Լրահոս
Օրվա լրահոսը

Դարեհ արքայի կոճակը

Դեկտեմբեր 06,2013 14:44
Merujan Ter-Gulanyan

Անշուշտ, մարդը մենակ է ծնվում եւ մեռնում է դարձյալ մենակ: Ու մարդու ապրածն ընդամենը կյանք-մահ կարճատեւ ճանապարհն է, որը ըստ էության փախուստ է մենությունից, այսինքն թե` մահվանից, որի դեմ ամեն ոք մենակ է յուրովի: Եվ եթե այդ ճանապարհին ձեւակերպվել, հաստատվել է ապրողի Ես-ը, կամ եթե չի հաստատվել ու մնացել աննկատը, միեւնույն է` վերջաբանը նույնն է, սակայն բառերի մեջ ձեւակերպումներն են տարբեր……

Մանկությանս տարիներին՝ արեւոտ անձրեւներից հետո, կիսաքանդ աստիճաններով բարձրանում էի տանիք, որի կանաչ անվերջությունը ձգվում, հասնում էր մինչեւ հորիզոն, ուր կապույտի մեջ ձգվում էին հեռո՜ւ, անտառապատ լեռները, իսկ ամենավերջում սարերին քսվող փոքրիկ սեղանն էր, որի շուրջ նստած իմ դասընկեր Գրիգորի հաշմանդամ քույրերը բոված գարուց սուրճ էին խմում: Ես վազում էի, չգիտեմ՝ դեպի նրա՞նց, թե՞ կապույտ լեռները. հիշում եմ միայն, որ ինձ թվում էր, թե ուր որ է՝ թեւեր կառնեմ ու կթռնեմ նրանց վրայով դեպի կապույտ սարերը: Ինձ թվում էր……

Բայց այդպես էլ չթռա, այլ մնացի նրանց հետ՝ շարունակելով, սակայն, թռնել երազներիս մեջ: Եվ մի օր, չգիտեմ՝ թռիչքի ահագնությո՞ւնն էր մեղավոր, թե՞ ես վրիպեցի, ու ընկա կիսախավար մի փոս, ուր ինձ մոտեցավ մեկը, որի դեմքը անտեսանելի էր, բայց ձեռքերը՝ տեսանելի: Եվ փողի դիմաց ինձ ոսկե դրամներ առաջարկեց ու մաշված, խունացած դրամապանակից հանեց եւ ինձ ցույց տվեց Մակեդոնացու ոսկեդրամը, հետո ինձ անհայտ եւս չորս թագավորների դրամներ ցույց տվեց, վերջում՝ մի տարօրինակ ոսկյա առարկա:

– Հարցրի՝ սա է՞լ է դրամ:
Ասաց. – Ոչ, դա Դարեհ թագավորի խալաթի ոսկե կոճակն է, բայց խորհուրդ եմ տալիս նվեր կոճակով չխաբվել:
Ես տվեցի նրան իմ մոտ եղած փողը եւ, չգիտեմ ինչու, զարմացած էի, որ Տիգրան Մեծի դրամը չկար: Հետո արդեն՝ հրաժեշտից առաջ, նորից հնչեց նրա ձայնը:
– Մի մոռացիր արքային հաղորդել, որ զգույշ լինի ներքեւից դեպի վերեւ իրեն նայողներից եւ զգուշանա պնակալեզներից……

Հնչեց հեռախոսի զանգը, ու ես արթնացա, քնաթաթախ դուրս նայեցի պատուհանից եւ տեսա, որ դրսում դարձյալ աշուն է: Եվ, տեր Աստված, ինչ լավ է, որ ուշ աշունը աննկատ անցել է ձմռան սահմանը եւ որպես մխիթարություն՝ շքեղ տերեւաթափ է պարգեւում Երեւան մեր քաղաքին եւ ցեղին մեր, որ փնտրում է այն, ինչ չի կորցրել, այնինչ գտել է այն, որ վաղուց չէր փնտրում:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031