Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության նորանշանակ ղեկավար Էրվե Սարնելին, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Էրվե Սարնելիին Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով ֆրանսիական քաղաքների և ընկերությունների հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցության ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկուստեք հաջողված փոխգործակցության արդյունքում այսօր Երևանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Պետք է հետևողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Անրի Ռենոն նախ կարևորել է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի ակտիվ գործունեությունը և ընդգծել, որ անցնող տարին իսկապես հաջողված ու հագեցած էր նաև փոխայցելությունների առումով:
Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության նորանշանակ ղեկավարն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի այսուհետ ևս համագործակցությունը լինի հաջողված ու արդյունավետ. «Ծանոթանալով կատարած աշխատանքին արդեն իսկ կարող եմ վստահորեն ասել, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար և մենք մեծ պատրաստակամությամբ կշարունակենք համատեղ փոխգործակցությունը»,- ընդգծել է Էրվե Սարնելին:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: Ըստ այդմ կիրականացվի «Աէրացիա» կայանի վերակառուցման նախագծում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման, ջրամիացումների առանձնացման և մայր ջրատարների վերակառուցման նախագծման և շինարարական աշխատանքներ: Կիրականացվի նաև ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի նախագծում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն