Այս տարի ՀԱՕԿ-ը Հայաստանում առաջին անգամ անցկացրեց ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադա, որը մեծ ոգեւորությամբ ընդունեցին լրատվամիջոցների աշխատողները:
Մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ քսանից ավելի լրատվամիջոցների շուրջ երկու հարյուր աշխատակիցներ պայքարեցին չորս մարզաձեւերից` բոուլինգ, սեղանի թենիս, դարտս եւ սպորտային հրաձգություն: Ու դատելով մասնակիցների արձագանքներից, մարզական պայքարը նրանց սրտով է:
Այդ առիթով «Առավոտը» զրուցեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
– Պարոն Ռոստոմյան: ԶԼՄ-ների սպարտակիադա կազմակերպելու գաղափարը ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց:
– Ես տեղյակ էի, որ ձեր թերթը՝ «Առավոտը», արդեն մի քանի տարի զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների միջեւ տարբեր մարզաձեւերից մրցումներ է կազմակերպում: Գաղափարը հետաքրքիր էր: Անձամբ մի քանի անգամ ներկա եմ եղել այդ մրցումներին, պայքարից առաջ կամ հետո «ուժերս փորձել» հաջողության հասած լրագրողների հետ եւ տեսել, որ պայքարը շատ հետաքրքիր է անցնում, սպորտային ադրենալին կա:
ՀԱՕԿ-ի գործառույթների մեջ մտնում է նաեւ մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի քարոզումը եւ իրականացումը: Դուք գիտեք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մի շարք ծրագրեր է իրականացնում այս երկու կարեւորագույն ուղղությունները մեր երկրում զարգացնելու ուղղությամբ: Եվ քանի որ լրատվական դաշտն էլ մեր հասարակության կարեւոր մասնիկն է, ծնվեց այդ տարերային մարզական միջոցառումները համակարգելու, ավելի բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու գաղափարը, որն արժանացավ ԶԼՄ-ների հավանությանը:
Կարդացեք նաև
Լրագրողները, որ լուսաբանում են մեր աշխատանքը, պետք է առողջ ու առույգ լինեն, կարողանան ճիշտ լուսաբանել այս կամ այն մրցումը: Քննադատությունն էլ պետք է տեղին ու ճիշտ լինի: Իսկ երբ իրենք են մարզական պայքարի մեջ լինում, անձնական փորձով համոզվում են, որ սպորտում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:
– Սպարտակիադայի ծրագրում ընդամենը չորս մարզաձեւ կա: Դրանց ընտրությունն ինչպե՞ս է կատարվել:
– Մենք ընտրության սկզբունքներում նոր բան չենք ավելացրել: Պարզապես, տեղեկացել ենք, որ նախկինում էլ մարզաձեւերն ընտրվել են` հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մասսայականությունը, այն, որ մասնակիցներից հատուկ ֆիզպատրաստվածություն չի պահանջվում, որ դրանք մատչելի են բոլորին` անկախ սեռից ու տարիքից: Անցած տարի մեր առաջարկով առանձին փորձնական մրցում կազմակերպվեց սպորտային հրաձգությունից: Կարեւորվում էր դրա կիրառական նշանակությունը: Լրագրողները մասնագիտության բերումով հաճախ են լինում սահմանամերձ շրջաններում: Մեր համոզմամբ, ամեն մի լրագրող, հատկապես կանայք եւ աղջիկները, պետք է զգան թեկուզ մարզական զենքի ծանրությունը, կրակել իմանան: Դա անչափ կարեւոր է:
– ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադան կայացավ: Շարունակություն լինելո՞ւ է:
– ՀԱՕԿ-ը դա էլ ուզում է: Մենք տեսանք, որ բոլոր մարզաձեւերում էլ լրագրողների մեջ մեծ սպորտին բնութագրական էմոցիա կար: Հաղթողներն ուրախանում էին, պարտվողները՝ հուզվում: Բայց բոլորն էլ վերջում հասկանում էին, որ կարեւորը մասնակցելն է: Այսինքն, սպարտակիադայի հիմքում սպորտի հիմնական բաղադրիչները դրված են: Մի բան էլ անպայման ուզում եմ ընդգծել. զգացվում էր, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ մասը, ինչպես մեծ սպորտում, ամեն մի մարզաձեւին նախապատրաստվում էին:
ՀԱՕԿ-ը ցանկանում է, որ այս սպարտակիադան շարունակություն ունենա, դառնա ավանդական: Նույնիսկ չի բացառվում, որ հետագայում այլ ոլորտներ էլ ներգրավենք: Երբ մարդը ֆիզիկապես եւ հոգեպես առողջ է, չար բան չի անի:
– Իսկ հնարավո՞ր է, որ նոր մարզաձեւեր ընդգրկվեն սպարտակիադայի ծրագիր:
– ՀԱՕԿ-ը ոչ մի խնդիր չունի: Ավելին, նույնիսկ ուրախ կլինենք: Դա կախված է ձեզանից՝ լրատվամիջոցներից: Ցանկացած առաջարկ կքննարկենք: Եվ եթե առաջարկվող նոր մարզաձեւը հավասարաչափ մատչելի լինի բոլորին, հաճույքով կմտցնենք սպարտակիադայի ծրագիր: Որքան շատ լրագրողներ ու լրատվամիջոցների աշխատակիցներ մասնակցեն՝ ներգրավվելով առողջ ապրելակերպի ոլորտ, այնքան լավ: Ինչպես ասացի, դա օլիմպիական գաղափարախոսության եւ ՀԱՕԿ-ի աշխատանքների կազմակերպման հիմնաքարերից մեկն է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը միշտ էլ պատրաստակամ է եղել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում լրագրողների համար նժույգավարության դասընթացներ կազմակերպել: Ավելին, նա բազմիցս նշել է, որ երբ լրագրողները տիրապետեն նժույգավարության տարրական պահանջներին, նրանց համար ձիասպորտի մրցումներ կկազմակերպի:
ԶԼՄ-ների սպարտակիադայի ծրագրով դարտսի մրցումների ժամանակ էլ, որ անցկացվեց Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մանեժում, պարոն Հայրապետյանը վերստին հաստատեց մարզվելու համար լրագրողներին նժույգներ եւ մարզիչներ տրամադրելու իր պատրաստակամությունը: Մնում է, որ լրագրողները համախմբվեն ու կազմակերպված հաճախեն մարզումների, որից հետո այս մարզաձեւը եկող տարի կարող է ընդգրկվել սպարտակիադայի ծրագիր:
«Առավոտ» օրաթերթ