Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան

Դեկտեմբեր 06,2013 12:25

Անցյալ դարի ութսունականների վերջին, երբ ԽՍՀՄ-ն ու Խորհրդային Հայաստանը դեռևս ձևականորեն պահպանվում էին ու դեռևս վերջնականապես չէին փլուզվել, Հայաստանում սկսեցին առաջանալ ու բազմանալ կուսակցությունները:

Նախ` Հայրիկյանն ու մյուս քաղբանտարկյալները խմբվեցին ԱԻՄ անվան շուրջ, այնուհետև, դեռ չստեղծված, ԱԻՄ-ը տրոհվեց, և Աշոտ Նավասարդյանի առաջնորդությամբ նախ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ստեղծվեց, այնուհետև` Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՀՔԴՄ)` Ազատ Արշակյանի առաջնորդությամբ, իսկ ԱԻՄ-ում մնացին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանն ու ուրիշներ: Եթե չեմ սխալվում, նոր Հայաստանում գրանցված առաջին կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն էր, որը, դեպքերի ու իրադարձությունների բերումով, այսօր իշխանության կուսակցությունն է:

Այսուհանդերձ, անկախացող Հայաստանի ամենաազդեցիկ միավորումը «Ղարաբաղ» կոմիտեն էր, առավել ընդգրկուն կազմով ու բնորոշմամբ` Հայոց համազգային շարժումը, որը վերածվեց նույնանուն կուսակցության: Այդ ժամանակ ՀՀՇ-ականներից ոմանք դեմ էին, որ Շարժումը վերածվի կուսակցության, բայց մեծամասնությունը հակառակ կարծիքի էր, և շատ շուտով ՀՀՇ-ն դարձավ անկախ Հայաստանի առաջին իշխանական կուսակցությունը:

Քանի որ նորանկախ Հայաստանի կուսակցությունները հիմնականում անվանվում էին արտասահմանյան կուսակցությունների նմանակությամբ ( Հանրապետական, ՔԴՄ և այլն), տրամաբանական կլիներ, որ ՀՀՇ-ն էլ, կուսակցություն դառնալով, Դեմոկրատական կուսակցություն ինքնանվանվեր, բայց «համազգային» կոչումն առավել պատվաբեր ու հավակնոտ էր, և ՀՀՇ-ն ՀՀՇ էլ մնաց: Փոխարենը` իր շուտափույթ ստեղծած կուսակցությունը դեմոկրատական անվանեց Արամ Գասպարի Սարգսյանը, որը Խորհրդային Հայաստանի Կոմկուսի ամենավերջին առաջին քարտուղարներից էր:

Նորանկախ Հայաստանում կուսակցաշինությունը շարունակվեց` Սփյուռքի մեր դասական կուսակցությունների անմիջական մասնակցությամբ, և չնայած Գերագույն խորհրդի կազմը հիմնականում ՀՀՇ-ի կամոք էր կազմավորվել, ընդամենը մի քանի ամիս անց և´ ՀՅԴ-ն, և´ ՀՌԱԿ-ը Գերագույն խորհրդում հնարավորինս ներկայացված էին:

Վարչապետ Վազգեն Մանուկյանի հրաժարականից անմիջապես հետո ՀՀՇ-ից տարանջատվեց ՀՀՇ-ի մանուկյանական թևը` ազդարարելով ԱԺՄ կուսակցության գոյությունը: Դրանից առաջ ՍԻՄ-ն արդեն ստեղծվել էր ու կար` ընդգծված ընդդիմադիր կեցվածքով: Այդ ընթացքում այլ կուսակցություններ էլ էին ստեղծվել, որոնց անուններն էս պահին չեմ հիշում` կամ վատ հիշողությանս պատճառով, կամ էլ` էդ կուսակցությունների անէական էության պատճառով, և չնայած էս պահի դրությամբ ընդամենն էսքանին հիշեցի, փաստ է, որ էդ պահի դրությամբ Հայաստանում կուսակցությունների թիվն ընդհուպ մոտեցել էր հարյուրին` Գեղամյանի « Ազգային միաբանությունն» ու Արթուր Բաղդասարյանի « Օրինաց երկիրը» չհաշված, որովհետև վերջիններս կուսակցաշինության երկրորդ փուլում ստեղծվեցին: Ստեղծվեցին նաև Բագրատյանի «Ազատությունն» ու Դավիթ Շահնազարյանի «21-րդ դարը»:

Կուսակցաշինության երկրորդ փուլի ամենավերջում ստեղծվեց նաև Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն, որը, թերևս , Հայաստանի կուսակցություններից միակն էր, որն ստեղծվեց ժողովրդի ու հասարակության պահանջով. ՀՀՇ-ի մասին նույնը չենք ասում, որովհետև ոչ թե ՀՀՇ կուսակցությունն էր ժողովրդի ու հասարակության պահանջով ստեղծվել, այլ` ՀՀՇ-ի հիմք հանդիսացած «Ղարաբաղ» կոմիտեն և բուն Հայոց համազգային շարժումը:

Այդ ընթացքում ստեղծվեցին այլ կուսակցություններ ևս (Սոցիալիստական, «Ազգային պետություն», «Ազգային առաջադիմություն», «Ցեղակրոն» և այլն), որոնց չհաջողվեց թափանցել խորհրդարան և ազդեցիկ դերակատարություն ստանձնել Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Իր գոյությունն էր շարունակում և հիմա էլ գոյություն ունի Հայկոմկուսը, որը սկզբնական շրջանում, ինչ-որ տեղ նաև նորանկախ Հայաստանի առաջին իշխանության հանդուրժողականության շնորհիվ, խորհրդարանական կուսակցություն էր: Հետագայում Հայկոմկուսը ևս տրոհվեց մի քանի մասերի և նկատելիորեն թուլացավ` հասնելով այսօրվա վիճակին:

Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի կուսակցությունները մի քանիսով էլ ավելացան` հիմնականում արհեստականորեն: Նախ ԱԺՄ-ի բեկորներն արհեստականորեն անջատվեցին ԱԺՄ-ից ( ԱԺԴ, ԱԺԿ և այլն), իսկ Արամ Զավենի Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց « Հանրապետություն» կուսակցությունը: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, վերջինս, փաստորեն ժառանգաբար, անցավ Ստեփան Դեմիրճյանին և տևական ժամանակ Հայաստանի ներքաղաքական կյանքում եղանակ էր ստեղծում:

Մեր այս թռուցիկ էքսկուրսի ընթացքում չանդրադարձանք վերջին շրջանի Հայաստանյան քաղաքական դաշտի կուսակցություններից ամենաակնառուներին` «Ժառանգությանը», ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին:

Նրանց կանդրադառնանք հաջորդիվ` առավել մանրակրկիտ ու հանգամանորեն:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031