Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի շրջանակներում դեկտեմբերի 3-ին «Երեւան Էքսպո» կենտրոնում, Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների «Երեւան Էքսպո-2» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել են Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ովքեր շրջել են ցուցահանդեսի տաղավարներով:
Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 10 մարզերն ու Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաեւ `մասնավոր ընկերություններ:
Առանձին տաղավարով իր ձեռքբերումները, մարզի բերքն ու բարիքն է ներկայացրել նաեւ Տավուշի մարզը: Դիլիջանի միջազգային դպրոցը ներկայացել է բուկլետներով եւ տեսանյութերով, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը ներկայացրել է մարզի սրբանկարչական դպրոցի սաների աշխատանքները, «Մասիս Տաբակ» ընկերությունը ցուցադրել է ծխախոտի լայն տեսականի, որի համար հումք է ծառայել Տավուշի մարզում աճեցված ծխախոտը: Իր արտադրատեսակներից է ներկայացրել նաեւ «Գրանդ Քենդի» ընկերությունը, առանձնակի ուշադրության է արժանացել Ջուջեւանի պահածոների գործարանի արտադրանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` www.tavush.gov.am-ի