Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Ռուսաստանի 49 դիվանագետի խարդախության մեջ է մեղադրում. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 06,2013 10:31

Ըստ – «Ամերիկայի Ձայն» –ի,  ԱՄՆ-ի պաշտոնյաները, անդրադառնալով այս գործին, նշել են, որ դիվանագիտությունը ձեռք մեկնելու, այլ ոչ թե ընդունող երկրի գրպանը մտնելու համար է նախատեսված

ԱՄՆ-ի դատախազությունը Ռուսաստանի 49 ներկա և նախկին դիվանագետին և նրանց ընտանիքների անդամներին մեղադրել է չքավորների համար նախատեսված առողջապահական նպաստներ ստանալու միջոցով իրականացված խարդախության մեջ:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության համաձայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության դիվանագետները կեղծել են իրենց եկամուտների մասին տեղեկությունները՝ ստանալով 1,5 միլիոն դոլարի ծավալով «Մեդիքեյդ»-ի նպաստներ, որոնց միջոցով ծածկել են հղիության վարման, ծննդաբերությունների և նորածինների խնամքի հետ կապված ծախսերը:

Մեղադրյալներից յուրաքանչյուրին ներկայացրել են առողջապահության ոլորտի խարդախությունների իրականացման և պետական միջոցների կողոպուտի մեղադրանքներ:

Խարդախությունների մեջ մեղադրվող դիվանագետներից ընդամենը 11-ն են այժմ գտնվում Միացյալ Նահանգներում, սակայն նրանցից որևէ մեկը չի ձերբակալվել՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու պատճառով:

ԱՄՆ-ի պաշտոնյաները, անդրադառնալով այս գործին, նշել են, որ դիվանագիտությունը ձեռք մեկնելու, այլ ոչ թե ընդունող երկրի գրպանը մտնելու համար է նախատեսված: Նրանց համաձայն, մեղադրյալների գործողությունների շարժառիթը եղել է ագահությունն ու թանկարժեք ապրանքներ գնելու ցանկությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմանի հարաբերություններին չվերաբերվող հարցերը լուծելու վրեժխնդրության փորձ» է անվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագետներին ներկայացված մեղադրանքները:

«Եթե ամերիկացի գործընկերները ցանկանում են որոշակի հանգամանքներ պարզել՝ ԱՄՆ-ում մեր աշխատողների ընտանեկան կամ մասնավոր կյանքին վերաբերող խնդիրներ, ապա դա նրանք կարող են շատ հեշտ անել դիվանագիտական ուղիներով, այլ ոչ թե հրապարակայնորեն մեղադրանքների ներկայացման միջոցով: Մենք շատ դժգոհություններ ունենք ներկայացնելու Մոսկվայում ամերիկացի դիվանագետներին, սակայն հրապարակային ուշադրությանը դրանք չենք հանում: Կան տասնյակ իրավիճակներ, երբ մենք կարող ենք նրանց մեղադրանքներ ներկայացնել», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը:

ԱՄՆ-ի արտգործնախարար տեղակալ Մարի Հարֆն իր հերթին արտգործնախարարությունում հինգշաբթի օրն անցկացված ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ուսումնասիրում է դաշնային դատարանում հրապարակավ ներկայացված մեղադրանքները, սակայն դեռևս որևէ դիրքորոշում չի մշակել այս հարցի շուրջ:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը, բացի այդ, ընդգծել է, որ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ ավելի խորը և ընդարձակ են, քան այս միջադեպը»:
Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031