Երեք օրից Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում կանցկացվեն համայնքի ավագանու եւ գյուղապետի հերթական ընտրություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 115 ընտրող ունեցող գյուղապետի պաշտոնի համար Ճակատենում պայքարելու են գործող գյուղապետ, հանրապետական Արծրունի Հարությունյանը եւ գյուղի բնակիչ, անկուսակցական Անդրյուշա Դավթյանը:
Նոյեմբերի 8-ից այստեղ մեկնարկել է քարոզարշավը: Ըստ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի՝ ԸԸՀ-ն դիմում-բողոքներ, դժգոհություններ չի ստացել այս ամբողջ ընթացքում: Անդրյուշա Դավթյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքն առաջին անգամ է առաջադրում իր թեկնածությունը, իսկ առաջադրվելու հիմնական դրդապատճառը գյուղի հոգսերի հանդեպ անտարբեր չլինելն էր: «Ուզում եմ իմ գյուղը վերակենդանացնել, իմ գործունեությամբ այնպիսի պայմաններ ստեղծեմ Ճակատենում, որ երիտասարդ ընտանիքները չթողնեն-գնան, գնացածներն էլ վերադառնան: Գյուղի հողերի մոտ 50 տոկոսը չի մշակվում, թփուտների է վերածվել: Այստեղ լավ պայմաններ կան անասնապահության զարգացման համար: Ես ինքս մոտ 10 հա չմշակվող հողատարածքից խոտհարք եմ դարձրել եւ անասուն եմ պահում: Դեռ Սովետի տարիներին մեր գյուղում անասնապահությունն էր գյուղատնտեսության հիմնական ճյուղը, մեր սարերի արոտներում ամեն ամառ մոտ 1000 գլուխ խոշոր անասուն էր լինում, նույնիսկ տարբեր գյուղերից էին բերում, իսկ այս տարի ընդամենը երկու հոգով էինք անասունները տարել սար՝ ընդհանուր 200 խոշոր հազիվ լիներ», -ասաց Անդրյուշա Դավթյանը եւ հավելեց, որ իր նպատակը գյուղապետ դառնալը չէ, այլ՝ գյուղն ու գյուղատնտեսությունը զարգացնելը: Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դա անել, ի՞նչ ծրագրեր ունի գյուղի զարգացման ու վերաբնակեցման հետ կապված, վերջինս պատասխանեց, որ մտադրություն ունի գյուղում փոքրիկ կաթի վերամշակման կետ ստեղծել՝ դրսերում ապրող ճակատենցիներին խնդրելով աջակցել ֆինանսապես, որի առկայության դեպքում գյուղացիներն այլեւս չեն մտածի, թե որտեղ պետք է իրացնեն իրենց արտադրանքը եւ անասնագլխաքանակը քչացնելու փոխարեն՝ կավելացնեն: «Հայաստանը միայն Երեւանով չի սահմանափակվում, հեռավոր անկյուններին, գյուղերին էլ պետք է ուշադրություն դարձնեն: Գյուղացուն օգնություն պետք չի, եթե սպառողական շուկա լինի՝ ինքն իր ապրանքը կարողանա իրացնի, իր հոգսերը կհոգա ու ոչ մեկի օգնության չի էլ սպասի: Իմ ցանկությունն այն է, որ մեր գյուղացիները իրենց ապրանքը կարողանան վաճառեն ու իրենց ապրուստը հոգան», – ավելացրեց գյուղապետի թեկնածուն:
Նա քարոզչության շրջանակներում անհատական հանդիպումներ է ունենում գյուղացիների հետ: Ասում է՝ համայնքը մեծ չէ եւ անհատական հանդիպումներով էլ է կարողանում լսել գյուղացիներին մտահոգող խնդիրները, թեեւ ինքն Ճակատենում է ապրում ու գյուղացիներին հուզող բոլոր խնդիրներին լավ ծանոթ է: Ճակատենցիների հետ ունեցած հանդիպումների ժամանակ արդեն հասցրել է մոտավոր պատկերացում կազմել, թե բնակչության մոտ քանի տոկոսն է քվեարկելու իր օգտին: «Ինչքան հասցրել եմ հանդիպել, մարդիկ վստահեցրել են, որ ինձ են ընտրելու: Կարծում եմ մոտ 60 տոկոսն ինձ կընտրի, բայց դա հաստատ չէ, ընտրություններից հետո պարզ կլինի միայն», – ասաց Ճակատենի գյուղապետի թեկնածու Անդրյուշա Դավթյանը եւ խոստովանեց, որ ներկայիս գյուղապետ ՀՀԿ-ական Արծրունի Հարությունյանին ուժեղ մրցակից է համարում:
Ճակատենում դեկտեմբերի 6-ին կավարտվի քարոզարշավը, իսկ 2 օր անց կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ