Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 1 ամիս ճանապարհ են կառուցում, նախագիծ դեռ չկա

Դեկտեմբեր 05,2013 15:40

Ավելի քան մեկ ամիս Իջեւան-Բերդ ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են կատարվում:

Արդեն տեղեկացրել ենք, որ Բերդի տարածաշրջանի 15 համայնքների ղեկավարներ նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնելով, որ նոր  ճանապարհը չի ապահովում այդ հատվածում կատարվող երթեւեկի անվտանգությունն ադրբեջանական զինուժի ոտնձգություններից:

Բերդի տարածաշրջանի   համայնքների ղեկավարները նպատակահարմար են գտնում ֆինանսական միջոցներն ուղղել ապահով  ճանապարհի` Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ  ճանապարհի վերանորոգմանը:

Մենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին գրավոր  դիմելով` հարցրել էինք, թե ո՞ր շինարարական կազմակերպությունն է կատարում Վազաշեն-Պառավաքար հատվածում նոր ճանապարհի շինարարությունը, որքա՞ն է ճանապարհի երկարությունը, շինարարության նախագծային արժեքը, ճանապարհի  շինարարության համար երկրաբանական հետազոտություն կատարվե՞լ  է, ո՞ր կազմակերպությունն է ներկայումս կատարում շինարարական աշխատանքները: Տավուշի մարզպետը մեզ  պատասխանել էր, որ այդ հարցերի պատասխանները ստանալու համար  հարկ է դիմել  տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Նույն հարցերը նոյեմբերի 29-ին էլեկտրոնային փոստով հասցեագրեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Դեկտեմբերի 5-ին  այդ նախարարության  ճանապարհաշինական վարչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը . «Ի պատասխան Ձեր 29.11.2013 թվականի հարցման՝ հայտնում ենք, որ հայտնի դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ- Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ: Այժմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկությամբ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվում են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքներ, որոնք ներառում են նաեւ երկրաբանական հետազոտություններ: Ելնելով կատարվող աշխատանքների հրատապությունից՝   ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն առաջարկել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերությանը տեղում կատարել որոշ հողային աշխատանքներ»:

Նոր ճանապահի կառուցման համար ավելի քան մեկ ամիս  շինարարական աշխատանքներ են կատարվում, որը  տրանսպորտի եւ կապի նախարարությունն անվանում է  «որոշ հողային աշխատանքներ»: Նախարարությունը «Իջեւանի ՃՇՇ»-ին գրավո՞ր, թե՞  բանավոր է առաջարկել կատարել այդ գործը, նախագիծ դեռ չկա, տեղանքում երկրաբանական հետազոտություններ դեռ  չեն կատարվել, ի՞նչ են կառուցում ճանապարհաշինարարները: Նշենք, որ այդ տարածքում սողանքի օջախ գոյություն ունի: Նախկինում Վազաշենում հանրապետական նշանակության ճանապարհը սողանքից փլվել էր, եւ 2010 թվականին  պետբյուջեի միջոցներով կառուցվել է նոր, 1350 մ երկարությամբ ճանապարհ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հավանաբար ճանապարհաշինարարները ,,փողերն են լվանում,,՝հանճարեղ մարզպետի և նրա խնամու ամանորյա հոգսերը հոգալու համար:Այսքան երկար ու ձիգ տարիներ միթե որևէ մեկը չհասկացավ,որ Տավուշի մարզին անհրաժեշտ է իրավիճակին տիրապետող,ժողովրդի մասին մտածող մարզպետ:Այս մարզը տեղացիների բնորոշմամբ ,,հանրապետության ամենաանտեր մարզն է,,:Պարոնայք,մի գուցե արթնանաք?

  2. May says:

    Ճանապարհը դեռ չի կառուցվում, քանզի ստեղծված հանձնաժողովականներից մեկը ՝ Խոսրով Հարությունյանը դեռևս չգիտի Հայաստանին ճանապարհները, և իր փայլուն մտքի առկայծումով առաջարկում է նոյեմբերյանով Ճանապարհ բացել դեպի Տավուշ,,,,

  3. hovhannes says:

    3,5 կմ երկարությամբ ,,Շրջանցիկ ավտոճանապարհ,,արկածախնդրությամբ պարոն Ղուլարյանը շրջանցեց ոչ միայն մի քանի նախարարությունների և ՀՀ Կառավարությանը,
    այլև Շամշադինի շրջանի բնակչության անվտանգության հետ կապված հիմնահարցը,իսկ
    ,,Իջևանի ՃՇՇ,,ՓԲԸ–ը շինարարական աշխատանքներ է իրականացնում նախագծային
    փաստաթղթեր չունենալով և առանձ որևէ մրցույթում շահած մենաշնորհի.Կարելի է
    եզրակացնել,որ խնամիները յուրացրել են կառավարության գործառույթները.

  4. artashes says:

    Հետևելով մարզպետ Ա.Ղուլարյանի գործողություններին,թե ինչպես է նա հետևողականորեն
    անտեսում բնակչության շահերը, հիշողությանս մեջ արթնանում է վերջերս ընթերցած մի
    տող,- մեր հասարակությունը հիշեցնում է մի օրգանիզմ,որտեղ ուղեղի ֆունկցիան իր վրա
    է վերցրել չարորակ ուռուցքը.

  5. Aram says:

    Անհասկանալի է նաև կապի և տրանսպորտի նախարարության վարքագիծը: Ինչ է նշանակում կատարվում են շրջանցվող հատվածի նախագծային աշխատանքներ, որոնոնք ներառելու են նաև երկրաբանական հետազոտություններ: Այսինքն նախագիծը դեռևս պատրաստ չէ և բնականաբար նշված հատվածում դեռևս երկրաբանական հետազոտություններ չեն իրականացվել: Այդ դեպքում ինչ հրատապության մասին է խոսքը, որը հաշվի առնելով ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունն առաջարկել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերությանը տեղում կատարել որոշ հողային աշխատանքներ, երբ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն Պառավաքար հատվածը հիշյալ դեպքերից մոտ մեկ շաբաթ հետո սկսել է գործել:
    Համոզված ենք, որ կապի և տրանսպորտի նախարար պ-ն Բեգլարյանն այս ամենը հաշվի կառնի և գոնե իր կողմից ղեկավարվող կառույցի աշխատանքները կկազմակերպի ՀՀ գործող օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին համահունչ:

  6. Ijevanci says:

    Հետաքրքիր է աշխարհում ավելի անտեր տեղ կա ,թե մենակ մեր ,, ջուրը տարած,, Տավուշն է: Ավելի հետաքրքիր է այն,թե այս մի կամայական գործունեությունից չոր դուրս գալու համար Ղուլարյանը ում է անհիմն վարկաբեկել վերին ատյաններում? Եվ նրան հավատացել են!Այ քեզ ժողովրդավարություն:

  7. ԲՂԴՈ says:

    Արա էս երկրի իրական տերը Ղուլարանց Արմեննա,ինչ Բեգլարյան,ինչ Տիգրան և Սերժ Սարգսյաններ,2017թ.-ի նախագահական ընտրություններին իմ ձայնը տալու եմ իրան,իրան չի հասնում ,բայց հզորա:Ընտրվելուց հետո Ալիևին էլա քցելու ու դա խաբար էլ չի լինելու:

  8. Վահե says:

    Ըստ հայերեն օնլայն բառարանի ` ղուլ – բացատրությունը – Ծառա, Ստրուկ , ղուլ – ռուսերեն թարգմանությումբ- (բրբ.) Раб. : Ազգանունը խոսուն է,գործունեությունը `ազգանվանը համապատասխան :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031