Ընդամենը մեկ օրում Մոսկվան տարածաշրջանին հստակ հասկացրեց, որ իրենք ընտրության հնարավորություն չունեն, իսկ իրենց «անկախությունը» պատահականություն է: «Դեյլի Բիսթ» թերթում գրում է Միխայիլ Սաակաշվիլիի՝ ԶԼՄ-ների հետ համագործակցության նախկին խորհրդատու Ուիլ Կատկարտը:
Նրա կարծիքով, Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, ընդհանուր առմամբ վերածվել էր ձևականության. Հայաստանն ու Ուկրաինան արդեն կորցվել էին, իսկ Վրաստանն ու Մոլդովան դարձել էին աշխարհաքաղաքականության թիրախներ. «Հին պատմություն է՝ արևմտյան բարեկիրթ ասպետը գազար էր խոստանում և Ռոնալ Ռեյգանից մեջբերումներ էր անում: Իսկ սոված ճագարը հաճույքից շրթունքները չփչփացնում էր, սակայն նրա առջև դուրս եկավ արջը, որը հեչ ուրախ չէր գազարի համար: Ասպետը գազարի հետ անհետացավ, նա բարի մտադրություններ ուներ, սակայն պահը հարմար չէր: Խոստումների և ճագարի մասին բոլորը մոռացան: Պատմությունը շարունակվում է», – գրում է հեղինակը՝ ավելացնելով, որ ինչքան էլ թերի լինեն Եվրոմիության արժեքները, Եվրասիական միությունում դրանք ընդհանրապես չկան: Եվրասիական միության ստեղծման Պուտինի միակ նպատակը հարևաններին Եվրոմիությունից հեռու պահելն է:
Ըստ Կատկարտի, Ռուսաստանի հարևանները, եթե ոչ իշխանություններն, ապա քաղաքացիները, շարունակում են տնտեսապես թուլացող Եվրոմիության կողմը բռնել, ինչը ոչ այնքան Եվրոպա գնալու ցանկությունից է, ինչքան Ռուսաստանից ձերբազատվելու:
«Ժամանակն է, և վաղուց է ժամանակը, որ Եվրոպայի և Ամերիկայի ղեկավարները Ուկրաինայի և Կովկասի ժողովուրդներին ցույց տան, որ իրենց կողքին են և հարգում են մարդկանց, որոնք ժողովրդավարության համար պայքարում տուժել են հյուսիսային կռվարարի պատճառով», – Եզրափակում է Կատկարտը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ