Հատված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
–Մի շարք հարցեր, մասնավորաբար գազի գնի հետ կապված, նախարարի մեկնաբանությունից հետո էլ պարզ չդարձավ: Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը գազ կստանա ներքին գներով: Այսինքն՝ գազի գինը սահմանի վրա նախկին 270-ի փոխարեն կլինի 189 դոլար, բայց, չնայած դրան, սպառողին հասնող գազի գինը չի նվազում, ինչո՞ւ:
-Մինչ ՌԴ նախագահի այցը Հայաստանի սահմանին 1000 խորանարդ մետր գազի գինը արժեր 270 դոլար, կառավարությունը պետական բյուջեից սուբսիդավորում էր այդ գնի 30 տոկոսը, իսկ տնտեսավարողներն ու քաղաքացիները վճարում էին մնացած 70 տոկոսը, այսինքն՝ գազի գինը սպառողի համար արժեցավ 189 դոլար:
Բայց Պուտինի հայտարարությունից հետո փոխվեց այն, որ գազն այլեւս մեր սահմանին կարժենա 189 դոլար, ու կառավարությունը չի վճարի 30 տոկոսը: Այսպիսով սահմանին գազի գնի 270-ից մինչեւ 189-ը իջեցումը մեր քաղաքացու ու տնտեսավարողի համար ոչինչ չի փոխում, նրանք այսուհետ էլ կվճարեն այնպես, ինչպես վճարել են երեկ ու մինչ Պուտինի Հայաստան գալը:
Փոփոխությունը եղավ պետության համար՝ նրա ուսերից ընկավ 30 տոկոս բեռը: Հատուկ մեր քաղաքացիների համար կրկնեմ՝ սպառողի համար գազի գինը մնում է նույնը, իջնում է պետության համար:
–Լավ, իսկ որտեղի՞ց գոյացավ Հայաստանի՝ 155 մլն դոլար պարտքը Ռուսաստանին:
-«Հայռուսգազարդը» ծառայություն է մատուցում Հայաստանին, բայց ի՞նչ է ստացվում, իր ծառայությունների դիմացը փող չի ստանում, ո՞նց լուծի այս հարցը, ումի՞ց ստանա իր գումարները։ Բնականաբար այն երկրի կառավարությունից , որին ծառայություն է մատուցել, դա Հայաստանի Հանրապետությունն է: Ահա սա է ձեր հարցի պատասխանը:
Եվ սխալ է ասել, թե Հայաստանն այդտեղ ոչ մի կապ չունի, ու խնդիրը «ՀայՌուսգազարդի» եւ Ռուսաստանի միջեւ է: Իրականում խնդիրը Հայաստանի սպառող- «ՀայՌուսգազարդ» հարաբերություններում է: Վերջինս հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ «Գազպրոմը» նրան ասում է՝ տուր գումարներս, «ՀայՌուսգազարդն» էլ պատասխանում է՝ ո՞նց վճարեմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի վճարում: Ուրեմն Հայաստանը պետք է վճարի իր սպառողի կողմից սպառած գազի գնի դիմաց:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում