Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է «մեռելների թաղելու այլ ճանապարհներ գտնել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2013 14:10

«Վտանգ եմ տեսնում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, ինչպես ժամանակին, կհանձնվի Թուրքիային»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուրքիաս Ավետիսյանն էլ հակադարձեց. «Ո՞վ թույլ կտա, մեկը ես՝ թույլ չեմ տա»:

Շարունակելով թեման ու հիշեցնելով պատմության դառը փորձը՝ պարոն Արշակյանը փաստեց. «1920-ին ռուսական բանակը մտավ Հայաստան և ՀՀ-ն զրկվեց ազատ կամարտահայտումից ու ինքնիշխանությունից մինչև այսօր: Թուրքական բանակի հետ համատեղ օկուպացրին Հայաստանը, և դրանից հետո Հայաստանն ազատ ինքնարտահայտում ու ինքնիշխանություն չի ունեցել: 1921-ի պայմանագրի արդյունք էր ղարաբաղյան պատերազմը: Իսկ այսօր ռուսները պարտավոր են պաշտպանել Նախիջևանի անվտանգությունը»:

ՀՀԿ-ական պատգամավորը կրկին փորձեց արդարացումներ գտնել. «Վտանգը մեր արևմտյան և արևելյան հարևաններից է գալիս, մի՞թե Դուք չգիտեք, և մենք այդ ընտրությունը արել ենք՝ ելնելով մեր անվտանգությունից»:

Անդրադարձ կատարվեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին: Սուքիաս Ավետիսյանի համար զարմանալի է, որ ոմանք հեգնանքով են խոսում, թե ինչու Պուտինն առաջինը Գյումրի գնաց: Նա ասաց. «Պիտի սովորեն, որ մեկ-մեկ էլ նման իրադարձություններ մարզերից սկսեն: Երբ խոսում ենք Հայաստանի մասին, չպետք է մոռանանք մարզերի մասին»:
Պարոն Արշակյանը նույն այցի կապակցությամբ հակառակ կարծիքը հայտնեց. «Մենք պետք է դաշնակիցներ լինենք, ոչ թե հպատակներ ու վասալներ: Իսկ Ռուսաստանը՝ որպես մրցանակ, ուզում է ունենալ վասալներ: Հիմա ռուսները որպես թիրախ ընտրել են ոչ թե ԱՄՆ-ն, կամ Չինաստանը, այլ Հայաստանը, Վրաստանն ու Էստոնիան»:

Հարցին՝ արդյոք նպատակահարմա՞ր էր, որ Պուտինի այցի պատճառով գյումրեցիներին թույլ չտային լվացք փռել, կամ «մեռելներին թաղել»: Պարոն Ավետիսյանը այստեղ զարմանալի ու դատապարտելի բան չտեսավ ու մանրամասնեց. «Ես դա նորմալ եմ գնահատում: Լվացք չփռելու հետ կապված միշտ էլ այդպես է պաշտոնական ընդունելությունների ժամանակ: Իսկ մեռելներին թաղելու այլ ճանապարհներ էլ կարելի էր գտնել»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ընդունելի՞ էր այն, որ ՀՀ նախագահը իր նստավայրում ՌԴ նախագահի հետ ռուսերեն էր խոսում՝ խախտելով ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Դա լեզվի մասին օրենքի խախտում չէ: Գոյություն ունեն միջազգային պայմանագրեր, որոնցով սահմանվում է, որ արդյունավետության տեսանկյունից կարելի է խոսել այն լեզվով, որը երկու կողմերն էլ հասկանում են: Միգուցե հարցեր կան, որ պիտի քննարկվեն առանց թարգմանիչների»:

Մինչ Սուքիաս Ավետիսյանը խոսում էր Վիլնյուսում գրանցված «առաջընթացի մասին», Ազատ Արշակյանը վրդովված նշեց. «Հայաստանը աղքատ ազգական չէ: Այն կարևոր աշխարհագրական դիրք ունի, հայ ժողովուրդը կարևոր է իր ներկայությամբ աշխարհում, և Հայաստանի համար պայքար է գնում: Իսկ վերջին քսան տարում ՀՀ-ին ուզում են համոզել, որ պետականություն ունեցող ու լիարժեք ժողովուրդ չենք: Պատճառն այն է, որ իշխանություններն ընտրված են բացասական սելեկցիայի արդյունքում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ նակոլկեքով ու կլիչկեքով մարդիկ են հայտնվել իշխանությունում: Ռուսաստանին թվում էր, թե մի քիչ էլ արտագաղթեն ՀՀ-ից, կհանձնվենք, քանի որ մեր տնտեսական հանգուցային կետերը ռուսների ձեռքերում են: Չհանձնվեցինք, գրավեցին: Հայաստանը սեպտեմբերի 3-ին վերագրավվեց, քանի որ ռուսները տեսան, որ Հայաստանը պետություն է և իրենց ձեռքից գնում է: Այս պայքարում Ռուսաստանը հաղթեց, բայց դա թանկ է նստելու նրա վրա և նա պիտի վճարի այդ հաղթանակի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մենք դեռ լավ չենք յուրացրել 1920թ. սեպտեմբեր-դեկտեմբերյան դասերը,իր քաղաքական շահերի համար հս.արջը կգնա ամեն տեսակ ոճրագործության,ոտնատակ տալով փոքր ազգերի բոլոր իրավունքները;Այնպես որ շատ եվ շատ զգույշ պետք է լինենք,եվ առաջին հերթին ներքին միասնության առումով;Երե հաջողվեց մեզ պառակտել,ինչպես նույն 1920-ին,ապա կփակվի 5-հազարամյա հայկական քաղաքակրթության վերջին էջը;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031