Հարցազրույց «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիայի մասնակից՝ պոետ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ
-Պարոն Զորիկյան, դուք Ձեր դստեր հետ մասնակցեցիք «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային, անգամ Ձեզ բերման էին ենթարկել, մինչդեռ բազմաթիվ արվեստագետներ այս օրերին իրականությունը գունազարդելու եւ իշխանություններին դիֆերամբներ ձոնելու գործին են լծված՝ կոչում, նյութական արժեքներ «կորզելու» ակնկալիքով…
– Ես իսկապես մասնակցեցի «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային: Այդ ակցիան ես կանվանեի «Հանուն Անկախ Հայաստանի», որովհետեւ իրոք մտահոգված եմ Հայաստանի անկախության վերջնական կորստի հարցով: Հայաստանի Հանրապետության առաջադեմ երիտասարդությունը դեկտեմբերի 2-ին ոտքի կանգնեց հենց հանուն Անկախ Հայաստանի եւ ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց անկախ Հայաստանի համար մարտնչողներին: Բերման ենթարկվածների քանակն աննախադեպ էր: Բացատրեք, հասկանամ, ինչո՞ւ պիտի ՀՀ ոստիկանությունը ձերբակալի Հայաստանի անկախության համար պայքարող քաղաքացիներին: Իհարկե կասեն, որ ոստիկանությունը հրաման է կատարել, համաձայն եմ` ոստիկանությունը ենթակա կառույց է, այդ դեպքում բացատրեք, թե ինչու պիտի նման հրաման իջեցվեր (թեկուզ բանավոր): Ինքս կպատասխանեմ` ՀՀ նախագահը վաղուց հրաժարական է տվել, ուղղակի դրա մասին առայժմ չի բարձրաձայնում, կասեմ ավելին, ՀՀ նախագահը ոչ միայն հրաժարական է տվել, այլեւ բացահայտ պաշտպանում է օտար պետության շահերը: Մենք՝ հայերս, այս երեւույթը դավաճանություն ենք համարում, ազգային, պետական դավաճանություն: Գիտեմ, որ ոմանք կասեն՝ իբր դա քաղաքականություն է, լիովին համաձայն եմ` իհարկե դա օտար պետության քաղաքականությունն է, մի պետության, որը ձգտում է Հայաստանը գաղութացնել, եւ ՀՀ նախագահը ջանք չի խնայում այս ծրագիրն իրականացնելու հարցում: Այս ամենի հետեւանքով մենք տարիներ շարունակ կորցրել ենք մեր տնտեսական անկախությունը, հարցը հասել է արդեն քաղաքական անկախությանը եւ այս ամենի միակ մեղավորը եղել է եւ է իշխանությունը` ՀՀ նախագահի ղեկավարությամբ: Հիմա մտավորականության մասին: Մտավորականությունը, լինելով հասարակության ամենազգայուն հատվածը, այս ամենի մասին միշտ էլ բարձրաձայնել է: Տարիներ առաջ նույն հարցն էին առաջ քաշում Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը եւ շատ ուրիշներ, մարդիկ, ովքեր հասկանում էին, որ Հայաստանը իշխանությունների ստրկամիտ կեցվածքի հետեւանքով աստիճանաբար գլորվում է գաղութացման անդունդը: Իսկ իշխանությանը կպատասխանեմ Համո Սահյանի խոսքով՝ «Եվ արժեր արդյոք, որ աշխարհ գայիր մի տուն, մի գլուխ պահելու համար»: Ամոթ է, ամոթ:
– Ձեր կարծիքով՝ «Ընդդեմ Մաքսային միության եւ ընդդեմ Պուտինի» ակցիան կարելի՞ է կայացած համարել, արդյո՞ք մարդկանց ձայնը տեղ հասավ:
– Ակցիայի կայացման լավագույն ապացույցը բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների աննախադեպ քանակն էր: Մենք մեր ձայնը տեղ հասցրինք, բայց հասավ, թե չէ, ասել է թե՝ իշխանության գլուխը մտավ, թե չէ` ես չեմ կարող ասել:
– Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդության դերը նման հուզումների ժամանակ: Ձեր դստե՞ր որոշումն էր Ձեզ հետ ակցիայի մասնակցելը:
– Ճիշտ հակառակը` իմ որոշումն էր դստերս հետ ակցիային մասնակցելը: Հարցեր կան, որ բոլորին պիտի հուզեն` մեծից փոքր: Իսկ երիտասարդությունը մեր միակ հույսն է, մեր միակ հավատը, մեր ապագան եւ նա լավ գիտակցում է իր ով լինելը: Իզուր չէր ակցիայի հիմնական ուղերձներից մեկի՝ «Մենք ենք տերը մեր Երկրի» վանկարկումը:
– Ձեր՝ ակտիվ քաղաքացի լինելու պատճառով, արդյոք, դռներ չե՞ն փակվում ձեր առաջ:
– Բաց դուռը` ծուղակ է: Նման դռնով անցնելը նշանակում է թակարդն ընկնել: Իսկ ընդհանուր առմամբ՝ դռները ոչ թե ուղղակի փակվում են, այլ կողպվում, բայց ես այս երեւույթի հանդեպ վաղուց իմունիտետ եմ ձեռք բերել ու չեմ պատրաստվում լռել: Նույնը խորհուրդ կտամ մեր երիտասարդներին եւ այն կհնչեցնեմ Պարույր Սեւակի խոսքով` «Ազնիվ եղիր ամեն ինչում, ով է կյանքում սովից մեռել, ճշտի համար աքսոր չկա, ստի հանդեպ ինչու լռել»:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նույն Ռուսաստանում ռուս գրողը, երաժիշտը, դերասանը, մարզիկը, բառի լավագույն իմաստով՝ մտավորականության էլիտան, ավելի ազատ են իրենց կարծիքների արտահայտման առումով, քան Հայաստանում: Վերցնենք ամենաթարմ օրինակը՝ ռուս գրողների նամակը ուկրաինացի գրողներին: Ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի ապագան, արդյո՞ք լավատես եք:
– Ուր էին այդ նույն ռուս մտավորականները, երբ Սումգայիթում հայերին բառիս բուն իմաստով մորթում էին: Բայց նույն ռուսն իր բնույթով բռնապետ լինելով հանդերձ՝ կարողացավ մտավորականության նոր, ազնիվ, ազատամիտ սերունդ դաստիարակել, իսկ մեր իշխանությունը բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով եղածն է մերժում, ոչնչացնում, սպանում: Ազատությունը միշտ էլ սկուտեղի վրա դրած է, վերցնողը վերցնում է, չվերցնողը ուղղակի մոտ էլ չի գնում, բայց ամեաահավորն այն է, որ կան նաեւ այնպիսիք, ովքեր մոտենում են, վերցնում, գցում գետնին ու տրորում` վերջիններս հենց մեր իշխանականներն են, իսկ Երկրի ապագայի մասին էլ կասեմ Ավետիք Իսահակյանի խոսքով` «Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի, անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի»:
Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ