Շտապօգնության ծառայության ոլորտը բարեփոխելուց հետո կանչերի թիվը կտրուկ աճել է: Օր է լինում, որ շտապօգնությունը 600 կանչ է սպասարկում, ամսական կտրվածքով կանչերի թիվը հասնում է 4000-ի: Այսօր, Առողջապահության ազգային ինստիտուտում, այսպիսի տվյալներ ներկայացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ըստ նրա, «միգուցե բնակչությունն ավելի է վստահում շտապօգնությանը, բայց եթե նույն կերպ շարունակվի՝ կունենք խնդիրներ»: Ընկերության տնօրենը նշեց, որ հերթապահ խմբերի (բրիգադա) քանակը պետք է ավելացնեն, ենթակայանները նույնպես եւ եթե այժմ ամեն ութ կիլոմետրի վրա կա հերթապահ ենթակայան, ապա այժմ կարիք կա, որպեսզի ամեն 4 կիլոմետրի վրա դրանք տեղակայված լինեն, որպեսզի բնակչությանն ավելի արագ սպասարկեն:
Այսօր շտապօգնությունը առաջնահերթ արձագանքում է ամենահրատապ կանչերին, ասենք` սրտի, ուղեղի կաթվածի նախանշանների եւ առողջության համար վտանգ ներկայացնող այլ դեպքերում:
Ծառայության տնօրենը հանրությանը կոչ է անում անլուրջ հարցերով շտապօգնությանը չզբաղեցնել, քանի որ լինում են կանչեր, երբ ասենք քաղաքացին ասում է` «կողքի սենյակից դեղս բերեք մի հատ ինձ ներարկում արեք»:
«Մենք հասկանում ենք, որ նաեւ պետք է բարեգործություն անենք, բայց այս պայմաններում, երբ օրական 600 կանչ ենք սպասարկում, որոնցից գրեթե 120-ին հիվանդանոցներ են տեղափոխում, այդպիսի ոչ լուրջ հարցերով չի կարելի անհանգստացնել»,-ասում է տիկին Ստեփանյանը: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը վստահեցրեց, որ մեր պես երկրի համար, որը հարեւանների հետ խնդիրներ ունի եւ գտնվում է
մի այնպիսի սեյսմակայուն գոտում, որտեղ ամեն րոպե երկրաշարժի վտանգ կա, շտապօգնության ծառայությունը պետք է լինի բարվոք վիճակում: Մի քանի տարի առաջ շտապօգնության ծառայությունը ճապոնական դրամաշնորհով 88 մեքենա է ստացել, 6 մեքենա էլ պետական միջոցներով են ձեռք բերվել:
Տիկին Յուզբաշյանի ներկայացմամբ, չնայած շտապօգնության բժիշկները, բուժքույրերը, վարորդները վերապատրաստվել են, մեքենաները արդիականացվել են նոր սարքավորումներով, մասնագետների կողմից մշակվել են ուղեցույցներ, թե շտապօգնության բժիշկը որ պարագայում ինչ պետք է անի, սակայն ոլորտը ֆինանսավորման խնդիր ունի:
Ըստ նրա, եթե հնարավորություն լիներ տեղամասային բժիշկներին տնային կանչերի համար վճարել, ապա նրանք ավելի ակտիվ կլինեին եւ հիմնական բեռը չէր ընկնի շտապօգնության վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ