Դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Հայաստանի սեւազգեստ կանայք» շարժման եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում կազմակերպել էր հանրային միջոցառում, որն ունի «Լուծի՛ր կոնֆլիկտը, փրկի՛ր ընտանիքդ խորագիրը»:
«Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լիդա Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Սեւազգեստ կանանց շարժումը» իր բնույթով խաղաղաշինական է եւ նպաստում է խաղաղաշինական գործընթացում կանանց ինտեգրմանը:
Լիդա Մինասյանի խոսքերով՝ հանրային միջոցառումը ուղղված է հենց խաղաղաշինությանը, ընտանիքներում խաղաղության հաստատմանը եւ կոնֆլիկտների լուծմանը. «Նպատակն է կոչ անել ընտանիքներին, որպեսզի իրենց կոնֆլիկտը լուծեն խաղաղ ճանապարհով, չընտրեն բռնությունը՝ որպես կոնֆլիկտի լուծման մեխանիզմ եւ հասնեն երջանկության»:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում հասարակական կազմակերպությունը փակցրել էր 2 սլաք, որոնցից մեկի վրա 3 պաստառով ներկայացված էր, իրական փաստերի վրա հիմնված, ընտանեկան կոնֆլիկտ, որը ավարտվում է կնոջ սպանությամբ, իսկ մյուսի վրա քայլ առ քայլ ներկայացված էր եղանակը՝ ինչպես հարթել կոնֆլիկտը: Միջոցառման շրջանակներում Հյուսիսային պողոտայում կային նաեւ երեք զույգ. Տխուր զույգը,որը գտնվում էր կոնֆլիկտային իրավիճակում, սովորական զույգը, որը փորձում էր հարթել կոնֆլիկտը, իսկ վերջին զույգը երջանիկ էր, քանի որ արդեն հարթել է կոնֆլիկտը: Միջոցառման ընթացքում նաեւ բաժանվել են բուկլետներ, որտեղ ներկայացված են պատճառներ, թե ինչո՞ւ է անհրաժեշտ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը եւ ընդհանրապես ի՞նչ է բռնությունը:
Լիդա Մինասյանը Aravot.am-ին ներկայացրեց բռնության տեսակները.
«Բռնությունը լինում է 4 տեսակի՝ ֆիզիկական, տնտեսական, սեռական, հոգեբանական: Ֆիզիկական բռնությունը ցանկացած բռնության տեսակ է, որը մարմնական վնաս է հասցնում մեկ այլ մարդու, մարդու իրավունքների ոտնահարում է, սեռական բռնությունը՝ ցանկացած տեսակի սեռական գործողություն, ոտնձգություն է մեկ այլ անձի հանդեպ: Հոգեբանական բռնությունը այն է, երբ մարդկանց ճնշում, նվաստացնում եւ վիրավորում են, իսկ տնտեսականը, երբ ամուսինը տնտեսական կախվածության մեջ է պահում կնոջը»:
Ընտանեկան բռնության դեմ, 16-օրյակի շրջանակներում «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպելու է նաեւ սեմինար եւ բանավեճ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ