Բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը դարձյալ Երեւանում է: Աշխարհահռչակ երաժշտի առաջին այցը 2001-02թթ. համերգաշրջանի ընթացքում էր՝ «Քեզ, քրիստոնյա Հայաստան» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 6-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) ընկերակցությամբ Իսերլիսը հայաստանյան ունկնդրին առաջին անգամ կներկայանա Պրոկոֆեւի Թավջութակի կոնցերտի կատարումով:
Նշենք, որ լեգենդար երաժիշտը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս ՀՊՖՆ-ի հետ:
Հայերիս համար նման բարձրարվեստ երաժշտի ցանկացած այցը սպասված է ու մեծ պատիվ, իսկ ինչո՞վ են պայմանավորված ծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկ ունեցող երաժշտի հաճախակի այցերը մեր փոքր երկիր (թավջութակահարի 5-րդ մենահամերգն է Հայաստանում), Սթիվեն Իսերլիսը պատասխանեց. «Հայ հանդիսատեսը բարի է, ժպտերես, միեւնույն ժամանակ՝ աննկարագրելի պահանջկոտ: Ինձ մշտապես ձգել են բազմադարյա մշակույթ ունեցող երկրները, ի վերջո՝ նվագախումբը, որի հետ հանդես եմ գալիս: Ընդ որում, երբեք, աշխարհի ոչ մի նվագախմբի չեմ ընդունել որպես նվագակցողի, ինձ համար նվագախումբը մենակատարի դերում է»:
Երաժշտի երկացանկը ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր:
Հաստատելով այն, որ ինքը նաեւ գրում ու թողարկում է մանկապատանեկան լսարանին ուղղված գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, Իսերլիսը ցանկություն հայտնեց, թե կուզենար դրանցից մի քանիսը թարգմանվեին նաեւ հայ պատանիների համար եւս:
Տեղեկացրեց նաեւ, որ ինքը մշտապես հանդես է գալիս երեխաների համար նախատեսված համերգաշարերին եւ թողարկել է «Երեխաների թավջութակ» CD-ն դաշնակահար Սթիվեն Հաֆի հետ:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ