Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող բերման ենթարկված 110 ցուցարարների մեջ եղել է նաեւ Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսը: Նրան ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան փողոցից, երբ ակցիան արդեն ավարտվել էր: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռիկ Ադրիանսի ծանոթը՝ Բյուրակն Իշխանյանը, ում նույնպես Բաղրամյան փողոցից այդ օրը բերման են ենթարկել:
«Վեց ժամ մնացել եմ ոստիկանության բաժանմունքում, իսկ մեր մյուս ընկերներին առնվազն չորս ժամ են պահել: Փաստաբան էինք պահանջում, մոտ երեք ժամ հետո միայն եկավ: Մեզ բերման ենթարկեցին առանց հիմնավորման, չէին բացատրում, թե ինչո՞ւ, մինչեւ որ հարցաքննության ժամանակ դեմ տվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու մասին, բայց աբսուրդ է, մեզնից ոչինչ չեն պահանջել, մեքենան կանգնեցրել են, նստեցրել»:
Բյուրակնի պատմելով՝ հոլանդացի իր ընկերը ազգագրագետ է եւ Հայաստանում է գործնական այցով. «Հայկական մշակույթն ուսումնասիրելու էր եկել: Շատ էր զարմացել, ոստիկաններին ասում էր, որ Հայաստանի քաղաքացի չէ, ուշադրություն չէին դարձնում: Հիմա նա հոդվածներ է պատրաստում եւ կատարվածի մասին հայտնելու է միջազգային լրատվամիջոցներին»:
Թե՛ Բյուրակնը, թե՛ հոլանդացի Ռիկ Ադրիանսը բողոքարկելու են նաեւ իրենց նկատմամբ առաջադրված հոդվածները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ