Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը, սակայն դա կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանի կառավարությունը հաշվարկի երկրի տնտեսության վրա դրա դրական արդյունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Aravot.am-ի հարցին, արդյոք մեր կառավարությունը հաշվարկե՞լ էր մեր տնտեսության վրա ունեցած դրական արդյունքը, որովհետեւ Մաքսային միությանը միանալու մեր որոշումը անակնկալ ձեւով եղավ, տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Բնականաբար չէր կարող չհաշվարկել եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը: Բայց բացի հաշվարկելուց մենք պետք է ուշադրություն դարձնենք տվյալ երկրի հնարավորություններին, արդյոք որքան է ինքը ի զորու է դիմակայել, կամ չդիմակայել չակերտավոր արհավիրքներին, կամ` իր համար ոչ ցանկալի իրավիճակներին: Մասնավորապես Ադրբեջանը, որպես այդպիսին, բնական հարստություններն ունենալու պարագայում ավելի մեծ տարածք, բնակիչներ ունենալու պարագայում իր ձայնը փոքր ինչ ավելի բարձր է: Եվ այս պարագայում, բնականաբար, ինքը կարող է որոշակիորեն այդ հաշվարկներից ելնելով ավելի մեծ հնարավորություն ունենալ որոշելու Մաքսային միությանը միանալու է, թե չի միանալու, ի տարբերություն Հայաստանի»:
Վարդան Բոստանջյանը գտնում է, որ Մաքսային միությանը միանալու համար հաշվարկներ անելը մեր կառավարության համար դժվար չէր, ըստ նրա` այդ հաշվարկները կար ու չի կարելի ասել, թե անակնկալ էր մեր՝ Մաքսային միություն մտնելը: «Գրեթե երկու հարյուր տարի մենք գտնվել ենք ազդեցության այս ոլորտում եւ բնականաբար Ռուսաստանը, դրանով պայմանավորված, ոչ թե նրա համար, որ Հայաստանին շատ սիրում է, կամ ատում է, ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, այսինքն` Հայաստանը ըստ էության եղել է այդ ազդեցության գոտում գտնվող երկիր: Բնականաբար ուժեղը` տվյալ պարագայում Ռուսաստանը, պետք է ունենա ձգտում պահպանելու: Հիմա, թե այստեղ գտնվում է Հայաստանը, Ադրբեջանը, կամ` Վրաստանը, սա հարցի այլ կողմն է: Այդպիսի մեծերի համար խնդիր չէ երկրի որակական ու քանակական ռեժիմները, նրանք հասկանում են, որ այդ երկիրը չի կարող դեռեւս լրիվ հավասարը հավասարի հետ խոսել, այս պարագայում տարբերությունը պետք է կայանա նրանում, թե որը հնարավորություն ունի ավելի բարձրաձայնելու: Տվյալ պարագայում` Ադրբեջանը Անդրկովկասի երկրների կտրվածքով կարծես թե տեմբրով ավելի բարձր ձայն ունի»,- հավելեց Վարդան Բոստանջյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ