախագահին, մեկ էլ տեսա գիրքն անհետացավ: Ի դեպ, ամիսուկես առաջ ցանկացա պարզել՝ արդյոք ազգային գրադարանում պարտադիր օրինակները կայի՞ն, տեսա անգամ քարտարանում արտացոլված չէին»:

Չարենցագետը խոսելով Չարենցի շիտակ մարդ լինելու մասին, հիշեց. «1934 թվականին Չարենցը տպագրեց Թումանյանի երկերի ընտրանին՝ հիմք դնելով նրա գիտական ժառանգությանը, գրառումներ արեց, թե ավելի տհաճ անձնավորություն, քան Թումանյանի դուստր Նվարդը ես չեմ պատկերացնում, ասում է՝ այդ կինը ամեն գնով խանգարում էր իմ աշխատանքին: Հիմա մեր ասածն այն է, որ ժառանգը գնահատելի է, սուրբ մասունք է, բայց դեռեւս ծնողը չէ…Հիմա ինչ է նշանակում Չարենցի տանը Չարենցի գիրք փակել, Չարենցը աչքերը բացի, կասի՝ էս ինչ եք անում»:

Գրականագետը նեղսրտած է. «Այդ գիրքը պետպատվերով տպված գիրք է, իրավունք չունեն նստել վրան, որ կալանված տպաքանակը վաճառվեց, մի ջահել գրող էդ փողով գիրք կտպի: Ես չգիտեմ, «Գիրք մնացորդի» մեջ ինչը ում դուր չի եկել, որ հանեն, նոր տպագրեն»:

Դավիթ Գասպարյանի խոսքով «Անգամ դիվային ժամանակներում Չարենցը զրնգուն մաքուր բանաստեղդծություններ է գրել, կան նաեւ էրոտիկ բանաստեղծություններ, անգամ Արուս Ոսկանյանին նվիրված պոեմներից մեկում Չարենցն ասում է՝ Արուս պատռի դեն նետի, ով գիտի ում ձեռքը կընկնի, մեզ ինչի մեջ կմեղադրեն: Ախր Չարենցը նորմալ, առողջ տղամարդ էր, դրա համար շատ ազատ է գրել, ինքը պատրիոտ էր, հզոր, հայ եւ մեծ հայ:

Դավիթ Գասպարյանն ասաց, որ պետությունը պետք է շահագրգիռ լինի Գեւորգ Էմինի որդուց Չարենցի ձեռագրերը հետ վերցնելու, որպեսզի Չարենցի գրական ժառանգությունն ամբողջանա. «Մի ժամանակ աղմուկ եղավ, մի մասը վերցրին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  Տեսանյութը՝ շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031