Պաշտոնական այցով Սլովակիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը: Դուշան Չապլովիչը, ողջունելով հայկական պատվիրակությանը, հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառների զարգացմանը: Նախարարն իր խոսքում նշել է նաև, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան` քաջ ծանոթ է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը և հատկապես այն ողբերգական իրադարձություններին, որոնք պատուհասել են հայ ժողովրդին անցյալ դարի սկզբին:
Նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ Սլովակիայի Հանրապետությունն այն երկրներից է, որի Ազգային ժողովը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի անունից երախտիքի խոսք է հղել սլովակ ժողովրդին՝ պատմական արդարությանը սատար կանգնելու և իր վերաբերմունքն արտահայտելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ կրթական համագործակցության ընդլայնմանը, կարևորել է համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում: Նշվել է բուհական կրթության ոլորտում ուսանողների կրթաթոշակային փոխանակումների, դասախոսական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի իրականացման և միջբուհական կապերի զարգացման մասին: Կողմերը նշել են, որ գիտության բնագավառում համագործակցության համար հեռանկարային են համատեղ ֆինանսավորմամբ գիտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձման շրջանակում կատարված աշխատանքներին` այս համատեքստում կարևորելով հատկապես փորձի փոխանակումը: Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչն ընդգծել է, որ իբրև Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր` Սլովակիան ևս քվեարկել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու օգտին և այժմ օգտակար է համարում կուտակված փորձի արդյունավետ փոխանակումը եվրոպական կրթության տարածքի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը. սլովակյան կողմը հետաքրքրվել է հատկապես Հայաստանի հանրակրթական դպրոցներում “Շախմատ” առարկայի ներդրման ծրագրով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` աջակցել Հայաստանի դպրոցներում կիրառվող “Շախմատ” առարկայի ձեռնարկներն ու ծրագրերը փորձնական նպատակով Սլովակիայում ներդնելու: Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել նախապատրաստել հուշագիր` կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որտեղ կներառվեն հանդիպման ժամանակ քննարկված բոլոր հարցերը: Սլովակյան կողմն առաջարկել է նախաձեռնություն ցուցաբերել՝ ներգրավելու հայկական բուհերը Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում: Նախարար Ա. Աշոտյանն իր սլովակ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն