Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես համոզված եմ, որ իմ պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում»

Դեկտեմբեր 05,2013 14:15

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը հույս է հայտնում, որ ՀՀ գլխավոր դատախազը կաջակցի գործի արդարացի լուծմանը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի բաժանմունքի քննիչ Զորի Բաբայանի կայացրած որոշումը:

Համաձայն քննիչի որոշման` վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 112 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Փաստաբանը պահանջում է կարճել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը:

Խնդրի մասին նա տեղյակ է պահել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին:

«2013 թվականի սեպտեմբերի 16-ին որովայնի շրջանում թափանցող մարմնական վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվում Կ. Ք-ն` հայտարարելով, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Դեպքից երկու ժամ անց պաշտպանյալս` Ռոբերտ Հովհաննիսյանը, մեղայականով ներկայանում է ոստիկանություն, եւ հայտնում է, որ տուժողի վնասն ինքն է պատճառել: Նա պատմել է, որ ծագած վեճի ժամանակ խլել է տուժողի ձեռքում առկա դանակն ու տուժողի դանակով հարվածել վերջինիս»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ մեղադրյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

Նա տեղեկացնում է, որ թե տուժողը, թե մեղադրյալը երթուղայինի վարորդներ են:
Դեպքի օրը ոչ ճիշտ վազանց կատարելու հետեւանքով նրանց միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Տուժողը փորձել է դանակով հարվածել իր պաշտպանյալին, վերջինս էլ նրա ձեռքից խլել է դանակն ու այդ դանակով մեկ անգամ հարվածել տուժողին:
«Այստեղ չկա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Իմ պաշտպանյալի բոլոր գործողությունները ուղղված են եղել իրեն պաշտպանելու, եւ դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում գործելու օրինակ է»,- ասում է փաստաբանը:
Նա հավելում է, որ համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` մեղադրյալի մարմնի վրա առկա են եղել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող թվով 12 վնասվածքներ, որոնցից ափի վնասվածքը, ըստ մեղադրյալի, առաջացել է տուժողից դանակը խլելու ժամանակ:

Իսկ համաձայն դատահետքաբանական փորձաքննության եզրակացության` մեղադրյալի հագուստների վրա կան բազմաթիվ վնասվածքներ, իսկ տուժողի մարմնի եւ հագուստի վրա առկա է ընդամենը մեկ մարմնական վնասվածք, մարմնի եւ հագուստի վնասվածքն իրենց տեղակայմամբ համընկնում են:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նկատում է, որ թեեւ այժմ էլ տուժողը որեւէ պահանջ չունի մեղադրյալից, այնուամենայնիվ, մի քանի ամիս տեւող նախաքննության ընթացքում բազմիցս փոխել է տված ցուցմունքները:

«Տուժողը սկզբում ասել էր, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով, հետո ցուցմունք է տվել այն մասին, որ իր ձեռքին դանակ չի եղել, մեղադրյալը եկել, դանակով իրեն խփել է: Մեղադրյալի հետ առերեսման ժամանակ տուժողը ընդունել է, որ դանակը իր ձեռքին է եղել, եւ մեղադրյալը իր ձեռքի դանակը խլել է եւ խփել է իրեն: Իհարկե, տուժողը պատճառաբանում է, որ ինքը դանակը պահել է, որպեսզի մեղադրյալը զգաստանա եւ իրեն վնաս չպատճառի, բայց ամեն դեպքում ընդունում է, որ դանակը եղել է իր ձեռքին: Դրանից հետո տուժողը ցուցմունքները մի քանի անգամ փոխել է»,- նկատում է նա:

Չնայած վերոնշյալ հանգամանքներին, ըստ փաստաբանի, առ այսօր քրեական հետապնդման մարմինը որեւէ գործողություն, որեւէ որոշում չի կայացնում, գործնական միջոցներ չի ձեռնարկում` անհրաժեշտ պաշտպանության վիճակում գործած անձին կալանքից ազատելու եւ նրա նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու համար:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031