Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Հայաստանը «ճ» կլասի երկիր չէ, երկակի ստանդարտներ պետք չէ կիրառել»

Դեկտեմբեր 06,2013 11:54

«Մենք գտնում ենք, որ պիտի ամրապնդի հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, որ պետք է լինի ավելի շատ հարգանք քաղաքացիների ընտրության իրավունքի վերաբերյալ, չպետք է չարաշահվի վարչական ռեսուրսը, հատկապես պետական, դատական մարմինների անաչառությունը պիտի ապահովվի»,-այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները քննարկող աշխատանքային խմբի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլաս Շմիդտը՝ հիշեցնելով, որ իրենք շուրջ 27 խորհուրդ-առաջարկություններ են ներկայացրել Հայաստանին՝ ընտրությունների կազմակերպման առնչությամբ:

Քննարկվեցին ընտրողների գրանցմանը, ընտրացուցակների կազմմանը և հրապարակմանը վերաբերող խնդիրներ:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստորագրված ցուցակների հրապարակման հարցը լուրջ բախում է առաջացնում, ինչին ինքն էլ է առարկում:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից եզդիների համայնքի ներկայացուցիչ Բորիս Թամոյանը բարձրացրեց այն հարցը, թե հնարավոր չէ՞ արդյոք, որ իրենց համայնքից ներկայացուցիչ լինի խորհրդարանում: Պարոն Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի այդ հարցը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը բարձրացրեց այն հարցը, թե պետք չէ ընտրություններից առաջ հասցեների փոփոխություն անել, կամ մեկ հասցեի վրա տասնյակ անձանց գրանցումը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ,
ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը նշեց. «Օրենքի տեսակետից իրավունք էլ չունենք չհաշվառվելու»:Դավիթ Հարությունյանը հավելեց. «Այստեղ երկակի ստանդարտներ պետք չէ կիրառել: Հայաստանը ճ կլասի երկիր չէ: Եթե սեփականատերը կարծում է, որ իր ազգուտակը գրանցված պիտի լինի իր տանը, մենք չենք կարող սահմանափակում անել: Մենք պետք է շարժվենք մարդու իրավունքների տեսանկյունից»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը բարձրացրեց այն հարցը, որ մշտապես տեղադրված ու բաց լինեն ընտրացուցակները տարվա ընթացքում: Պարոն Մուրադխանյանը պատասխանեց. «Ընտրական ռեգիստրը մշտապես վարման մեջ է, իսկ ամեն օր դա տեղադրել, հսկայական աշխատանք է: Ոչ մի երկրում չկա նման բան, որ ամբողջ ընտրողների ռեգիստրը ներբեռնելի լինի»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առիթով հավելեց. «ԿԸՀ կայքում լրացուցիչ հնարավորություն ենք դրել, որ կոնկրետ մեկ անձի տվյալով կարող են տեսնել, թե այդ հասցեում քանի մարդ կա գրանցված: Նույնիսկ մեզ հետ կռիվներ են անում, թե ով է ձեզ թույլ տվել իմ հասցեն դնել կայքում: Մեկը նույնիսկ կռիվ էր անում, թե իմ աղջկա հասցեն ուզում էին ճշտել, չէին կարողանում, մտել ԿԸՀ կայքից են ճշտել»:

Նիկոլա Շմիդտն ասաց. «Դա որոշ դեպքերում հնարավոր է, բայց պետք է շատ զգույշ լինել, քանի որ դա պիտի համապատասխան պաշտպանության ներքո իրականացվի, որ մարդ չկարողանա ամբողջովին այդ ռեգիստրը ներբեռնել, դրա համար թույլտվություն է պետք: Կան դեպքեր, օրինակ` Ալբանիան, երբ ռեգիստրն առցանց հասանելի է տարվա ընթացքում: Բայց դա անհատական անձնական տվյալների հետ է առնչվում և պետք է զգույշ լինել»:

Քննարկման մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչ է նույնականացման քարտը և կենսաչափական տվյալներով անձնագիրը:Պարոն Մուրադխանյանը պարզաբանեց. «Նույնականացման քարտի վրա ընդգրկված են փաստաթղթի բոլոր տվյալները՝ բացի հասցեն, որը կա չիպի մեջ և այն քարդ ռիդերի մեջ տեղադրելով՝ կարելի է պարզել: Մատնահետքերը կան կենսաչափական անձնագրերի չիպում: Իսկ հին անձնագրերը և նույնականացման քարտը երկուսն էլ կարող են հավասարազոր գործել»:

Ինչ վերաբերում է մատնահետքերին ու դրանց թանաքոտմանը, պարոն Մուկուչյանը նկատեց, թե թանաքոտման ինստիտուտը խնդիրներ է առաջացնում: Թանաքանյութը հեշտությամբ մաքրվում է, այն ձեռքից ձեռք է անցնում և չկա երաշխիք, որ դռան վրա զսպանակ չեն դնի ու թանաքոտեն մատն ու ասեն, թե արդեն քվեարկել ես:

Քննարկվեց նաև վեց ամսից ավելի բացակայողներին ավտոմատ հաշվառումից հանելու առաջարկությունը: Մեծամասնությունը դրան դեմ էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031