Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանր» հարցերն ու «գլոբալ» խնդիրը

Դեկտեմբեր 06,2013 13:35

Երբեմն ինձ թվում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը «Ինչ, որտեղ, երբ» խաղն է, ավելի ճիշտ՝ այն, որ այդ խաղը մեր երկրում հեռարձակվում է ռուսերեն: Դրա համար խաղի կազմակերպիչներին նույնիսկ դատի են ուզում տալ: Կան, իհարկե, ավելի «մանր» հարցեր: Իշխանությունը, ասում են, բյուջեից տարեկան 2,5 միլիարդ դոլար է գողանում (հավատում եմ), մեր երկրում ապրողների կեսի ուշքն ու միտքը այստեղից փախչելն է (չխորանանք, թե ինչու, բայց դա այդպես է): Ժամանակ առ ժամանակ պարզվում է, որ մենք Ռուսաստանին ինչ-որ բանի համար պարտք ենք մնացել եւ այդ պարտքի դիմաց էլի ինչ-որ բան պիտի տանք: Այդ բոլորն, իհարկե, մանրուք է: Իսկ ահա այն, որ «Ինչ, որտեղ, երբ» խաղը ռուսերեն են խաղում՝ դա մի ողբերգություն է, որը կկործանի մեր ազգը: 

Իրականում հայոց լեզվի խնդիրներն էլ են, անշուշտ, չափազանց կարեւոր: Օրինակ՝ իր այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Երեւանում բացվելու է ռուսական վարժարան՝ Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ: Ոչինչ չունեմ Մոսկվայի համալսարանի դեմ (հայրս, ի դեպ, այդ բուհն է ավարտել եւ ուսման տարիները հիմնականում ջերմությամբ է հիշում), այդ համալսարանի հետ արժե, բնականաբար, համագործակցության եզրեր գտնել: Բայց վարժարանը, որտեղ դասավանդումն իրականացվելու է օտար լեզվով, նախ կասկածելի է օրինականության տեսանկյունից, եւ, որն ավելի կարեւոր է, «վերնախավի» մոտ գայթակղություն կստեղծի երեխաներին տալ այս եւ նման «էլիտար» վարժարաններ, որի հետեւանքով մայրենի եւ պետական լեզվին չտիրապետելը յուրահատուկ «բարեկրթության» նշան կլինի: Այդպես էր ընդունված Խորհրդային Հայաստանի քաղքենիական շրջանակներում մինչեւ 1988 թվականը:

Ռուսաստանցի պաշտոնյաները, որոնք սեպտեմբերի 3-ից հետո ավելի ու ավելի հաճախ են այստեղ գալու, պետք է զգան, որ եկել են ուրիշ պետություն, որտեղ օտար լեզվի իմացությունն, իհարկե, խիստ ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր: (Պարզ է, որ մեր պաշտոնյաներն այդ առումով իրենց ռուսաստանցի գործընկերներին չեն զգաստացնի): Լեզուն, եթե ուզում եք, լուռ եւ խաղաղ դիմադրության օջախ է, իսկ այդ դիմադրությունը երբեմն ավելի ազդեցիկ է, քան փողոց դուրս գալն ու պաստառ բռնելը:

Հեռուստատեսային եթերում նույնպես լեզվի խնդիրը սուր է դրված՝ մեզանում կան հեռուստաալիքներ, որոնք ակնհայտորեն խախտելով օրենքը՝ օրական մի քանի ժամ ռուսերեն ֆիլմեր են ցուցադրում: Համեմատության համար ասեմ, որ «Ինչ, որտեղ, երբ» խաղը տարեկան կտրվածքով, կրկնություններով «զբաղեցնում է» ընդամենը 48 ժամ, եւ ռուսերենի միջոցով այստեղ հարեւանների հետ որոշակի մրցակցային խնդիրներ են լուծվում:
Այնպես որ՝ բազմաթիվ (այդ թվում՝ լեզվի) խնդիրների ծովում մտավոր խաղի վրա կենտրոնանալն այնքան էլ արդարացված չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Rafael says:

    Պարոն Աբրահամյան իսկ այս հակառուսական թեմանների շարքում ինչու չեք անդրադառնում այն կարևորագույն և առաջին հայացքից բավական տարօրինակ հանգամանքին,որ դե ֆակտո բոլոր ճանաչվախ մարդիկ կտրուկ մի կողմ քաշվեցին և երկու տասնյակ երիտասարդի առաջ բրդեցին,ես այդ օրերին,խոսքս իհարկե Հզորի Հայաստան այցի մասին է,այդ օրերին անգամ կենտրոն Tv-ին դարձել էր օրինակելի պետական լրատվամիջոց և անգամ բերման ենթարկվածնեի թիվը նվազեցված ներկայացրեց,էլ չեմ ասում,որ անգամ հայտնի քաղաքական դիակը պարոն ձախողակ Հայրիկյանը չմասնակցեց ոչ մի երթի կամ ցույցի,այն էլ այն պարագայում,որ պարզ գիտի,որ կորցնելու բան չունի։Ըստ Ձեզ ինչով էր պայմանավորված բոլորի այդ պասիվությունը,միթե այդ խռովարարներն էլ հասկացան,որ զուր գործ է Պուտինի դեմ հանդես գալը։Անձամբ ես անկեղծ ասած շատ զարմացած եմ և թեև գիտեի,որ Մեծն Պուտինից մեղմ ասած բոլորը քաշվում են,բայց որ անգամ այդ հայտնի պրովոկատորները մի կողմ կքաշվենք չէի պատկերացնի։

  2. Ռուբեն Մարգարյան says:

    Ֆիլմերը ռուսերեն լեզվով ցուցադրող հեռուստաընկերությունները դեռ կարող են արդարանացում որոնել, թե իբր այդ ֆիլմի հայերեն կրկնօրինակված տարբերակը դեռ բացակայում է, իսկ ֆիլմը շատ արդիական է, պահանջարկ ունեցող, իսկ կրկնօրինակումը ժամանակատար է (և նման այլ հնարքներ կգտնեն): Իսկ “Ինչ, որտեղ, երբ” խաղը հայերենով հեռարձակելը ոչ մի ժամանակային, ֆինանսական կամ տեխնիկական դժվարություն չի պարունակի: Պարզապես պետք է պահանջել, որ խաղը անցկացվի հայերենով: Այդ դեպքում մի քանի դրական արդյունք կլինի` ա) չի խախտվի “Լեզվի մասին” ՀՀ օրենքը, բ) խաղի մասնակիցների համար ավելի հեշտ ու արագ կստացվի տրված հարցերը իրենց մայրենի լեզվով քննարկելը և պատասխանելը, գ) հեռուստադիտողն էլ ավելի հեշտ ու լիարժեք կընկալի հաղորդմամբ մատուցվող տեղեկատվությունը:
    Կարծում եմ, որ Շեքսպիրը հաստատ չէր նեղսրտի, որ իր գրած պիեսները աշխարհի տարբեր թատրոններում խաղան ամենատարբեր լեզուներով: Նույն կերպ էլ կարծում եմ, որ չի առարկի “Ինչ, որտեղ, երբ” հեռուստախաղի արտոնագիր ունեցող իրավաբանական անձը` խաղը հայերենով հեռարձակելու համար: Միգուցե որոշակի տարբերություն լինի պայմանագրային գումարի չափի մասով, բայց ենթադրում եմ, որ դրա համար էլ հովանավորներ կգտնվեն:

  3. Գրիգոր says:

    Համաձայն եմ, շատ սխալ էր, որ Խորհրդային Հայաստանի <> շրջանակներում, և ոչ միայն, տիրապետում էին ռուսերենը, սխալ է, որ հիմա փորձում են պահպանել լրացուցիչ լեզվի իմացությունը: Ավելի ճիշտ է շարունակել լսեցնել երիտասարդությանը հայկան սերիալների կրիմինալ լեզուն և որոշ պատգամավորների և քաղաքական գործիչների խոսելավոճը:

  4. Վահան says:

    Անհեթեթը, տարօրինակը, ստրկամիտը, անբնականը, նողկալին այն է, որ Հայաստանում հայերը խաղում են ոչ հայերեն, քննարկում են ոչ հայերեն (ու իրենց արածի ողջ նողկալիությունն ավելի են ընդգծում իրենց գավառական առոգանությամբ): Ինչը, որտեղ, երբ խաղին հավասար ինձ համար անընդունելի, անբնական ստրկամիտ են նաեւ հեռուստատեսությամբ հեռարձակվող ոչ հայալեզու մնացած հաղորդումները, ինչպես օրինակ` Հ2-ով` ինչ-որ կանայք ռուսերեն քննարկում են անցկացնում, նույնքան անընդունելի, անբնական, ստրկամիտ, նողկալի են նաեւ ռադիոյի այն ալիքները, որ ոչ հայերեն են սփռում իրենց հաղորդումները, նույնքան անընդունելի, անբնական, ստրկամիտ, նողկալի են օդանավի տոմսեր վաճառող այն գործակալությունները (իսկ դրանք շատ-շատ են), որոնք հայերեն տրվող հարցին առանց ամոթի, վերեւից պատասխանում են ռուսերեն` ասել է թե` ոչ հայերեն, նույնքան անընդունելի, անբնական, ստրկամիտ, նողկալի են նաեւ այն բժիշկները, որ հիվանդի հետ այնպես են շփվում ռուսերենով, դեղատոմս են գրում ռուսերենով, նույնքան անընդունելի, անբնական, ստրկամիտ, նողկալի է հային անուն-հայրանունով դիմելը, նույնքան անընդունելի, անբնական, ստրկամիտ, նողկալի է… ցավում եմ, հոգնեցնելու չափ կարելի է շարունակել… հարց այստեղ ռուսերենը չէ, Ռուսաստանը չէ, այլ մենք, մեր ստրակական մտածելակերպը, որն ըստ իս, ամենաուժգին ձեւով արտահայտվում է հայերենի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով: Ինչը, որտեղ, երբ-ը դրա մի քիչ ավելի ուժգին երեւացող դրսեւորումն է: Այն եւ նրա ածանցյալները պետք է վերանան, եթե ուզում ենք արժանապատվություն ունեցող ազգ լինել: Անձամբ ես, չեմ կարող հարգանք տածել Ինչը, որտեղ, երբ խաղի ու նրա ածանցյալների` ստեղծողների, վարողների, մասնակիցների ու դրանք հանդուրժողների հանդեպ, ովքեր էլ որ դրանք լինեն:

  5. sergik says:

    Սահակաշվիլուն հարգել եմ մի անգամ, երբ Պուտինին ասեց ,, ես կարող եմ խոսել և անգլերեն և ռուսերեն, բայց Ձեր հետ կխոսեմ վրացերեն,, համամիտ եմ առաջինը պետք է լինի ազգային լեզուն, նոր մյուսները….

  6. Լավատես says:

    Շատ լավ կլիներ, եթե մենք հարյուր տոկոսով հրաժարվեինք հայերեն խոսքի մեջ ոչ հայերեն բառերից, իսկ ապագայում՝ նաեւ ոչ հայերեն կետադրությունից՝ կետ, ստորակետ, վերջակետ։ Ասում են՝ իմ տունը իմ ամրոցն է, կասեի այլ կերպ՝ իմ լեզուն իմ ամրոցն է, իսկ ուրիշներին հասկանալի բառերը մեր ամրոցը ուրիշների համար դառնում է խոցելի։ Իհարկե, շատ հանճարեղ մտքեր առանց միջազգային բառերի չես արտահայտի, բայց լավ է փոխարինել դրանք հաճախ առաջին հայացքից ծիծաղելի ու անհասկանալի հայերեն թարգմանությամբ կամ էլ պարզապես զոհաբերել այդ հանճարեղ մտքերը հանուն լեզվի անաղարտության սկզբունքին։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031