Այսօր առավոտյան Aravot.am-ը, արձանագրելով, որ փորել ու հանել են Վլադիմիր Պուտինի պատվին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում տնկած եղևնիները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետարանը այս ամենի հետ կապ ունի՞:
«Քաղաքապետարանը ՌԴ նախագահի այցին ու տնտեսական ֆորումին ֆինանսապես որևէ մասնակցություն չի ունեցել, քաղաքում կատարված բարեկարգման աշխատանքները չեն կատարվել համայնքային բյուջեի հաշվին: Ինչ վերաբերում է թատրոնի տարածքում այս կամ այն դեկորատիվ իրերի կամ արհեստական խոտածածկի տեղափոխմանը, նման տեղեկություն չունենք. տեղադրելը մեր լիազորությունների մեջ չի եղել: Ուղղակի գիտենք, որ թատրոնում կատարվել են բավականաչափ կապիտալ աշխատանքներ, որը որ շատ դրական եմ համարում: Նորից եմ կրկնում, քաղաքապետարանը ֆինանսական կամ ասենք լումային մասով որևէ մասնակցություն չի ունեցել, այսինքն` մենք չենք որոշել` ի՞նչ պետք է տեղադրվի, ինչպե՞ս պետք է այդ հարդարանքը կատարվի, դրանք բոլորը արարողակարգային հարցեր են, որը որ մենք չենք կարգավորել»,- ասաց Զոհրապ Եգանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանը` որպես քաղաքի տեր, օգնել է զուտ կազմակերպչական հարցերում` աղբահանության, լուսավորության, սակայն ֆինանսավորումը իրենց կողմից չի եղել:
Մեր այն հարցին էլ ` Գյումրու քաղաքապետարանը հաշվարկե՞լ է` ինչքան օգուտ տվեց Գյումրուն ՌԴ նախագահի այցը, Զոհրապ Եգանյանն ասաց. «Օգուտները շատ են ` սկսած օդանավակայանի ճանապարհից, սկսած մի քանի փողոցների փոսային նորոգումներից, սկսած տեխնիկայից, որը տրամադրվեց գծանշումներ կատարելու համար, լուսակետեր ավելացվեցին քաղաքում: Այսինքն, օգուտները շատ-շատ են, և եթե նման բարձր մակարդակի այցեր Գյումրի հաճախ տեղի ունենան, ապա քաղաքը շատ ավելի շահեկան իրավիճակում կգտնվի» :
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե հարցը տալուց նկատի ունեինք ֆինանսական հաշվարկը, մեր զրուցակիցը մեջբերեց հայտնի արտահայտությունը. «Ժողովրդական խոսք կա, ինչպես ասում են` նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Այն, ինչը որ նվեր էր, մենք սկսենք հաշվել, թե ինչքանի՞ էր, ի՞նչ էր կատարվում, որտեղի՞ց այդ փոխանցումը, ինչքա՞ն ստացավ շինարարը, մենք նման հարցերի մեջ չենք խորանում, և եթե նման նվերներ շուտ-շուտ լինեն մեր քաղաքում, մենք շատ ուրախ կլինենք»:
Իսկ նվերը հանում-տանո՞ւմ են, գյումրեցիներս արժանի չէի՞նք, որ Ամանորի նախաշեմին այդ մի քանի եղևնիները մնային թատրոնի բակում: «Կարելի է այդ հարցով դիմել, խնդրել, որ նման դեկորատիվ ծառեր տրամադրվեն քաղաքին, շատ հետաքրքրիր գաղափար եք ասում»,-այսպես արձագանքեց Զոհրապ Եգանյանը:
Նշենք, որ Պուտինի անվտանգությունն ապահովելու նպատակով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարկադրել էին տեղահանել Ամենափրկիչ եկեղեցու վրա աշխատող վերամբարձ կռունկը: Այն սակայն բավական թանկ արժեր, ըստ որոշ տվյալների, գինը հասնում էր 10 հազար դոլարի: Գյումրիում լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ ավտոկռունկը հեռացնելու համար որոշակի գումար է փոխանցվել Գյումրու քաղաքային բյուջեից: Զոհրապ Եգանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քաղաքային բյուջեից այս նպատակի համար ևս գումար չի տրամադրվել, ավելին` համայնքի որոշմամբ չէ, որ տեղափոխություններ են եղել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ի՞նչ կարելի է ասել այն պաշտոնյայի մասին ով քաղաքի զարգացումը կապում է բարձրաստիճան այրերի այցելուցյունների հաճախության մեծացման հետ․․․
Այս երիտասարդը շատ գրագետ է և նրա բանավոր խոսքը շատ եմ հավանում, երկար չի մնա Գյումրիում առաջ կտանեն հաստատ: Ես չեմ հիշում, որ մեր մարզում այսքան գրագետ ու հավասարակշռված խոսքով պաշտոնյա լիններ: Կեցցեց երիտասարդ