Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մտավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ավարտելուց հետո: Դատարանը վաղն առավոտյան ժամը 9.50 կհրապարակի որոշումը:
Այսօր պատգամավորը դատարան չէր եկել եւ նրա ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը ներկայացրեց բողոքը, որը կապված էր Փակ շուկայում իրականացված ճարտարապետական նորմերի խախտմանը եւ այդ կապակցությամբ ոստիկանություն ուղարկված հաղորդման հետ:
Նրա վստահորդը՝ պատգամավորը, դիմել էր ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պատմամշակութային արժեքի նկատմամբ ճարտարապետական նորմերի խախտման, այդ տարածքում գործող կազմակերպության լիցենզիայի օրինականության, «Պրոպալ» կազմակերպության թույլտվության, ինչպես նաեւ այդ կազմակերպության ճարտարապետի անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված:
Թե դատարան ներկայացած դատախազը, թե հետաքննիչ Օրդակյանը առարկեցին բողոքի դեմ, ասելով, որ քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը ոչ միայն ճիշտ է, վերանայման կարիք չունի, այլ որ կատարված շինարարական աշխատանքները եղել են պատշաճ եւ շինարարական օբյեկտի ամրապնդման համար:
Կարդացեք նաև
Պատգամավորի ներկայացուցիչը միջնորդություն արեց դատարանում՝ փորձելով լրացուցիչ հարցեր ուղղել դատախազին եւ հետաքննիչին, մասնավորապես՝ Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացրած կազմակերպությունը ունեցե՞լ է լիցենզիա, այն ինչ նպատակով է տրվել, արդյոք պահպանվե՞լ են ճարտարապետաշինարարական նորմերը, միաժամանակ ներկայացնելով լուսանկարներ, «արգելված» շինարարության, սակայն իրականում գործող Փակ շուկայի տարածքից:
Դատարանը մերժեց միջնորդությունները, պատճառաբանելով, թե դրանք կրկնվում են եւ գրավոր դրանք առկա են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ