Ազգային վառ ու ինքնատիպ դիմագծով, ավանդական երգ ու պարով, ժողովրդական նվագարաններով ու գունագեղ տարազով, մի խոսքով՝ մեր ժողովրդական մշակույթն իր լավագույն դրսեւորումներով աշխարհին ներկայացրած Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը տոնում է իր 75-ամյակը:
Ազգային օպերային թատրոնում այսօր ճանաչված կոլեկտիվը հանդես կգա ճոխ ծրագրով: Կներկայացվեն հատընտիր համարներ եւ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթը»՝ ըստ կոմպոզիտորի համանուն բալետ-օպերայի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանի բեմադրությամբ: Ի դեպ, «Սասունցի Դավիթ» մոնումենտալ օպերա-բալետի պրեմիերան Ազգային օպերային թատրոնում կայացել է 1976 թվականին, տարիներ անց ներկայացվել է նաեւ Մեծ թատրոնում:
«Առավոտի» հարցին, թե համարձակություն չէ, այն էլ հոբելյանական երեկոյին, ներկայացնել «Սասունցի Դավթի» սեփական տարբերակը, անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը նախ նշեց, որ այդ ստեղծագործության մեկնաբանմամբ կոլեկտիվի հատկապես երգչական կազմը դուրս է գալիս ստատիկ վիճակից, հետո էլ պատասխանեց. «Այսօր առավել, քան երբեւէ, մեզ միանշանակ պակասում է Սասունցի Դավթի նման հերոսի կերպարը, հետո էլ օպերա-բալետի երաժշտությունը ժողովրդական գործիքների նվագախմբի համար փոխադրել է մեր անսամբլի հիմնադիր, մեծանուն Թաթուլ Ալթունյանի որդին՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը»:
Երգի-պարի անսամբլում Թաթուլ Ալթունյանից հետո տարբեր տարիներին գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնել են անվանի երաժիշտներ՝ կոմպոզիտորներ Է. Հովհաննիսյանը, Մ. Մավիսակալյանը, Ռ. Ալթունյանը, խմբավարներ Է. Ծատուրյանը, Հ. Մանգասարյանը: Բալետմայստերների հարցով էլ է անսամբլի բախտը բերել. Է. Մանուկյան, Ա. Ղարիբյան, Վ. Գալստյան, Հ. Դիվանյան, Ա. Ասատրյան, Ա. Կարապետյան, Վ. Ռաշիդյան, Ռ. Պողոսյան, Փ. Սարգսյան, Հ. Խաչիկյան: Իբրեւ պարուսույցներ անսամբլում աշխատել են Ն. Խաչատրյանը, Լ. Գալստյանը, Ռ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, Ի. Կոստանյանը, գործիքային մասն էլ ղեկավարել են Ա. Ալեքսանդրյանը, Հ. Ոսկանյանը, Մ. Բեգլարյանը, Ռ. Ալթունյանը, Գ. Մանասյանը, Հ. Գրիգորյանը, Հ. Հակոբյանը: Կոլեկտիվի երգչախմբի հետ աշխատել են Ջ. Գյոզալյանը, Կ. Բարոյանը, Հ. Վերանյանը, Վ. Առաքելյանը, Գ. Սանդալչյանը, Ս Վարոսյանը, Գ. Նաջարյանը: Գուցե ամենադժվարին՝ տնօրենի պաշտոնն էլ վարել են Ի. Ռաբինը, Կ. Ուստոյանը, Ռ. Հակոբյանը, Ք. Աղաջանյանը, Տ. Հայրապետյանը: Իսկ անսամբլի կազմում հանդես են եկել հայկական ժողովրդական երգի այնպիսի երախտավորներ, ինչպիսին են Լուսիկ Քոշյանը, Աստղիկ Քամալյանը, Վարդուհի Խաչատրյանը եւ մյուսները, այստեղ են աշխատել նաեւ անվանի շատ երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյանը, անսամբլը հայտնի է նաեւ իր տարազների բազմազանությամբ ու յուրօրինակությամբ՝ շնորհիվ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, ժողովրդական նկարիչներ Խ. Եսայանի, Մ. Պետրոսյանի, Ռ. Էլիբեկյանի, Ռ. Հովհաննիսյանի եւ շատերի:
Կարդացեք նաև
1938թ. հիմնադրված այս անսամբլը, որն իր յուրահատուկ ազգային երգի-պարի ժանրով չուներ նախատիպը Խորհրդային Միությունում, այսօր էլ հավատարիմ մնալով իր հիմնադրի՝ Ալթունյանի սկզբունքներին, իրականացնում է նրա նպատակները, հավաքում է Հայաստանի տարբեր շրջաններից ժողովրդական երգը, հարկ եղած դեպքում դրանք մաքրում, զտում, ազատում օտար տարրերից, հղկում ու բազմաձայնում է՝ դրանց տալով համերգային ու բեմական կյանք:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ