Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչների միության նախագահի վեց թեկնածու կա

Դեկտեմբեր 05,2013 13:52

Խորհրդային շրջանում հիմնված ստեղծագործական միությունները, որոնք այսօր օրինական դաշտում հավասարեցված են հասարակական կազմակերպություններին, ինչքան էլ բողոքեն օրենքի անկատարությունից եւ իրենց կարգավիճակի անորոշությունից, հրավիրում են համագումարներ, պայքար է գնում աթոռի համար: Նման իրավիճակ տիրեց Գրողների, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություններում, որտեղ պայքարը ոչ թե ստեղծագործական խնդիրների համար էր, այլ հենց նախագահի պաշտոնի: Առավել հանդարտ էր մթնոլորտը Թատերական գործիչների եւ Ճարտարապետների միություններում:

Դեկտեմբերի 16-ին էլ Նկարիչների միության համագումարն է: Ըստ մեր տեղեկությունների՝ նախագահի  տեղի համար  կպայքարեն գործող նախագահ Կարեն Աղամյանը,  Արմեն Աթանյանը (լուսանկարում), Հաղթանակ Շահումյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Գագիկ Ավետիսյանն ու Ռուբեն Այվազյանը: Խոսակցություններ են պտտվում, որ քվորում չի ապահովվի, որովհետեւ անդամների մեծ մասը հիասթափված է ու պարզապես անտարբեր՝ միության գործերին, եւ միության շուրջ 1000 անդամներից 300-ն էլ ապրում ու ստեղծագործում է արտերկրում:

«Առավոտի» հետ զրույցում նկարիչ Արմեն Աթանյանը որեւէ մեկնաբանություն չարեց իր եւ գործընկերների՝ իբրեւ նախագահի հավանական թեկնածուների առիթով: Պատասխան չստացանք նաեւ ժամանակին նկարիչների հնչեցրած անհանգստությանը, թե վաճառվել է Բյուրականի  իրենց ստեղծագործական  տունը կամ միության ցուցասրահները նվիրել են ինչ-որ անհատի եւ այլն:

Մեր զրուցակիցը նշեց, որ 1998-ից մինչ 2003-ը սեփականաշնորհվել են Շորժայի նկարիչների հանգստյան տունը, միության շենքը Երեւանում, տարվա ընթացքում էլ անցկացվել են ցուցահանդեսներ եւ այլն:  «Մտահոգությունս Նկարիչների միության կառավարման մեխանիզմներն են ու քայլերը, որոնց  ուղղությամբ ոչինչ չի արվում: Իմ համոզմամբ՝ մեծագույն  խնդիրը բարենպաստ մշակութային դաշտի ստեղծումն է, զանգվածային լրատվամիջոցների միջոցով նկարիչներին ճանաչելի դարձնելն է ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտերկրում: Անհրաժեշտ է մշակել բիզնես-ծրագիր, որի եկամուտների հաշվին միությունը կօգնի անապահով նկարիչներին, օրինակ՝ կազմակերպելով մեկշաբաթյա հանգիստ Շորժայում եւ այլն»,- հայտնեց պարոն Աթանյանը: Նա հիշեց, որ ժամանակին հայաստանյան մյուս ստեղծագործական միությունների հետ պայքարել են «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի  նախագծի համար: «2003թ. ես կարդացել եմ այդ օրենքի նախագիծը, հետո գործընկերներիս, մյուս միությունների եւ Գիտությունների ակադեմիայի հետ միասին հրավիրել ենք համատեղ համագումար, որի արդյունքում առաջարկված օրենքի նախագիծը կասեցվել է:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այն լիարժեք մշակելու, ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից օրենքի իրավական մասը ներառելուց հետո միայն օրենքը կմտնի քննարկման փուլ: Բայց ստեղծագործական բոլոր միությունները ոչ մի քայլի չգնացին, փոխարենը ձեռք բերվեցին բանավոր պայմանավորվածություններ եւ ստանալով  դարձյալ բանավոր համաձայնություն, սկիզբ դրվեց ներքին կանոնադրական ու օրենսդրական խախտումներին: Մինչդեռ կատարյալ օրենքը կապահովեր մեր երկրում  արվեստագետների, այդ թվում  եւ մեր՝ նկարիչներիս կենսական խնդիրները՝ ստաժը, թոշակային ֆոնդը, առողջապահության հետ կապված ապահովագրական հարցերը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ստեղծագործական «մասին», արվեստագետը համոզված է, որ  միությունում գործող դահլիճների վարձավճարի վերանալու դեպքում (դրանք այսօր արժեն 5-10 հազար դրամ՝ օրական- Ս. Դ.) նկարիչների համար կապահովվի պատշաճ հնարավորություն:

Արմեն Աթանյանը վստահ է, որ առաջիկա համագումարը ի վերջո  կտա, իր խոսքով՝  բոլոր հարցերի լուծման ուղիները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031