Այսօր Aravot.am-ը փորձեց ճշտել ու հաշվարկել, թե ինչքա՞ն փող է ծախսվել Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին պատրաստվելու նպատակով: Նշենք, որ այս մասին գրեթե ամենուր լռում են` այն կարծես, թե համարելով պետական գաղտնիք:
Օրինակ` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում խուսափում էին այս հարցին հստակ պատասխան տալ` նշելով, որ թատրոնն էլ ֆինանսական որոշակի մասնակցություն ունի: Գյումրու քաղաքապետարանից էլ վստահեցնում են, որ իրենք ոչ մի կապ չունեն ֆինանսավորման հետ, անգամ գաղափար չունեն, թե ո՞ր գերատեսչությունը ինչքան գումար է ծախսել, ի՞նչ միջոցներով է աշխատանքներ իրականացրել:
Այդուհանդերձ, լավատեղյակ մասնագետների հետ զրույցներում մեզ հաջողվեց իմանալ, որ Գյումրիում 60-62 հազար քառ.մետր ասֆալտապատում է արվել, մեկ քառ.մետրը արժե 8,500 դրամ, այսինքն` մոտավոր հաշվարկներով այն կազմում է 527 միլիոն դրամ:
Քաղաքում նաև 127 նոր լուսակետ է ավելացվել, ընդ որում երկուսը, որոնք տեղադրվել են օդանավակայանի ճանապարհին, հենասյունով են, և ամեն մեկի արժեքը` 86 հազար դրամ է: Իսկ մնացած 125-ը, որոնք հենասյուներով չեն, ավելի էժան են. մեկ հատի արժեքը` 37,500 դրամ է:
Կարդացեք նաև
Մի խոսքով` ընդհանուր առմամբ 4 միլիոն 859 հազար 500 դրամ է ծախսվել քաղաքում` նոր լուսային կետեր ավելացնելու համար: Իսկ թե ինչքա՞ն են նստել Գյումրու թատրոնի ու օդանավակայանի շենքերում կատարված վերանորոգումները, այս մասին, քանի դեռ լռում են համապատասխան գերատեսչությունները, հստակ թվեր հրապարակել հնարավոր չէ:
Իհարկե, բազմիցս ասել ենք, որ գյումրեցիների համար անչափ ուրախալի փաստ է, որ իրենց խավարի ու ցեխի մեջ թաղված քաղաքը լուսավորվում է, ասֆալտապատվում, սակայն նույնքան վիրավորական է, որ սա արվում է ոչ թե շարքային գյումրեցիների, այլ քաղաք այցելած բարձրաստիճան հյուրի պատվին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ