Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը գազի պարտքից տեղյակ չի եղել

Դեկտեմբեր 05,2013 17:30

«Ազատություն» ռադիոկայանՈչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլև անգամ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար: 

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասաց, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:

Գաբրիելյան․ – Վերջնական թվի վերաբերյալ տեղեկություն, բնականաբար, չունեի, քանի որ բանակցությունները ընթանում էին, և ինչ կլիներ հստակ այդ թիվը՝ պարզվեց բանակցությունների ընթացքում, ինչն էլ պարոն Մովսիսյանը հրապարակեց:

«Ազատություն»․ – Ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում:

Գաբրիելյան․ – Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում:

«Ազատություն»․ – Պարտքերը ֆիքսված չե՞ն լինում: 2011-ից ամեն ամիս մենք իքս գումար ենք պարտք կուտակել․․․

Գաբրիելյան․ – Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բանակցվում էր: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել և ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի և ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել:

«Ազատություն»․ – 150-ը ռուսները որոշել են իրենք մարել: Ինչի՞ դիմաց:շ

Գաբրիելյան․ – Խնդրում եմ, որպես բանակցող կողմ՝ այդ բոլոր մանրամասները հարցնեք պարոն Մովսիսյանից:

«Ազատություն»․ – Կառավարությանը նա տեղյակ չի՞ պահում:

Գաբրիելյան․ – Կառավարությանը նա տեղյակ է պահում ընդհանուր գծերով: Ես բանակցությունների բոլոր դետալներին չեմ տիրապետում:

«Ազատություն»․ – Չէ՞ որ հսկայական գումարների մասին է խոսվում:

Գաբրիելյան․ – Ես շատ լավ հասկանում եմ: Կառավարության օրակարգով անցնում են բազմաթիվ հարցեր: Հիմա ես կոնկրետ այս հարցին չեմ տիրապետում:

«Ազատություն»․ – Իսկ գուցե ընտրությունների համար էր գաղտնի պահվում, որպեսզի բոլոր ընտրություններ ավարտվեին՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետի, որից հետո միայն ժողովրդին տեղյակ պահեին, որ գիտեք, սիրելի ժողովուրդ, 300 միլիոն դոլար դուք պարտք եք կուտակել:

Գաբրիելյան․ – Խիստ հետաքրքիր վարկած է, որը, կարծում եմ, դուք իրավունք ունեք քննարկելու: Ես անձամբ այդ վարկածին չեմ հիմա հավակնում հավատալ:

Ստացվում է, որ 2011 թվականից կուտակած այս պարտքի մասին տեղյակ է եղել միայն Էներգետիկայի նախարարը, ով էլ հանրապետությանը այդ մասին տեղյակ է պահել երեկ:

Ռուզաննա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031