Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԳԻՌ ԵՎ ՊՈՌԹԿՈՒՄ

Դեկտեմբեր 06,2013 11:59

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունմեկերորդ

ԳՐԳԻՌ ԵՎ ՊՈՌԹԿՈՒՄ

Եվ Հայկունին լրջանալով ասաց՝ «Նարեկացի լսելուց հետո չի կարելի էս տեսակ անհեթեթ խոսակցություններ վարել», եւ Ջավախյանն արդարանալով ասաց՝ «Աբաջյանի ու Ազատի մասին խոսակցությունը Բարդուղը բաց արեց», եւ Հայկունին հանդիմանանքով Ջավախյանին ասաց՝ «ինքը բաց արեց, դուք էլ շարունակեցիք», եւ Անանիան Հայկունուն ասաց՝ «որովհետեւ Նարեկացին իրանց հոգու հետ չի խոսում», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «մեռնեմ հավատացյալ ջանիդ», եւ Անանիան արհամարհական նայելով Ջավախյանին՝ Հայկունուն ասաց՝ «որ Նարեկացու տողերի իմաստը հասկանային, չէին խանգարի», եւ Արիկը փռթկացնելով  ասաց՝ «որ մեջը միտք չկա, ի՞նչը չենք հասկանում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մուտիլովկա բառը հատուկ Արիկի համար ա ստեղծված», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «Ալբերտ Գուրգենիչն ա ասում, որ  մեջը միտք չկա», եւ Աբոն թարս նայեց Արիկին ու ոչինչ չասաց, եւ Հայկունին Արիկին ասաց՝ «որ  մեջը միտք  չկա, ո՞նց ա ասում՝ մտքիս խոհածուփ սենյակի խորքից», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես, ադա», եւ Հայկունին ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես որ չեմ արտասանում, էդ չի նշանակում թե՝ չեմ կարա արտասանեմ» եւ Օրթախին նայելով՝ անսպասելի սկսեց.

«Աղերսախառն այս դատի մտնելն իմ

Քեզ հետ, ո՜վ հզոր,

Թող Քեզ տաղտկալի չթվա հանկարծ,

Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր

Ամբարշտացած Հակոբի ցեղի,

Ըստ մարգարեի ամբաստանության,

Կամ թե սաղմոսի առակում հիշված

Անիրավությունն այն Բաբելոնի.

Ընդունելի թող լինի կամքին Քո,

Ինչպես Սելովի խնկաբուրումն այն՝

Դավթի խորանում,

Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,

Որն իր վերստին գերադարձությամբ

Ասես նաեւ իմ կորուսյալ հոգու

Վերագտնումն է խորհրդանշել»:

Եվ մի պահ դադար տալով՝ Հայկունին խորը շունչ քաշեց ու ժպտալով Օրթախին հարցրեց՝ «շարունակե՞մ, թե՞ էսքանը հերիք ա», եւ Օրթախը հիացած նայեց Հայկունուն, ժպտաց ու արտասանեց.

«Հնչում է ահա ուժասպառ ձորում

վրեժխնդրության՝

Ձայնը ահավոր Քո դատաստանի,

Երկնելով իմ դեմ նորից մարտերի

գրգիռ ու պոռթկում.

Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ

Տագնապախռով ալեկոծումներ

ներհակ ուժերի,

Եվ չար ու բարի խորհուրդներն ահա

խմբված բազմությամբ,

Սպառազինված զենք ու սուսերով՝

Բախվում են իրար ոսոխների պես,

Դարձնելով համակ ինձ մահվան գերի,

Ըստ հին դիպվածի, երբ շնորհը Քո

դեռ ինձ չէր հասել»:

Եվ Աբոն դադար տալով նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «շարունակե՞նք, թե՞ էսքանը հերիք ա», եւ Արիկը  ժպտալով ասաց՝ «երեւի հերիք ա», եւ Անանիան թարս նայեց Արիկին ու ասաց՝ «ում որ հետաքրքիր չի, կարա չլսի», եւ Արիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էսօր հավաքվել ենք, որ հին տարին ճամփենք, դուք նստել՝ Նարեկացի եք քոքել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «կարող ա՞ էս ձեր համար աղանդավորական հավաք ա», եւ Անանիան թարս նայեց Արիկին ու ասաց՝ «Նարեկացին աղանդների հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Նարեկացին մեր առաքելական եկեղեցու ամենապայծառ դեմքերից  մեկն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը մեր առաքելական եկեղեցու սրբերից ա համարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ համար շատ մեծ հայտնություն էր, որ Ալբերտ Գուրգենիչն ու Հայկունին էսքան հրաշալի Նարեկացի գիտեն», եւ Արիկն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «իմ համար էլ քո հավատացյալ ըլնելն էր շատ մեծ հայտնություն», եւ Հայկունին ասաց՝ «Անանիայի հավատացյալ ըլնելու մասին սաղս էլ գիտեինք», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտեիք», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ինքը մի վախտ Սուրբ Սարգսում էր աշխատում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սուրբ Սարգսում  աշխատելը հավատացյալ ըլնելու հետ ոչ մի կապ չունի», եւ մի քիչ էլ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «Սուրբ Սարգսում ի՞նչ էիր աշխատում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Բարդուղը ճիշտ ա ասում», եւ Արիկը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Անանիան ասաց՝ «Սուրբ Սարգսում աշխատելս հավատացյալ լինելուս հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես նախքան Սուրբ Սարգսում աշխատելս էի հավատացյալ» , եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Անանիան աշխարհիկ մարդ ա, բայց տերտերներից ավելի հավատացյալ ա», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «լավ ա, որ գոնե աշխարհիկն ու հոգեւորն իրարից տարբերում ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էս մարդուն գովում էլ ես, էլի  մուննաթ ա գալի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ինձ հեչ պետք չի, որ հոգեւորականներին հակադրելով  ինձ գովես», եւ հենց էդ պահին Արշակի կուսակցության գրասենյակ մտավ հոգեւոր հովիվ տեր Մաղաքիան եւ զարմացած մեզ նայելով ասաց՝ «ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել. ձեններդ պոնչիկանոցի մոտից լսվում ա», եւ Արիկը խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ինչ որ ասում էիր, հիմա տեր Մաղաքիայի մոտ ասա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «ասում էիր, որ աշխարհիկ մարդիկ ավելի հավատացյալ են, քան՝ տերտերները», եւ Ջավախյանը գոռաց՝ «ես ըտենց բան չեմ ասել», եւ Անանիան ավելի ուժեղ գոռաց՝ «լափ էլ ասել ես», եւ տեր Մաղաքիան Անանիային ասաց՝ «մի գոռացեք. ձեններդ փողոցից լսվում էր», եւ Անանիան ասաց՝ «ես չեմ գոռում», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ես անում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «ձեզ եմ պաշտպանում», եւ տեր Մաղաքիան ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ես պաշտպանում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «հոգեւորականներիդ», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «հոգեւորականներիս ումի՞ց ես պաշտպանում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «արձակագիրների ոտնձգություններից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն չափներն անցնում են», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞ւմ նկատի ունի», եւ »ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Նոբելյան մրցանակի հավակնորդներին», եւ տեր Մաղաքիան ժպտալով նայեց Ջավախյանին ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ է պատահել, տիար հավակնորդ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ չի պատահել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հավաքվել՝ ուզում ենք հին տարին ճամփու դնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց Անանիան չի թողում», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ո՞նց չի թողնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատաքննության ա ենթարկում», եւ տեր Մաղաքիան  զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ է հավատաքննության ենթարկում», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեղավորներիս», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «լավ ա գոնե ընդունում ես, որ մեղավոր ես»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031