Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյան. «Տեղին են այսօր քաղաքական ուժերի կոկորդիլոսի արցունքները ասոցացման պայմանագրի չստորագրման առիթով». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 06,2013 11:34
tigran torosyan

Հատված քաղաքական  գիտությունների դոկտոր, 2006-2008 թթ. ՀՀ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ի՞նչ ակնկալիք պիտի ունենալ այս անդամակցությունից, և ի՞նչ կորուստներ կարող են լինել։

– Հայաստանյան ներկայիս իրողություններն ու տեսանելի ապագայի հնարավոր զարգացումները հաշվի առնելիս դժվար չէ նկատել, որ եվրոպական ինտեգրման հնարավորությունները մեծապես տեսական նշանակություն ունեն։ Եվրոպական ինտեգրման իրական հեռանկարների մասին խոսելիս կարևոր է արձանագրել, թե ինչպիսին են ինտեգրվող երկրի հաջողությունները երեք հիմնարար արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Դժվար չէ նկատել, որ այդ հաջողությունների մասին կարելի է խոսել միայն շատ լուրջ վերապահումներով։ Ընդամենը մեկ օրինակ։ Առանց կայացած բազմակուսակցական համակարգի պարզապես հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական վարչակարգ, քանի որ այն համակարգաստեղծ նշանակություն ունի։ Սակայն տեսեք, թե ինչ աղետալի պատկեր ունի Հայաստանի բազմակուսակցական համակարգը։

Պատահական չէ, որ եվրաինտեգրման ուղղությամբ առայժմ խոսք է եղել միայն ասոցացման մասին, ու դեռևս ոչ Եվրամիությունը, ո՛չ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները չեն քննարկում իրական անդամակցության հարցը, քանի որ դա չափազանց բարդ և տևական գործընթաց է ենթադրում։

Մեկ այլ հանգամանք ևս կա։ Եթե Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները թերանում են եվրոպական արժեհամակարգի կիրառման հարցերում, ապա եվրոպական կառույցների ներկայացուցիչներն էլ թերանում են այդ երկրներում կատարվող իրադարձությունների ճիշտ ընկալման հարցում։

Սեպտեմբերի սկզբին նրանք հայտարարեցին, որ ցնցված են Հայաստանի իշխանության շրջադարձից։ Սակայն մի՞թե դեռևս երեք տարի առաջ ակնհայտ չէր, որ իրադարձությունները վկայում են բոլորովին էլ ոչ ասոցացման համաձայնագրի կնքման իրական հեռանկարների մասին։ Հայաստանն առկա համաձայնագրով սահմանված ժամկետից տասնմեկ տարի առաջ երկարաձգեց երկրում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը։ Մի՞թե որևէ մեկը կարող է լրջորեն մտածել, որ հետագա մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում, ռուսական ռազմաբազաների առկայությանը զուգահեռ, կխորանա Հայաստանի եվրոպական ինտեգրումը՝ անգամ ասոցացման ձևաչափով։

Կարելի է բերել նման մեկ տասնյակի հասնող այլ օրինակներ ևս, սակայն բերված օրինակի ենթատեքստում արժե անդրադառնալ նաև երկարաձգման համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական կուսակցությունների պահվածքին։ Դրանցից որևէ մեկի խմբակցության անունից այդ քննարկման ընթացքում անգամ ելույթ չեղավ։ Ուրեմն, արդյո՞ք տեղին են այսօր այդ քաղաքական ուժերի կոկորդիլոսի արցունքները ասոցացման պայմանագրի չստորագրման առիթով։

Իրական եվրոպական ինտեգրման ձգտող քաղաքական ուժերի թե արժեհամակարգը, թե գիտելիքներն ու պատկերացումները, թե գործողությունները բոլորովին այլ որակներ են ենթադրում, քանի որ յուրաքանչյուր երկրի ինտեգրման գործընթացի հիմքը երկրում առկա արժեքներն են, կառույցների որակները, գիտելիքներն ու պատկերացումները։

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031