Դեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն ընդունեցին “Հելսինկի + 40” գործընթացի վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։
Կիևում ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակեցին արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում արծարծվեցին ԵԱՀԿ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվեց խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը։
Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև