Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
-Պարո՛ն Մարտիրոսյան, դեկտեմբերի 2-ին քաղաքացիների մի զանգված դուրս եկավ փողոց՝ պահանջելով իշխանություններին դադարեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը եւ հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում այս ամենից:
-Հայաստանն իր գործընթացներով ավելի շուտ միացավ Մաքսային միությանը, քան թղթի վրա ստորագրություն դնելն էր: Բնականաբար, այս ամենը դեռ ծաղիկներն են: Եթե մենք, իսկապես, ամբողջովին մտնենք Մաքսային միության մեջ, բնականաբար, Հայաստանում այնպիսի գործընթացներ են լինելու եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որը բնորոշ է ավտորիտար երկրներին, օրինակ՝ Ռուսաստանին, Ղազախստանին եւ այլն: Եվ եթե մարդիկ դուրս գան ինչ-որ բանի դեմ բողոքեն, միանշանակ, միանգամից խոչընդոտելու են այդ ակցիաները:
-Իսկ եթե ոչ Մաքսային միություն, ապա՞…
Կարդացեք նաև
-Մոտ 4 տարի ամբողջ քաղաքական դաշտը միայն քննարկել է Եվրամիության ասոցացման համաձայնագրի հարցը: Բոլոր այն կուսակցությունները, որոնք խորհրդարան են անցել, եվրաինտեգրման կողմնակից են եղել, նույնիսկ եվրաինտեգրման հանձնաժողով են ստեղծել, չեմ խոսում այն մասին, որ բոլոր օրենքներն ընդունելիս հաշվի են առնում եվրոպական չափորոշիչները: Խորհրդարանական, նախագահական ընտրություններ են եղել, ամբողջ այդ ընթացքում միայն խոսել են եվրաինտեգրման մասին, իսկ Մաքսային միության անդամակցելու մասին ոչ մեկը չի խոսել: Մինչ օրս Հայաստանում ոչ մի քաղաքացի դուրս չի եկել ու ասել, որ դեմ է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Եթե Ասոցացման համաձայնագրում պետական սուվերենության կորուստներ չկան, մենք ենք որոշում, թե որոնք են լինելու մաքսատուրքերը, մաքսատուրքի չափը եւ այլն, ապա Մաքսային միության դեպքում` լինելու է վերպետական մարմին, որն էլ որոշելու է, թե մենք ինչպիսի մաքսատուրքեր ենք սահմանելու: Իսկ դա հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրությանը:
-Այսինքն՝ Հայաստանի համար ներկայիս միակ ելքը Եվրամիությո՞ւնն էր:
-Եվրամիության ասոցացման պայմանագիրը հայ ժողովրդի վերջնական փրկությունը չէ, բայց եթե մենք համեմատում ենք Եվրամիությունն ու Մաքսային միությունն իրար հետ, ապա դրանք անհամեմատելի են: Ասոցացման պայմանագրի դեպքում՝ մենք աշխարհի ամենահարուստ շուկա՝ եվրոպական շուկա մուտք էինք ունենում, էլ չեմ ասում, որ 2015թ.-ից այդ համաձայնագրին միանալու է նաեւ ԱՄՆ-ն: Այսինքն, մենք աշխարհի ամենամեծ տնտեսական շուկա ազատ ելումուտ չենք ունենալու, դա հսկայական օգնություն էր, որ Հայաստանը պետք է ստանար, նաեւ այն ներդրումները, որ Հայաստան էր գալու: Միակ խնդիրն այն էր, որ եվրոպացիները պայման էին դրել, որ Հայաստանը պետք է օլիգարխիկ մենաշնորհային տնտեսությունից հրաժարվի, եւ այստեղ նորմալ արդյունավետ կառավարման համակարգ պետք է լինի, ինչը, բնականաբար, իշխանություններին որեւէ ձեւով ձեռնտու չէր: Իրենք 3,5-4 տարի խոսելով եվրոպացիների հետ եւ կեղծված ընտրություններին կորզելով նրանց հավանությունը՝ նրանց եւս կեղծիքներին մասնակից դարձնելով՝ հետագայում հրաժարվեցին այդ ամենից:
-Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն է ելքը ներկա պարագայում:
-Ստեղծված իրավիճակում ելքն այն է, որ հայ ժողովուրդը հասկանա, թե ի՞նչ է տեղի ունենալու, եթե Մաքսային միություն մտնի Հայաստանը: Դա նշանակելու է շատ մեծ գնաճ, արտագաղթի տեմպերի ավելացում, աշխատատեղերի կրճատում, ինչը որեւէ ձեւով նպաստավոր չի լինելու մեր քաղաքացիների համար: Իրենք պետք է պայքարեն, որպեսզի օր առաջ իշխանափոխություն իրականացնելով՝ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնեն, արդյունավետ տնտեսական, քաղաքական մրցակցային իրավիճակ ստեղծեն, որի արդյունքում էլ կկարողանան իրենց կյանքը բարելավել եւ արժանապատիվ ապրել:
-Իսկ այսօր ժողովուրդն ի վիճակի՞ է կամ պատրա՞ստ է դա անել:
-Ժողովուրդը, ինձ թվում է, ինչ-որ մի պահի պատրաստ կլինի: Ամբողջ խնդիրը քաղաքական ուժերի մեջ է այս պահին, պետք է կարողանան միասնական լինել: Ժողովրդի կողմից հնարավորություններն այնքան էլ լայն չեմ տեսնում, բայց այնպես չէ, որ այդ հնարավորությունը չկա:
-Ի՞նչ եք կարծում՝ հայ ժողովուրդը կհետեւի՞ ուկրաինացիների օրինակին:
-Հրաշալի կլիներ, որ այդ օրինակով տոգորվեին, բայց այս պահին չեմ կարծում, որ կգնան այդ քայլին:
Հարցազրույցը՝ Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ