Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է ճանաչել ԼՂ անկախությունը

Դեկտեմբեր 05,2013 14:25

Ուր է տանում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանն ու Մոլդովան

Վրաստանն ու Մոլդովան հրապարակել են ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստերը: Ինչպես հավաստիացնում էին եվրոպացի դիվանագետները, Արեւելյան գործընկերության երկրների հետ Ասոցացման համաձայնագրերը բազմաթիվ դրույթներում համընկնում են:
Ահա, Վրաստանի՝ 1000 էջից բաղկացած փաստաթուղթը կազմված է ներածականից եւ 8 գլուխներից, ինչպես նաեւ պարունակում է տեղեկատվություն եւ արձանագրություններ համաձայնագրի երեք գլուխների վերաբերյալ: Բոլոր ոլորտների վերաբերյալ սահմանված են համագործակցության սկզբունքներ՝ քաղաքական երկխոսություն, բարեփոխումներ, համագործակցություն արտաքին քաղաքականության եւ անվտանգության, արդարադատության ոլորտներում, առեւտրային եւ տնտեսական համագործակցություն, ֆինանսական աջակցություն եւ մեքենայությունների դեմ պայքար:

Տեքստի ներածական մասում նշվում է ժողովրդավարական սկզբունքների, օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության ամրապնդման գործընթացում Վրաստանին օգնելու Եվրամիության պատրաստակամության մասին: ԵՄ-ն պարտավորվում է ապահովել քաղաքական եւ տնտեսական շահ՝ Վրաստանի քաղաքացիների համար: Կողմերը պարտավորվում են հարգել ժողովրդավարական սկզբունքները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հակազդել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, նպաստել տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը, հաստատել նվիրվածությունն ազատ շուկայական տնտեսության սկզբունքներին, հարգել օրենքի գերակայությունն ու միջազգային պարտավորությունները:

Անշուշտ, մինչեւ համաձայնագրի վերջնական ստորագրումը դեռեւս բավական անելիք կա. Վրաստանը քայլ առ քայլ պետք է բոլոր ոլորտները համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին, սակայն պետք է արձանագրել, որ Վրաստանն արել է ամենակարեւոր քայլը՝ քաղաքական կամք է դրսեւորել: Իր հերթին, ԵՄ-ն պարտավորվել է քաղաքական եւ տնտեսական շահ ապահովել Վրաստանի քաղաքացիների համար, օգնել երկրին քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը։ Բայց սա դեռ ամենը չէ։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ շուտով Վրաստանի օկուպացված տարածքների բնակիչները կունենան այնպիսի անձնագրեր, որոնք նրանց հնարավորություն կտան առանց վիզայի մեկնել եվրոպական քաղաքներ, ինչը նախատեսված է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով: Հիշեցնելով վրաց-օսական սահմանին ռուսական կողմի իրականացրած լարափակոցների մասին՝ Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դա առաջին հերթին ուղղված է օսերի դեմ: Նախագահը կարծում է, որ օկուպացված տարածքների բնակիչների համար ավելի հետաքրքիր կլինի առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնելը, քան փշալարի այն կողմում մնալը. «ՌԴ-ն պարտվել է Վրաստանի տարածքային միավորներն անկախ պետություններ ճանաչելուց: Եկեք տեսնենք, թե նրանք ինչ շահ էին հետապնդում այդ պատերազմից: Թող ոչ ոք չասի, որ Ռուսաստանին չի բավականացնում տարածքը, եւ պատերազմը եղել է հանուն տարածքի: Դա այդպես չէ: Հարցին նայենք այլ կողմից. դա ժամանակակից աշխարհում ՌԴ-ի իմիջն է, ուր նա փորձում է խաղալ ժամանակակից արեւմտյան ուժեղ պետության դեր, ինչը լուրջ հարցականի տակ է դրվել: Մեկ այլ հարց է, թե ով պարտվեց այդ պատերազմում: Պարտվեցին Սուխումի ու Ցխինվալի մեր հայրենակիցները: Ինչպիսի՞ հեռանկարներ ունեն նրանք: Շուտով մենք նրանց ցույց կտանք այդ հեռանկարը: Մենք ի ցույց կդնենք ժամանակակից եվրոպական Վրաստանը, ուր Ցխինվալիի բնակիչն իր անձնագրով ու առանց որեւէ վիզայի հեշտությամբ կկարողանա մեկնել Վիեննա, Բեռլին ու Հռոմ:

Ասոցացման համաձայնագրում նաեւ դա է հաշվի առնված»: Մարգվելաշվիլին նշել է նաեւ, որ օտար երկրներ մեկնած Վրաստանի քաղաքացիներն այդպիսով հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք. «Եվ, իհարկե, երկրորդ կարեւոր կետը տնտեսական գործընթացներն են, որոնք թույլ կտան օտարերկրյա ներդրողներին բերել Վրաստան մեր` դեռեւս թույլ տնտեսության մոդեռնիզացիայի համար»:
Այսինքն՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսության բարելավմանը, Եվրոպայի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը եւ վրաց հանրության եվրաինտեգրմանը, այլեւ կարող է որոշիչ գործոն դառնալ Սուխումի ու Ցխինվալի բնակչության ընկալումների առումով:

Ի՞նչ կարող է առաջարկել այսօրվա ՌԴ-ն՝ Մաքսային միությամբ: Մի երկիր, որի բնակչությունը կենսամակարդակով զիջում է աշխարհի միջին զարգացում ապրող երկրներին, մի պետություն, որտեղ օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ գործ ունենք ամբողջատիրական երկրի հետ:

Մոլդովայի կառավարությունը նույնպես հրապարակել է Ասոցացման համաձայնագրի տեքստը: 972 էջից բաղկացած համաձայնագիրը կազմված է նախաբանից, որտեղ ներկայացված են համաձայնագրի կնքման նպատակներն ու շարժառիթները, յոթ գլխից` հիմնական սկզբունքներ, համագործակցության քաղաքականություն, անվտանգության քաղաքականություն եւ արտաքին հարաբերություններ, արդարադատության ազատություն եւ անվտանգություն, ոլորտային եւ տնտեսական համագործակցություն, առեւտուր եւ դրան առնչվող հարցեր (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր` DCFTA-ն), ֆինանսական համագործակցություն եւ իրավախախտումների դեմ պայքարի վերաբերյալ դրույթներ, ընդհանուր եւ եզրափակիչ ինստիտուցիոնալ դրույթներ, հավելվածներ, ինչպես նաեւ չորս արձանագրություններ:

Ինչի՞ց զրկվեց մեր հասարակությունը այն բանից հետո, երբ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հօդս ցնդեց… Մի՞թե Հայաստանը եվրոպական՝ 500 միլիոնանոց ազատ շուկայի կարիքը չուներ, մի՞թե Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ ազատ տնտեսական հարաբերությունները խորացնելը ԱՊՀ շրջանակներում հնարավոր չէր:

Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը փակեց այլ երկրների հետ ազատ առեւտրի մեջ մտնելու հնարավորությունները, մինչդեռ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ընդամենը Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր էր: Հիմա բացառապես ՌԴ-ի հետ ազատ առեւտրի իրավունք ունենալով՝ Հայաստանը ոչ միայն կասեցրեց այլ երկրների հետ ազատ առեւտրի հնարավորությունը, այլեւ ՄՄ-ի կազմում ՀՀ-ն կարող է ոչ նպաստավոր պայմաններում հայտնվել, եթե այս կամ այն ապրանքի սահմանված գինը, օրինակ, բխի առավելապես Ղազախստանի շահերից, քան Հայաստանի:

Բայց տնտեսական գործոնն էլ մի կողմ… Եթե ՄՄ-ին անդամակցելու ամենակուռ արդարացումն այն է, թե սեպտեմբերի 3-ով «վախեցրինք մեր թշնամիներին», ապա այս դեպքում տեղին է նկատել՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունը բավարար չէ՞ր «վախեցնելու թշնամիներին», թե՞ հիմա ՄՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանը պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031