«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում նախորդ շաբաթ իրականացված ստուգումների ժամանակ տուգանքներ են նշանակվել միայն կնիքներից որեւէ մեկի բացակայության դեպքում, այլ ոչ թե կնիքի թերի կամ լավ չերեւալու համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ ոսկու առեւտրով զբաղվողները դժգոհում են, որ անհիմն տուգանքներ են նշանակվում նախարարության շուկաների վերահսկողության աշխատակիցների կողմից՝ ոսկու զարդի վրա հարգադրոշմի լավ չերեւալու համար:
Նախարարի ներկայացմամբ` «Չկա նման բան, նման տուգանքներ չեն եղել, տուգանքներ նշանակվել են, երբ կնիքներից որեւէ մեկը բացակայել է, այսինքն չերեւացող, լավ չերեւացող կնիքների համար արձանագրություններ չկան: Եթե կան նման արձանագրություններ, թող ներկայացնեն, մենք քննարկենք»:
Հարցին, թե հնարավո՞ր չէ խնդիրը լուծել հենց հարգադրոշմող ընկերությունների հետ, քանի որ ոսկու առեւտրով զբաղվողները պնդում են, որ հարգադրոշմողներն են թերի աշխատում, նախարարն ասաց` «Հարգադրոշմ խփողները կազմակերպություններ են, որոնք պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի կարողանան դրոշմները ճիշտ խփեն, նման ստուգումներ մենք կազմակերպում ենք եւ այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում համապատասխանել պահանջներին, այսինքն` չեն կարողանում նորմալ հարգադրոշում իրականացնել, նույնպես տուգանվել են: Դա եղել է 1, 2 տարի առաջ, հիմա մենք շարունակում ենք ստուգումները, սրանք պլանավորված ստուգումներ են եւ ոչ մի արտառոց բան չի եղել»:
Պարոն Ավանեսյանի խոսքերով` դրոշմումը ընդամենը 100-300 դրամ արժե, իսկ տուգանքը ամեն կտոր ոսկու համար 50 հազար դրամ է, տուգանք է կիրառվել միայն դրոշմի բացակայության դեպքում, իսկ եթե կան պատճառաբանություններ, որ թերի դրոշմակնիքի համար է եղել տուգանքը, ապա նախարարը հորդորեց նման առեւտրականներին ներկայացնել արձանագրությունը:
Հարցին, կառավարությունը մտավախություն չունի՞, որ ոսկու շուկայում շարունակվելիք ստուգումները սոցիալական լարվածություն կառաջացնեն, պարոն Ավանեսյանն ասաց. «Օրենքները պետք է կատարվեն բացառություններ չպետք է լինեն: Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը կցանկանա գնա ոսկու շուկա եւ գնի ապրանք, որը չլինի ոսկի, կամ լինի ավելի ցածր հարգադրոշման: Պետք է հավասար պայմաններ լինեն թե ոսկի արտադրողների եւ վաճառողների, եւ թե գնորդների համար»:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին էլ, որ ոսկու առեւտրով զբաղվողները, որոնք նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել, դժգոհում են, թե 1 միլիոն դրամից ավելի տուգանքներ են նշանակել, ընդ որում, ոչ թե փաստաթղթով, այլ բանավոր ասել են` կբերեք կմուծեք, ինչպե՞ս է այս խնդիրը կարգավորելու նախարարությունը, պարոն Ավանեսյանն ասաց. «Նման բան չի կարող լինել, եթե տուգանքի մասին եք խոսում, մեր առավելագույն տուգանքը եղել է 500 հազար դրամ, դրանից ավելի տուգանք չի եղել: Հորդորում եմ` որեւէ մեկը, որեւէ բան չվճարի որեւէ մեկին: Եթե նման բան եղել է, ապա վկաներ էլ եղած կլինեն, կարելի է դա դատական կարգով մտնել դատարան եւ մեղադրել մեր աշխատակիցներին, եւ թող պատժվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ