Լրահոս
Օրվա լրահոսը

25 հազար դրամ՝ կենսաչափական անձնագրերի եւ 3 հազար դրամ՝ նույնականացման քարտերի համար

Դեկտեմբեր 05,2013 18:15

Ազգային ժողովում այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը վավերական կլինեն  մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ մնացած կլինի մինչ այդ: Իսկ արդեն 2014 թվականի հունվարի 1-ից  բոլոր նրանք, ում անձնագրի վավերականության ժամկետը կլրանա, կստանան նույնականացման քարտ, եթե չեն պատրաստվում դուրս գալ երկրից, եւ կենսաչափական անձնագիր, եթե ցանկանում են ճամփորդել: Ըստ պարոն Օսիկյանի, նույնականացման քարտն իրենից ներկայացնում է երկու կարեւոր փաստաթղթի միավորում՝ սոցիալական քարտի եւ անձնագրի: Ճամփորդելու նպատակով անձնագիր ունենալու համար 16 տարին չլրացած անձինք կստանան սովորական անձնագիր: Նույնից կստանան նաեւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի տղաները:

Ներկայումս կենսաչափական անձնագրերը վավերական են 5 տարի, իսկ օրենքի փոփոխությունից հետո դրանք 10 տարի վավերական կլինեն: Պարոն Օսիկյանի խոսքով՝ իրենց որակով եւ պաշտպանվածությամբ կենսաչափական անձնագրերը ունեն այդ հնարավորությունը: Ի դեպ, նրանք, ովքեր արդեն ստացել են կենսաչափական անձնագրերը, դրանք հինգ տարվա վավերականություն կունենան, իսկ տաս տարվա վավերականություն կտրվի 2015 թվականի հունվարի 1-ից տրված անձնագրերին:

Ի դեպ, փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ կենսաչափական անձնագրերը կարժենան 25000 դրամ, իսկ նույնականացման քարտերը՝  3000 դրամ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ են այդքան թանկ անձնագրերը, արդյոք դա ծանր բեռ չի լինի մեր քաղաքացիների վրա, եւ արդյո՞ք այդ գործում կա ինչ-որ մասնավոր ընկերություն, որի գրպանն է գնալու այդ գումարները, ինչպես արագաչափերի դեպքում է, Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ թանկ են՝ ճամփորդելու համար նախատեսված անձնագրերը, իսկ ներքին օգտագործման համար անհրաժեշտ նույնականացման քարտերը թանկ չեն: Բացի այդ, կենսաչափական անձնագրերը ավելի պաշտպանված են եւ պիտանելիության ժամկետն ավելի մեծ է:

Ինչ վերաբերվում է մասնավոր հատվածի ներգրավմանը, ապա, այո, կենսաչափական անձնագրերը լեհական մի ընկերություն է արտադրում, որը շահել է մրցույթը երեք տարի առաջ, եւ արդեն իսկ ՀՀ 4000  քաղաքացի ունի կենսաչափական անձնագիր, եւս 80 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ: Արձագանքի համար ձայն խնդրելով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այդ լեհական ընկերությունը Հայաստանում չունի՞ դուստր ձեռնարկություն, որի տերերը հայեր են, պարոն Օսիկյանը պատասխանեց միայն «այո, կա դուստր ձեռնարկություն եւ կապալառու»:

Քանի որ Ն. Փաշինյանը, կանոնակարգի համաձայն այլեւս չէր կարող շարունակել հարցեր տալը, այդպես էլ չիմացանք, թե ում է պատկանում այդ դուստր ձեռնարկությունը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031