Այսօր, խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը բավականին բուռն մեկնարկ ունեցավ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեցին, ոչ ավել, ոչ պակաս, հարաբերություններ պարզել։ Էդուարդ Շարմազանովն անգամ չկարողացավ էմոցիաները զսպել եւ մատ թափ տվեց Նիկոլ Փաշինյանի վրա: Վերջինս էլ հակադարձեց`«Արա»-ն դու ես ու շեֆդ ա»։
Կրքերի պատճառը ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Համատարած և համակարգված կոռուպցիա» վերտառությամբ հարցապնդման քվեարկությունն էր: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Դիմելով ՀՀԿ-ին`նա ասաց, որ եթե իրենք էլ են ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ուրեմն անհրաժեշտ է միասին քայլ անել, այդ չարիքի դեմ պայքարել. «Եկեք այս փաստերն ուղարկենք դատախազություն և կառավարությանը հանձնարարենք պատրաստել կոռուպցիայի վերաբերյալ անհետաձգելի փաթեթ»,- ասաց Լեւոն Զուրաբյանն`առաջարկելով, որ քննող եւ հետաքննող բոլոր մարմինները ձեւավորի ինքն`իշխանությունը: «Ձեր խնդիրները ձեր մեջ լուծեք, մենք մեր խնդիրները կլուծենք։ Մենք դեմ ենք քվեարկելու հարցապնդմանը»,- դահլիճից հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Ապա, վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջամտեց․ «Բովանդակային քննարկում չի կարելի»։
Հիշեցնենք, որ քառօրյայի հենց սկզբից նիստը նախագահողները անջատում են ընդդիմադիրների խոսափողերը`խոսքի կեսից, պատճառաբանելով, որ վարման կարգի վերաբերյալ խոսք են խնդրում ու բովանդակային հարցերի են անդրադառնում: Հենց երեկ, նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին խոսել վարման կարգով՝ անջատելով նրա խոսափողը։
Կարդացեք նաև
Շարմազանովը շարունակեց․«Հարգելի քաղաքական փոքրամասնության մի մաս, ով ներկայացրել է այս հարցապնդումը, այո, կոռուպցիան խնդիր է, ախտ, բայց, հիշեցնեմ, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր փաստերն Ազգային ժողովը ներկայացրել է Գլխավոր դատախազություն»։
Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Շարմազանովի ողջ ելույթի ընթացքում տեղից հիշեցնում էր նախագահողին, որ տեղի է ունենում բովանդակային քննարկում։ Էդուարդ Շարմազանովի նյարդերը տեղի տվեցին։
Ելույթից հետո, երբ Փաշինյանը դեռ շարունակում էր իրենը պնդել, ԱԺ փոխխոսնակը մատ թափ տվեց Փաշինյանի վրա։ Հերմինե Նաղդալյանը միջամտեց․ «Էդիկ․․․»։ Խոսափողներն արագ անջատվեցին, և նախագահողը փորձում էր կարգի հրավիրել պատգամավորներին՝ հատկապես իր գործընկերոջը` Էդուարդ Շարմազանովին․ «Վա՜յ, հանգստացիր, Էդիկ»։
«Պետք չի անընդհատ վարման կարգի վերաբերյալ վիճել, բոլոր պատգամավորների իրավունքները պահպանված են»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը։
Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ այն, ինչն ինքն ուզում էր ասել, արդեն ասել է դահլիճում և ավելացնելու ոչինչ չունի։ Նա նաև հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող իր հետ անարդարացի վարվել։
Էդուարդ Շարմազանովն էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ իր խոսքում բովանդակային քննարկման տարրեր չեն եղել, ինքը խոսել է բացառապես վարման կարգի վերաբերյալ։ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ փորձել է անտեսել Նիկոլ Փաշինյանի ռեպլիկները, բայց`«պառլամենտը նաև քաղաքական կրքերի տեղ է» և երբեմն չի հաջողվում պառլամենտական գործիչներին այդ կրքերից զերծ պահել։ Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ քաղաքական իշխանությունն ամեն կերպ ցանկանում է լռեցնել ընդդիմությանը, ընդհակառակն, ըստ նրա, իրենք խրախուսում, բարձր են գնահատում ընդդիմադիր գործիչների՝ կարծիք հայտնելու իրավունքը։ «Բայց երբ քո գործընկերը խոսում է, բոլորս պետք է ունենանք ներքին կուլտուրա, որպեսզի հնարավորություն տանք արտահայտելու միտքը»,- ասաց նա՝ հավելելով, որ տղայական պահվածքի խնդիր չի եղել, պարզապես կրքերը մի փոքր թեժացել են։
ԱԺ փոխխոսնակը չէր հիշում, որ մատ է թափ տվել, բայց ասաց, որ դա համարժեք պատասխան է եղել իր գործընկերոջ պահվածքին։ «Ես, համենայնդեպս, որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել, սա համարժեք պահվածք էր, գուցե մի փոքր զգացմունքային է եղել: Եթե երեկ քո խոսափողն անջատել են, անարդարացի են վարվել, դա քեզ իրավունք չի վերապահում այդպիսի պահվածք դրսևորել։ Սխալը սխալով չեն ուղղում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ