Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից Գագիկ Հովհաննիսյանի կողմից Ռուբեն Եսայանին բռնարարքի ենթարկելու փաստի առթիվ:
Հովհաննիսյանը ջրագնդակի հայկական դաշնության եւ ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ լինելով «Տիտան» թիմի ներկայացուցիչը՝ հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ռուբեն Եսայանին: Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել էր մրցումներից:
Տուժողը ստացել է քթոսկրի կոտրվածք եւ գլխուղեղի ցնցում, արդեն ստացվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին արձանագրությունը: Անվանի մրցավարը մինչ օրս գտնվելով բժիշկների հսկողության տակ` ապաքինում է «ախրանիկի» բիրտ հարվածների հետքերը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Գագիկ Հովհաննիսյանի հարցով Ազգային անվտանգության ծառայությանն ու օլիմպիական կոմիտեին են դիմել բազմաթիվ մարզիկներ, ջրագնդակի հայկական դաշնության ներկայացուցիչները:
Նրանք պահանջում են, որպեսզի վերոհիշյալ անձը տա իր մոտ գնվող կնիքը, չմիջամտի ջրագնդակի հետ կապված միջոցառումներին, եւ առհասարակ, ՀՀ նախագահի թիկնազորի կազմում գտնվողի գործունեության նկատմամբ մինչ իր քրգործի ավարտը «արգելանք» կիրառվի:
Այն տպավորությունն է, որ ՀՀ նախագահը չի իմանում, թե իր աշխատակցի դեմ քրեական գործ կա հարուցված, ավելին, վերջին պաշտոնական՝ ՌԴ նախագահ Պուտինի այցի ժամանակ, բողոքաբերները զարմացել էին, որ նա դիմավորողների մեջ էր եւ մարդու նկատմամբ բռնարարք կիրառած անձը, որը դեռ կանչվում է քրեական գործով իրավապահ մարմիններ, հրապարակայնորեն իրականացնում է անվտանգության միջոցառումներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ