Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներ էին հավաքվել «բռնացնելու» ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու եկող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Բնակիչները վարչապետին սպասում էին կառավարության հետնամուտքից, բայց վարչապետը ժամանեց միանգամայն այլ կողմից, սակայն չնայած դրան, տեսնելով բնակիչներին մոտեցավ հարցնելով՝ ինձ ե՞ք սպասում:
«Այո պարոն վարչապետ, մեր հարցն ի՞նչ է լինելու»,-բնակիչները հարցրին Տիգրան Սարգսյանին: Վարչապետը շտապելով մտնել ՀՀԿ գրասենյակ, ասաց՝ հիմի Վաչե Գաբրիելյանը կգա ու ձեզ կլսի: «Չէ, Վաչե Գաբրիելյանին չենք ուզում, ինքը չի կարա մեզ բավարարի»,-հակադարձեցին Բուզանդի բնակիչները:
Քիչ հետո բնակիչներին մոտեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը եւ առաջարկեց վաղը հանդիպել եւ քննարկել նրանց հարցը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Բուզանդի փողոցի բնակիչներին խոստացել են բնակարաններ փոքր կենտրոնում, եւ խոստացել, որ այս Նոր տարին նոր բնակարաններում են նշելու, սակայն ինչպես բնակիչներն են տեղեկացել, որ կառավարության ծրագրերը փոխվել են: Այդ պատճառով էլ եկել էին վարչապետից պահանջելու խոստումը կատարել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ