Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Եվրոպական երկրներից Հայաստան ներդրումները կնվազեն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2013 15:58

«Մենք հավասար դիրքում ենք գտնվում Բելառուսի և Ադրբեջանի հետ: Տարբերությունն այն է, որ Բելառուսի և Ադրբեջանի պարագայում վերաբերմունքը չփոխվեց, Եվրոպան նրանց նկատմամբ գտնվում է սպասողական դիրքերում, ի տարբերություն Հայաստանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` վերլուծելով Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի նկատմամբ գրանցված վերաբերմունքը:

Պարոն Նավասարդյանը մանրամասնեց. «Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ն ունի կոնկրետ ուղղություն`էներգատարների հետ կապված: Բելառուսի դեպքում, երբ այդ երկիրը պատրաստ լինի կոնկրետ ուղղություններ զարգացնել Եվրամիության հետ, նա այդ հնարավորությունը ստանալու է: Բայց մեզ մոտ, եթե որոշակի փոփոխության արդյունքում ուզենանք վերադառնալ արևելյան գործընկերության օրակարգին, համաձայն չեմ, որ կոնկրետ արձագանք կստանանք ԵՄ-ի կողմից»:

ԵՄ-ՀՀ հարաբերությունների` նման սցենարով զարգացումը Բորիս Նավասարդյանն այսպես է պատճառաբանում. «ԵՄ-ն կոնկրետ բովանդակության փաստաթղթի կողմնակիցն էր, կոնկրետ պայմանավորվածություններով ու պարտավորություններով, բայց Հայաստանը դրան պատրաստ չէր: Բնական է` կոմպրոմիսային մի բան պիտի լիներ, մի բան ուզում եք, եկեք անենք, բայց ոչ թե նախագահի մակարդակով, որ ոչ մի կողմից պարտավորվածության փաստ չլինի, ուղղակի գրանցենք, որ ՀՀ-ն գոյություն ունի արևելյան գործընկերության մեջ: Ու մեր իշխանությունների պնդումները, թե ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում կշարունակեն համագործակցությունը, ուղղակի ձևական հայտարարություն է, որի տակ ոչ մի բովանդակություն չկա»:

Բորիս Նավասարդյանը բառապաշարի փոփոխություն է տեսնում. «Եթե Վիլնյուսից առաջ լսում ենք, թե մենք վճռական ենք և շարունակելու ենք համագործակցությունը, ապա արդեն Վիլնյուսից հետո ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մարդու իրավունքների և այլ ոլորտներում համագործակցության մասին հարցի վերաբերյալ ասում է, թե քաղաքականությունը հնարավորի արվեստ է` նկատի ունենալով, որ նույնիսկ այդ ոլորտներում ՀՀ-ն ինքնուրույն  որոշումներ կայացնելու հարցում կաշկանդված է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` համամի՞տ է իր այն գործընկերների հետ, որոնք տպավորություն են ստացել, թե Վիլնյուսում Հայաստանը դուրս էր մղված գործընթացներից ու հիասթափության մթնոլորտ կար նաև կոնկրետ գործընկերների միջև: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Դա այդպես է, բայց դա գալիս է ոչ թե նրանից, որ մեզ մոռացել են, կամ չեն էլ ուզում բանի տեղ դնել, այլ որովհետև  Հայաստանից որևէ իմպուլս չի գալիս: ՀՀ-ն երեք տարիների ընթացքում կարողացավ գործոն դառնալ: 2009-ին, երբ սկսում է արևելյան գործընկերությունը, ասոցացման համաձայնագրի մասին օրակարգ չկար: Չորս տարիների ընթացքում այդ օրակարգը ձևավորվեց և շատ երկրներից ՀՀ-ն առաջ անցավ: Դա հարց առաջացրեց, կարծես թե հետամնաց է Հայաստանը, բայց կարողանում է առաջադիմել ու դա նաև հարգանք առաջացրեց մեր իշխանական շրջանակներում: Բայց փաստորեն դա տեղի չունեցավ և եղավ այն, որ էլ ի՞նչ խոսենք»:

Բորիս Նավասարդյանը նաև մտահոգություն հայտնեց, թե քաղաքացիական հասարակության մակարդակում չունենք հստակ առաջարկներ ու կա անորոշություն: Aravot.am-ը հետաքրքրվեց`դրա պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ միջազգային կառույցները ՀՀ-ում մարդու իրավունքների և այլ ոլորտներում սկսել են թույլ աշխատել: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Համաձայն եմ, դա էլ է պատճառներից մեկը: Այն, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ ոլորտներում նրանց աշխատանքը հետևողական ու սկզբունքային չէր:  Շատ է արծարծվում ընտրությունների հարցը, թե ինչու ԵՄ կառույցներն այդքան հանդուրժող էին: 2012-ին եվրոպական կառույցները դեմ էին, որ ընտրացուցակները հրապարակվեն ընտրություններից հետո, ընտրություններից հետո կարծես թե հասկացան, որ դա հիմնական միջոցն է, որով կարելի է ապահովել ընտրությունների թափանցիկությունը: Այդքան արագ ու ոչ հետևողական փոխել կարծիքն ու մոտեցումները, չի նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը»:

Պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցինք` իրավիճակը ենթադրո՞ւմ է, որ եվրոպական ներդրումները Հայաստան կնվազեն: Նա պատասխանեց. «Եթե մտնեն մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք Մաքսային միության անդամ չեն, իսկ նրանք կմտնեն, ուստի այդ երկրներից ներդրումները Հայաստան կնվազեն` տրամաբանական առումով և իրողություններից ելնելով »:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031