«Շարմազանովը, որպես ԱԺ նախագահի տեղակալ, արտահերթ ելույթի իրավունք ունի և նրա ելույթի բովանդակությունը սահմանափակված չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով առավոտյան նիստում Էդուարդ Շարմազանովի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որը ծագեց վարման կարգի վերաբերյալ։
Տիկին Նաղդալյանն իրեն մեղավոր չի համարում կատարվածի համար:
Հիշեցնենք, որ երեկ հենց ինքն էր անջատել Նիկոլ Փաշինյանի խոսափողը, բացի այդ, քառօրյայի հենց առաջին օրվանից եւ Հովիկ Աբրահամյանը, եւ Էդուարդ Շարմազանովն անընդհատ անջատում էին ընդդիմադիրների խոսափողը`պատճառաբանելով, որ ձայն են խնդրում վարման կարգի վերաբերյալ, բայց բովանդակային ելույթներ են ունենում:
Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ իր՝ նիստի վարման ձևը համապատասխանում է օրենքի տառին, և ինքը որևէ վիրավորական կամ անարդարացի քայլ չի արել ոչ Նիկոլ Փաշինյանի, և ոչ էլ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ «Վարման կարգի վերաբերյալ բանավեճը դատարկ բանավեճ է, որովհետև օրենքով ամեն ինչ սահմանված է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ դուք ՀՀԿ խմբակցության ղեկավարի կողմից նկատողություն եք ստացել պատգամավորների խոսքն ընդհատելու համար, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ո՞վ, ես խնդրում եմ հետևեք ձեր ստացած տեղեկությունների ճշտությանը, նման բան չկա»։
Տիկին Նաղդալյանն այն կարծիքին է, որ վերջին շրջանում պատգամավորների կողմից վարման կարգի վերաբերյալ ելույթի հնարավորությունն օգտագործելու գայթակղությունը մեծացել է, քանի որ քվեարկության պահը, որի ժամանակ օգտագործվում է վարման կարգը, հանրության կողմից արժանանում է մեծ ուշադրության: Ուստի, տիկին Նաղդալյանը կարծում է, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու են պատգամավորներն այդքան ակտիվ այդ ընթացքում։
Հերմինե Նաղդալյանը հորդորեց ԱԺ պատգամավորներին հաճախ ընթերցել ԱԺ կանոնակարգը՝ դա իրենց համար դարձնելով օգտակար զբաղմունք։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ